Պապին Ղանդիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղանդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պապին Ղանդիլյան ռուս.՝ Папин Арташесович Гандилян | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1929 |
Ծննդավայր | Հացառատ, Հայաստան |
Մահացել է | մարտի 26, 2001 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1952) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան, բուսաբան և գենետիկ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Պապին Արտաշեսի Ղանդիլյան (մարտի 15, 1929, Հացառատ, Հայաստան - մարտի 26, 2001, Երևան, Հայաստան), հայ բուսաբան, գենետիկ-ընտրասերումնաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974): ՀԳԳԱ ակադեմիկոս (1994): IPGRI, ICARDA, SIMMYT-ի գծով բուսական գենետիկ ռեսուրսների ազգային համակարգող։ Էրեբունի արգելոցի գլխավոր խորհրդատու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պապին Ղանդիլյանը ծնվել է 1929 թվականի մարտի 15-ին, Հացառատ (Գավառ քաղաքի շրջագծում) գյուղում։ 1952 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Ագրոնոմիական ֆակուլտետը։ 1955 թվականին դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում. 1973 թվականից կենսաբանական գիտությունների դոկտոր, 1974 թվականից՝ պրոֆեսոր։ 1978-1992 թվականներին եղել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1981-2001 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, 1988-2000 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի բուսաբանության ամբիոնի վարիչ, 1994-2001 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ բուսաբուծության, բույսերի ընտրասերման և սերմնաբուծության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար[1][2][3]։
Պապին Ղանդիլյանը զբաղվել է բուսական գենետիկական ռեսուրսների, հատկապես վայրի հացազգիների (Triticum L., Aegilops L., Hordeum L., Secale L.) ուսումնասիրությամբ։ Աշխատանքները վերաբերում են հասկավոր հացաբույսերի ու դրանց վայրի ազգակիցների դասակարգման, գենետիկայի և ընտրասերմնաբանության խնդիրներին։ Ղանդիլյանը հայտնաբերել և նկարագրել է Հայաստանում աճող վայրի ցորենի, գարու, աշորայի, այծակնի նոր տեսակներ ու տարատեսակներ, կազմակերպել է Հայաստանում և աշխարհում մշակովի բույսերի վայրի ազգակիցների գենոֆոնդի պահպանման աշխատանքները։ Նրա հետևողական ջանքերի շնորհիվ 1981 թվականին Հայաստանում հիմնվեց վայրի ցորենների պահպանման «Էրեբունի» արգելոցը, որը միակն է աշխարհում, և որտեղ աճում են ցորենի վայրի չորս տեսակներից երեքը։ Հայաստանի տարածքի համակողմանի ուսումնասիրությունների արդյունքում Ղանդիլյանի կողմից հայտնաբերվել են էգիլոպսի մի շարք հետաքրքիր` A. crassa Boiss., A. umbellulata Zhuk., գարու H. marinum Huds., H. bulbosum f. segetale տեսակները, ինչպես նաև առաջին անգամ նկարագրվել գարու նոր տետրապլոիդ տեսակներ` H. hrasdanicum Gandil., Agropyrum semiaristatum Gandil, հասկավոր հացաբույսերի 8 խումբ (convarietas) և ավելի քան 70 նոր տարատեսակ (varietas): Նրա անմիջական ղեկավարությամբ ստեղծվել են աշնանացան գարու Արարատի-7, աշնանացան ցորենի Ոսկեհասկ, ցորենաշորայի (տրիտիկալե) Սիս-1 սորտերը։ Համահեղինակ է «Բուսաբանական բառարանի» (1975): Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսաբուծության (ՀՀ ԳԱԱ բուսաբուծության ինստիտուտի) և գյուղատնտեսության (Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) մասնագիտությունների գծով դիսերտացիաների պաշտպանության ВАК-ի մասնագիտացված խորհրդի անդամ։
- Հայկական բուսաբանական ընկերության անդամ։
- Ռուսական բուսաբանական ընկերության անդամ։
- Ն. Ի. Վավիլովի անվան ВОГиС-ի անդամ։
- Ն. Ի. Վավիլովի անվան ВОГиС-ի հայկական բաժանմունքի անդամ։
- Հայաստանի Բնության պահպանության ընկերության անդամ։
- «Հայաստանի բուսաբանական ամսագիր», «ՀԽՍՀ պետագրոարդի գյուղատնտոսական գիտությունների տեղեկագիր», «Հայաստանի բնություն», «Գիտություն և արտադրություն» ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ։
- ԽՍՀՄ գյուտարար։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսաբանության դասընթացի մեթոդական ցուցումներ և ուսումնական առաջադրանքներ։ (Ագրանոմ.. և այգեգործ. ֆակ. ուսանողների համար), Երևան, Ա. հ., 1962 (համահեղինակ)[4]։
- Հասկավոր հացաբույսեր։ (Որոշիչ), Ղանդիլյան Պապին Արտաշեսի, Երևան, Հայպետհրատ, 1963[5]։
- Բուսաբանական բառարան։ Համառոտ բուսակարգաբանություն, Երևան, «Հայաստան», 1975 (համահեղինակ)[6]։
- Определитель пшеницы, эгилопса, ржи и ячменя. (Определительные и справочные таблицы видов и разновидностей), 1980.
