Jump to content

Պապիրոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պապիրոլոգիա, պապիրուսի վրա գրված հին տեքստերն ուսումնասիրող գիտություն։ Պապիրոլոգիայի կողմից ուսումնասիրվող պապիրոսները ծագում են հիմնականում Եգիպտոսի տարածքից, քանի որ այդ երկրի չոր կլիման նպաստավոր միջավայր հանդիսացավ դրանց պահպանման համար։ Բացի հին եգիպտերենով գրված տեքստերից մեծ հետաքրքրություն են ներկայացնում հունարեն և լատիներեն լեզուներով գրված տեքստերը, որոնք պահպանվել են պապիրուսի վրա։

Պապիրոլոգիան՝ որպես սիստեմատիկ գիտություն, առաջացել է 1890-ական թթ., երբ Կրոկոդիլոպոլիս և Օքսիրինքոս հելլենիստական դարաշրջանի քաղաքներում պեղումներ կատարելու ժամանակ անգլիացի հնագետներ Գրենֆելն ու Հանթը հայտնաբերել են պապիրուսների պատառիկների վրա գրված հունարեն տեքստերի մեծ կույտեր։

Ներկայումս պապիրոլոգիայի առաջատար գիտական կենտրոններ են Օքսֆորդի համալսարանը, Հայդելբերգի համալսարանը, Կոլամբիայի համալսարանը, և այլն։

Պապիրուսի վրա գրված հունարեն պատառիկների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հայտնաբերել և մշակութային ու գիտական շրջանառության մեջ դնել անտիկ գեղարվեստական և պատմական բնույթի մի շարք տեքստեր, որոնք մինչ այդ կորսված են համարվել։ Այսպես, ներկա դրությամբ բացահայտվել է Մենանդրոսի մեկ ամբողջական կատակերգություն և մեծ հատվածներ նրա մի շարք այլ կատակերգություններից, Արիստոտելի «Աթենական պոլիս» երկը, աթենացի հռետոր Հիպերիդեսի ճառերը, Սաֆոյի և Կալիմաքոսի անհայտ բանաստեղծություններ և այլն։