Jump to content

Շարբաթ Գուլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարբաթ Գուլա
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1972(1972-03-20) (52 տարեկան)
ԾննդավայրՆանգարհար, Աֆղանստան
Քաղաքացիություն Աֆղանստան և  Աֆղանստանի թագավորություն
Կրոնսուննի իսլամ
 Sharbat Gula Վիքիպահեստում

Շարբաթ Գուլա (փաշթո شربت ګله, թարգմանաբար՝ «Ծաղկային օշարակ», մարտի 20, 1972(1972-03-20), Նանգարհար, Աֆղանստան), աֆղան կին, որը հայտնի է դարձել ֆոտոլրագրող Սթիվ ՄաքՔերիի կողմից Աֆղանական պատերազմի ժամանակ արված իր լուսանկարով։ Այդ ժամանակ տասներկուամյա Գուլան ապրում էր Պակիստանի փախստականների ճամբարում։ Լուսանկարը հայտնի է դարձել 1985 թվականի հունիսին՝ «National Geographic» ամսագրի շապիկին հայտնվելուց հետո։ Մինչև 2002 թվականը՝ Գուլայի անձի նույնականացումը, նրան անվանում էին «Աֆղան աղջիկ» (անգլ.՝ Afghan Girl

Լուսանկարը երբեմն համեմատվում է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի հետ և կոչվում է «Աֆղան Մոնա Լիզա»[1][2]։

Շարբաթ Գուլա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլան ծնվել է աֆղանական ընտանիքում։ Նրա հայրենի գյուղը 1980-ականների սկզբին գրոհվել է խորհրդային ուղղաթիռների կողմից։ Հարձակումների արդյունքում ծնողները մահացել են, իսկ ինքը քույրերի, եղբայրների և տատիկի հետ ստիպված տեղափոխվել է Պակիստանի սահմանին գտնվող Նասիր Բաղ փախստականների ճամբար[3]։ 1980-ականների վերջին ամուսնացել է հացթուխ Ռահմաթ Գուլայի հետ[1] և 1992 թվականին վերադարձել Աֆղանստան։ 2002 թվականին Գուլան ուներ երեք աղջիկ՝ Ռոբինան, Զահիդան և Ալյան, իսկ չորրորդ աղջիկը մահացել էր ծնվելուց անմիջապես հետո[4]։

1984 թվականի լուսանկար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանական պատերազմի մասին նյութեր հավաքելու նպատակով «National Geographic» ամսագրի լուսանկարիչ Սթիվ ՄաքՔերին և Դեբրա Դենկերը մեկնեցին Աֆղանստան, ապա այցելեցին փախստականների ճամբարներ, որոնցից շատերը գտնվում էին Աֆղանստանի և Պակիստանի սահմանին։ ՄաքՔերին համառորեն հակված էր ներկայացնելու աֆղան փախստականների դրությունը կնոջ տեսանկյունից։ Մի առավոտ, քայլելով Նասիր Բաղի ճամբարում, նա տեսավ մի վրան, որն օգտագործվում էր որպես տարրական դպրոց։ Մոտենալով ուսուցչուհուն՝ նա թույլտվություն խնդրեց կարճ ժամանակ մնալ վրանում և լուսանկարել 15-20 աշակերտներից մի քանիսին։ Ուսուցչուհին համաձայնվեց։ ՄաքՔերիի ուշադրությունը գրավեց աղջիկներից մեկի հայացքը, և ի պատասխան ՄաքՔերիի այն հարցին, թե ով է այդ աղջիկը, ուսուցչուհին պատմեց, որ նա իր բարեկամների հետ շուրջ երկու շաբաթ քայլելով հասել է այդտեղ այն բանից հետո, երբ իրենց գյուղը ենթարկվել է ուղղաթիռի գրոհին, և նրա ընտանիքի անդամներից շատերը մահացել են։ Ենթադրվում է, որ աղջկա համար շատ բարդ է եղել հաղթահարել այդ իրավիճակը[3]։

ՄաքՔերին նկարել է Շարբաթին (նրա անունն այդ ժամանակ չգիտեր[1]) Kodachrome-ի գունավոր ժապավենի վրա Nikon FM2 լուսանկարչական ապարատով՝ Nikkor 2,5/105 օբյեկտիվով (ֆոկուսային հեռավորությունը՝ 105մմ) և առանց լրացուցիչ լուսավորության[3]։

