Ուկրաինայի նախագահի նստավայրի շենք
Ուկրաինայի նախագահի նստավայրի շենք (ուկրաիներեն՝ Будівля Офісу Президента України), շինություն, որը գտնվում է Բանկովայա փողոցի 11 հասցեում։ Կառուցվել է 1936-1939 թվականներին՝ 1870-ական թվականների շենքի հիմքի վրա։ Շենքում տեղակայված է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, որը սկզբնապես ստեղծվել է Լեոնիդ Կրավչուկի կողմից 1991 թվականի դեկտեմբերի 13-ին (հրամանագիր թիվ 6/1991), որպես Ուկրաինայի նախագահի աշխատակազմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկովայա փողոցի առաջին շենքը, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Շիլեն, կառուցվել է 19-րդ դարի 70-ական թվականներին։ Տարբեր տարիների ընթացքում այստեղ աշխատել են հայտնի զորավարներ․ մինչև 1917 թվականի հեղափոխությունը՝ Ռուսական կայսրության գեներալներ Միխայիլ Ալեքսեևը, Միխայիլ Դրագոմիրովը, Վլադիմիր Սուխոմլինովը։ 1918 թվականին այստեղ է տեղակայվել Ուկրաինայի Ժողովրդական հանրապետության բանակի գլխավոր շտաբը հետման Պավել Սկորոպադսկու կառավարման օրոք։ Շտաբի աշխատակիցների կազմում եղել են ուկրաինացի նշանավոր զինվորականներ՝ ՈՒԺՀ բանակի հրամանատար, գեներալ-խորունժ Վասիլի Տյուտյուննիկը, գեներալ-խորունժ Մարկ Բեզրուչկոն, գնդապետ Եվգենի Մեշկովսկին։
Ժամանակակից շենքը կառուցվել է 19-րդ դարի կառույցի հիմքերի վրա։ Խորհրդային տարիներին այստեղ աշխատել են Ալեքսանդր Եգորովը, Իոնա Յակիրը, Վասիլի Բլյուխերը, Գեորգի Ժուկովը, Նիկոլայ Վատուտինը։ Կիևի նացիստական օկուպացիայի ժամանակ Կիևի գլխավոր կոմիսարիատը գտնվել է Բանկովայա 11 հասցեում։ Հայրենական մեծ պատերազմից հետո Բանկովայա փողոցի շենքում է գտնվել Ուկրաինայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն։ Հենց այստեղ են գտնվել Ուկրաինայի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարներ Նիկիտա Խրուշչովի, Լեոնիդ Մելնիկովի, Ալեքսեյ Կիրիչենկոյի, Նիկոլայ Պոդգոռնիի, Պյոտր Շելեստի, Վլադիմիր Շչերբիցկու գրասենյակները։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից շենքը կառուցվել է 1936-1939 թվականներին Հայրենական մեծ պատերազմի նախօրեին՝ Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի համար։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Սերգեյ Գրիգորիևն է։ Նրա օգնականն է եղել ակադեմիկոս ճարտարապետ Բորիս Ժեժերինը, ով նաև «Կոնչա-Զասպա» պալատ-առողջարանի և Ուկրաինայի ազգային էքսպո կենտրոնի գլխավոր տաղավարի կառուցման հեղինակն է։
19-րդ դարի սիմետրիկ մասնաշենքերի պահպանված հիմքի վրա կառուցվել են նոր պատեր, և շենքը նախագծվել է որպես վերակառուցված կառույց։ Նոր շենքը ստացել է երկարավուն թևեր, իսկ համալիրի կենտրոնում զանգվածային ելուստն է՝ մեծ կորնթյան սյունակարգը ընդմիջարկված սյունաշարով։ Շինության տիրական մոնումենտալությունն ընդգծվում է ծանր անտաբլմենտով, ցոկոլի երեսպատումը փայլեցված լաբրադորաքարով և մոխրագույն սվաղով։ Վեհությունն ավելացրել են նաև չորս սրբատաշ քարե գնդիկները, որոնք կողապաշտպան են դարձել շքամուտքին։ Ճարտարապետն այնքան ճշգրիտ է հաշվարկել բոլոր մանրամասները, որ հսկայական շինությունը, չնայած նեղ փողոցում գտնվելուն, ոչ միայն չի նսեմացրել շրջակա միջավայրը, այլև հստակ տեսանելի է բոլոր կետերից՝ Ինստիտուտսկայա և Լյութերանսկայա փողոցներից, հարևան Ֆրանկոյից անվան հրապարակից և հեռավոր Միխայլովսկայա հրապարակից։
Շինությունը կառուցվել է «հանդիսավոր ստալինյան կոմունիստական-խորհրդային մոնումենտալիստական ամպիրով՝ հին հռոմեական ոճավորմամբ», որը կոչված է խորհրդանշելու կոմունիստական ռեժիմի մեծությունը, հզորությունը և հավերժությունը։ Ըստ այլ աղբյուրների[1]՝ շինության ոճը միավորում է դասական ոճի և ուկրաինական բարոկկոյի տարրեր։
Շինության ներքին բակում տեղակայված է ճաշարանը, լվացքատունը, քիմմաքրման ծառայությունը, տպարանը, Պետական գործերի կառավարչության շենքը և այլն[1]։
21-րդ դարի սկզբին շենքում կապիտալ նորոգում կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
Էքսկուրսիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն շաբաթ օր տեղի են ունենում էքսկուրսիաներ «Բանկովայայում»։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Նախագահի աշխատակազմի երկրորդ հարկը՝ «Պատրանքներով տունը» և «Լացող այրու տունը» (Լյուտերանսկայա փողոց 23)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Адміністрація Президента України. Там, де народжується історія» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 04-08-2016-ին. Վերցված է 04-06-2016-ին.
- ↑ «Екскурсії на Банковій» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 25-05-2016-ին. Վերցված է 04-06-2016-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի նախագահի նստավայրի շենք» հոդվածին։ |