Jump to content

Պարզ նախադասություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարզ և բարդ նախադասության տեսակները

Պարզ նախադասություն ամփոփ միտք արտահայտող, մեկ ստորոգումով դրսևորվող նախադասություն։ Կառուցվածքային հիմնական տարրերն (բաղադրիչները) են գլխավոր ու երկրորդական (որոշ կառույցներում՝ գերադաս ու ստորադաս) անդամները։ Գլխավոր անդամներն են ենթական ու ստորոգյալը, երկրորդական են լրացման դերով հանդես եկող անդամները՝ որոշիչը, հատկացուցիչը, բացահայտիչը, խնդիրներն ու պարագաները։

Պարզ նախադասությունը բաժանվում է կառուցվածքային երկու հիմնական տեսակի՝ երկկազմ և միակազմ։ Երկկազմ նախադասության մեջ գործող կամ եղող առարկան ու նրան վերագրվող հատկանիշը կարող են ունենալ կամ ունեն իրենց քերականական արտահայտությունը։ Օրինակ՝ Նայելով Աթենքի սքանչելի կոթողներին, ես տեսնում էի միայն Անին (Ավ. Իսահակյան)։ Երկկազմ նախադասությունների երկու բևեռների փաստացի արտահայտությունը պարտադիր չէ. դրանցից մեկը կարող է չգործածվել կամ զեղչվել. Մեքենաբար, անգիտակցորեն մխրճվեց հոսող բազմության մեջ (Ավ. Իսահակյան)։

Միակազմ նախադասության մեջ գործող կամ եղող առարկան ու նրան վերագրվող հատկանիշը չունեն կամ չեն կարող ունենալ քերականական արտահայտություն։ Օրինակ՝ Անձրևում է։ Մթնեց։

Պարզ նախադասությունը կարող է լինել համառոտ և ընդարձակ։ Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամներից՝ ենթակայից ու ստորոգյալից։ Պարզ ընդարձակ նախադասության կազմում առկա են նաև լրացումներ՝ երկրորդական անդամներ։

Հնչերանգային կաղապարով և հաղորդման նպատակադրումով լինում են՝ պատմողական, հարցական, բացականչական, հրամայական (հորդորական) տարատեսակներ։