«Ֆոտոշարքը», որի ընթացքում ՄաքՔերին ստեղծել է այդ նկարը, տևել է ընդամենը մի քանի րոպե։ Միայն Վաշինգտոն վերադառնալուց և նկարը մշակելուց հետո ՄաքՔերին հասկացավ, թե որքան յուրահատուկ է լուսանկարը։ Ավելի ուշ՝ 2002 թվականին, նա ասել է․

Դա լուսանկարչի աշխատանքի այն անհավատալի, վառ պահերից էր, երբ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես պետք է[1]։

Լուսանկարը հրատարակելուց առաջ մշակվել է Ջորջիա նահանգի Մարիետա քաղաքի գեղարվեստական գործակալության կողմից։ Սթիվ ՄաքՔերին եզակի հնարավորություն է ունեցել լուսանկարել աֆղան աղջկա դեմքը, որը սովորաբար փակ է լինում փարաջայով։

«National Geographic»-ի խմբագիրը չի ցանկացել օգտագործել աղջկա լուսանկարը՝ այն համարելով շատ «ծանր», բայց ի վերջո զիջել է և տեղադրել ամսագրի շապիկին[3]՝ «Աֆղան աղջիկը» անվամբ։ Լուսանկարը, որում պատկերված է աչքերի յուրահատուկ գույն ունեցող աղջիկ, որն ուղիղ նայում է օբյեկտիվին, դարձել է աֆղանական կոնֆլիկտի և ամբողջ աշխարհի փախստականների խնդիրների խորհրդանիշ։ Լուսանկարը ճանաչվել է որպես ամսագրի գոյության ընթացքում ամենաճանաչվածը[5]։ Այն բացմիցս մեջբերվել և մեկնաբանվել է[6]։ «USA Today» ամսագիրը նույնպես լուսանկարը ճանաչել է որպես «National Geographic» ամսագրի պատմության մեջ ամենահայտնի լուսանկարը։ 2002 թվականին՝ ամսագրի այդ համարի թողարկումից 17 տարի անց, երբ Գուլան գտնվել էր, ՄաքՔերին ասել է․

Վերջին 17 տարվա ընթացքում չի եղել մի օր, որ ես չստանամ որևէ նամակ, էլեկտրոնային նամակ կամ հեռախոսազանգ՝ կապված այդ աղջկա հետ։ Ոմանք ցանկանում էին նրան գումար ուղարկել, ուրիշները՝ որդեգրել։ Նամակներ էին գրում նաև տղամարդիկ, ովքեր ցանկանում էին գտնել նրան և ամուսնանալ[1]։

Լուսանկարը «Մոնա Լիզա»-յի հետ է համեմատել, մասնավորապես, Դեյվիդ Շոնաուերը՝ 2002 թվականին «American Photo» ամսագրի գլխավոր խմբագիրը․

Ինչի՞ մասին է մտածում այդ աղջիկը։ Արդյոք նա զգում է սարսափ, չարություն, շփոթմունք, գուցե նրան անհանգստացնում են ներքին հակասությունները, կամ նա այդպես ցույց է տալիս իր գեղեցկությունը։ Նայելով լուսանկարին՝ կարելի է ամեն անգամ հայտնաբերել ինչ-որ նոր բան։ Հիշողության մեջ պահպանվելու համար լուսանկարը, ինչպես նաև նկարը, պետք է պարունակի այդպիսի երկդիմիություն[1]։

2002 թվականի դրությամբ ՄաքՔերին ազատ լուսանկարիչ էր, և այդ նկարի հեղինակային իրավունքը պատկանում էր նրան[1]։

Աֆղան աղջկա որոնումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջկա ինքնությունը մնացել է անհայտ ավելի քան 17 տարի։ Այդ ամբողջ ժամանակահատվածում Աֆղանստանը փակ է եղել Արևմտյան աշխարհի համար, մինչև որ 2001 թվականին Թալիբանի կառավարությունը տապալվեց ԱՄՆ-ի զորքերի և նրանց աջակցող տեղի բնակիչների կողմից։ 1990-ական թվականներին լրագրողը աղջկա անունն իմանալու մի քանի անհաջող փորձեր է արել։

