Միակազմ նախադասություններ
Միակազմ նախադասություններ կոչվում են այն նախադասությունները, որոնց մեջ առկա է մեկ գերադաս անդամ, իսկ երկրորդը չկա և հնարավոր չէ ենթադրել կամ վերականգնել, այսինքն՝ միակազմ նախադասություններն ունեն գլխավոր անդամներից միայն մեկը՝ ստորոգյալը, իսկ դրա սպասելի ենթական չկա, հնարավոր էլ չէ վերականգնել, կամ այն ակնարկվում է անորոշ կերպով, կամ վերագրվում է հայտնի կամ անհայտ խմբի։ Միակազմ նախադասությունների մի մասն էլ գլխավոր անդամների՝ ենթակայի ու ստորոգյալի փոխարեն ունեն մեկ գերադաս անդամ, որ արտահայտված է անունով կամ բայով` դերբայով։ Ըստ այդմ էլ միակազմ նախադասությունները լինում են` դիմավոր (ընդհանրական դիմավոր, անորոշ դիմավոր) և անդեմ (բայական անդեմ և անվանական անդեմ)։
Դիմավոր միակազմ նախադասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմավոր միակազմ նախադասություներ, որոնց գերադաս անդամն արտահայտվում է դիմային սահմանափակություն չունեցող բայի որևէ դիմավոր ձևով։
Դիմավոր միակազմ նախադասությունները լինում են՝
- Անորոշ դիմավոր են կոչվում այն միակազմ նախադասությունները, որոնցում անվանված գործողությունը ենթադրաբար կարելի է վերագրել մեկ կամ մի քանի անձի։ Օրինակ՝ Ասում են` Մհերը դուրս կգա քարայրից։
- Ընդհանրական դիմավոր են կոչվում այն միակազմ նախադասությունները, որոնցում կատարվող գործողությունը երթադրաբար կարելի է վերագրել բոլորին։ Այդ նախադասությունները առավել շատ տեղ են գտնում առածներում, ասացվածքներում ու թևավոր խոսքերում։ Օրինակ՝ Ճտերն աշնանն են հաշվում։
- Ձևական դիմավոր նախադասություններ կամ միադիմի միակազմ նախադասություններ, որոնց գերադաս անդամն արտահայտվում է դիմասահմանափակ բայով կամ դիմային սահմանափակություն չունեցող բայի դիմասահմանափակ կիրառությամբ։ Ձևական դիմավոր միակազմ նախադասություների մի մասը բնության երևույթներ արտահայտող նախադասություններ են։ Օրինակ՝ Անձրևում է։ Լուսացավ։
Անդեմ միակազմ նախադասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդեմ միակազմ նախադասությունները չունեն քերականական դեմք. նրանց կազմությանը չեն մասնակցում բայի դիմավոր ձևերը, այդ թվում նաև օժանդակ բայը կամ հանգույցը։ Անդեմ նախադասությունների ձևավորման հարցում գլխավոր դերը հնչերանգինն է։ Անդեմ նախադասությունները լինում են երկու տեսակ՝ բայական ու անվանական։
- Բայական անդեմ նախադասության գլխավոր անդամն արտահայտվում է բայով։ Օրինակ՝ Լռե՛լ։ Մոռանա՜լ ամեն ինչ... Հեռանա՞լ, ու՞ր գնալ...
- Անվանական միակազմ նախադասության գերադաս անդամն արտահայտվում է անունով (գերազանցապես գոյականով)։ Օրինակ՝ (Ականջ դրեց։) Ոչ մի ձայն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 466-468։
- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 317-341։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Գյուլբուդաղյան, Միակազմ նախադասությունը ժամանակակից հայերենում, Երևան, 1967։
- Վ. Հայրապետյան, Արդի հայերեն անդեմ և անվանական նախադասությունների քերականական կառուցվածքը, Լեզվի և ոճի հարցեր, N 6, 1982։