Ստորոգում
Արտաքին տեսք
Ստորոգում, քերականական իրողություն, որով նախադասության ենթակային դիմավոր բայի միջոցով վերագրվում է որևէ (բուն կամ առարկայական) հատկանիշ[1]։ Օրինակ՝ «Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա ծերության օրերն ու սարերն իր հոր» նախադասության մեջ զարդարել հատկանիշը դիմավոր ձևով վերագրվում է նա ենթակային։
Ստորոգումն արտահայտվում է՝
- դիմաթվային վերջավորությունների միջոցով, որոնք բայահիմքով կամ հարադիր բաղադրիչով արտահայտված հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ Միրհավի պես թռավ Սոնան։
- Էական բայերով, որոնք ենթակային վերագրում են առկայության կամ բացակայության հատկանիշ։ Օրինակ՝ Էլ չկան պատրանքները սիրուն։
- Էական բայերով՝ օժանդակ կիրառությամբ, որոնք դերբայով կամ այլ խոսքի մասով արտահայտված առարկայական կամ բուն հատկանիշը վերագրում են ենթակային։ Օրինակ՝ Լինեի չոբան սարերում հեռու։
- Վերացական բայերի միջոցով, որոնք հանդես են գալիս օժանդակ բայի գործառույթով։ Օրինակ՝ Կապույտ երկինքը նրան ծով էր թվում։
- Մի շարք բայերով՝ վերացական կամ եղանակավորող իմաստով, օրինակ՝ Ու սիրում ենք առավոտից իրիկուն Ճամփա երթալ ու հավիտյան երազել։
- «Անուն + միադիմի բայաձև» կաղապարով, օրինակ՝ Անհրաժեշտ էր այդ մասին տեղյակ պահել նրան։
Հայագիտության մեջ կա նաև այն կարծիքը, որ ստորոգումը կարող է արտահայտվել է նաև հնչերանգով, որով՝
- բայական անդեմ նախադասությունների անորոշ դերբայով արտահայտված անդամին վերագրվում է դիմային հարաբերություն։
Օրինակ՝ -Կեցցե՜ հանրապետությունը,-պոռացին ոմանք։ -Լռե՛լ,- գոռաց սպան։ -Ա՜խ, լինել թեթև՜, հրո՜տ, հրակա՜մ...
- Անվանական անդեմ նախադասության գերադաս անդամին վերագրվում է առկայություն կամ բացակայություն։
Օրինակ՝ Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր. Երկինքներ, որպես երազներ խոհուն... Ե. Շարենց
- Եղանակավորում է բառ-նախադասությամբ արտահայտված դատողական կամ զգացական իմաստը։
Օրինակ՝ - Անդո՛, կովը քեզ կուտի՞։ - Չէ՛, կսատկի։ - Գոմե՞շը։ - Չէ՛։ Ա. Բակունց
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գ. Խաչատրյան, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994, էջ 99-100։