- Կարևորագույն բույսերի պատկերազարդ ցուցակ։ (Ծածկասերմերի դասերի, կարևորագույն ընտանիքների, ցեղերի ու տեսակների հայերեն, լատիներեն, ռուսերեն անվանումները և ծաղիկների կազմությունը արտահայտված բանաձևի տեսքով), Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Բուսաբանության ամբիոն, Երևան, Ա. հ., 1981 (համահեղինակ)[7]։
- Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան։ Երևան, Գիտություն, 1998 (համահեղինակ)։
- Հայաստանի դեղաբույսերը։ [62 տեսակ], Երևան, «Հայաստան», 1983 (համահեղինակ)[8]։
- Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան։ 1998, տիտղթ. (խմբ.՝ Պ. Ա. Ղանդիլյան)[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Ղանդիլյան Պապին Արտաշեսի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
- ↑ Բադալյան, Վիկտոր Սարիբեկի; Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՌ; Հայկական Գյուղատնտեսության ինստիտուտ հեռակա ֆակուլտետ, eds. (1962). Բուսաբանության դասընթացի մեթոդական ցուցումներ և ուսումնական առաջադրանքներ։ Ագրանոմ.. և այգեգործ. ֆակ. ուսանողների համար. Երևան: Ա. հ.
- ↑ Ղանդիլյան, Պապին Արտաշեսի (1963). Հասկավոր հացաբույսեր։ Որոշիչ. Երևան: Հայպետհրատ.
- ↑ Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Հովսեփյան, Աստղիկ Եղիշեի; Պետրոսյան, Լիդա Բագրատի (1975). Աստվածատրյան, Զավեն Աշոտի (ed.). Բուսաբանական բառարան։ Համառոտ բուսակարգաբանություն. Երևան: Հայաստան.
- ↑ Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Հովսեփյան, Ա Ե (1981). Կարևորագույն բույսերի պատկերազարդ ցուցակ։ Ծածկասերմերի դասերի, կարևորագույն ընտանիքների, ցեղերի ու տեսակների հայերեն, լատիներեն, ռուսերեն անվանումները և ծաղիկների կազմությունը արտահայտված բանաձևի տեսքով. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ. Երևան: Ա. հ.
- ↑ Թորոսյան, Արշավիր Անդրանիկի; Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Գաբրիելյան, Էմիլ Սամսոնի (1983). Ղազանչյան, Հ Հ (ed.). Հայաստանի դեղաբույսերը։ 62 տեսակ. Երևան: Հայաստան.
- ↑ Սիմոնյան, Արմեն Արշալույսի; Բատիկյան, Իդա Հրանտի (1998). Ղանդիլյան, Պապին Արտաշեսի; Հարությունյան, Ռուբեն Միքայելի (eds.). Ռուս-անգլերեն-հայերեն կենսաբանական բացատրական բառարան =: Русско-англо-армянский биологический толковый словарь= Russian-english-armenian biological explanatory dictionary. Երևան: Գիտություն.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապին Ղանդիլյան» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապին Ղանդիլյան» հոդվածին։ |
|
- Մարտի 15 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Հացառատ գյուղում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2001 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀԱԱՀ շրջանավարտներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բուսաբաններ
- Հայ գենետիկ-ընտրասերումնաբաններ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Խորհրդային մանկավարժներ
- Հայ ուսուցիչներ
- Հայ կենսաբաններ
- Խորհրդային գյուտարարներ