2002 թվականի հունվարին «National Geographic»-ի խումբը Սթիվ ՄաքՔերիի գլխավորությամբ[1] մեկնել է Աֆղանստան՝ գտնելու լուսանկարում պատկերված աղջկան։ Իմանալով, որ ճամբարը որոշ ժամանակ անց դադարելու է գոյություն ունենալ՝ ՄաքՔերին հարցում է ուղարկել, որին արձագանքել է Գուլայի եղբոր հետ ծանոթ մի մարդ։ Մինչ այդ շատ կանայք էին ներկայացել իբրև «աֆղան աղջիկ», իսկ 1985 թվականի հրատարակումից հետո շատ երիտասարդներ իրենց կնոջն էին ներկայացրել Գուլայի փոխարեն[3]։

«National Geographic»-ի թիմը Աֆղանստանի մի հեռավոր վայրում գտավ Գուլային, երբ նա արդեն 30 տարեկան էր (նա ինքը հստակ չգիտեր, թե քանի տարեկան է[1]): Նա վերադարձել էր հայրենիք 1992 թվականին։ ՄաքՔերին անմիջապես ճանաչեց նրան[1], իսկ հետագայում նրա ինքնությունը հաստատվեց կենսաչափության միջոցով, որը ցույց տվեց կնոջ աչքի ծիածանաթաղանթի լիակատար համընկնում նկարի հետ[7]։ Գուլայի համար դժվար չէր հիշել այդ պատկերը․ ամբողջ կյանքի ընթացքում նրան լուսանկարել էին երեք անգամ։ Իր հայտնի լուսանկարը նա տեսավ 2003 թվականի հունվարին, և չգիտեր, որ լուսանկարն այդպիսի ճանաչում և բուռն արձագանք է ստացել[1]։

Գուլային գտել են Ջելելաբադ (Աֆղանստան) և Փեշավար (Պակիստան) քաղաքների միջև գտնվող մի գավառում, որի կոնկրետ տեղը Գուլայի և նրա ամուսնու խնդրանքով չի հրապարակվել[1]։

Նրա մասնակցությամբ լուսանկարներ են արվել «National Geographic» ամսագրի 2002 թվականի ապրիլյան թողարկման համար, ընդ որում, Գուլան, որը խստությամբ հետևում էր կանոններին, ամուսնուց թույլտվություն է խնդրել նորից լուսանկարվելու նպատակով փարաջան հանելու համար[1]։ Նա նաև նկարահանվել է «Աֆղան աղջկա որոնումները» վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվել է 2002 թվականի մարտին։ Որոնումների ժամանակ[8] «National Geographic»-ը ստեղծել է «Աֆղան աղջիկների հիմնադրամ» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր օգնել աղջիկներին կրթություն ստանալ[9]։ 2008 թվականին որոշվեց անվանափոխել հիմնադրամը և դարձնել «Աֆղան երեխաների հիմնադրամ»՝ ուղղված Աֆղանստանի բոլոր կարիքավոր երեխաներին օգնելուն[10]։

Հեռացում Պակիստանից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի վերջին Գուլան ձերբակալվեց Պակիստանի ոստիկանության կողմից` անձը հաստատող փաստաթուղթը կեղծելու կասկածանքով։ Դատարանի որոշմամբ նա հետ ուղարկվեց Աֆղանստան, որի կառավարությունը խոստացել էր հոգ տանել նրա ընտանիքի անդամների բնակարանային պայմանների, կրթության և առողջության մասին[11]։

Արտացոլում մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիննական «Nightwish» մետալ խումբը 2015 թվականի «Endless Forms Most Beautiful» ալբոմում գործիքային ստեղծագործություն է նվիրել Գուլային՝ «The Eyes of Sharbat Gula» վերնագրով։

2017 թվականին «New England Review» ամսագրում հրատարակվել է ամերիկացի բանաստեղծ Ժերտրուդ Շնակենբերգի «Afghan Girl» բանաստեղծությունը, որի վրա հեղինակն աշխատել է «օր ու գիշեր՝ սկսած 2012 թվականի հոկտեմբերից»[12]։

«Kilimanjaro Darkjazz Ensemble» խմբի «Here be dragons» ալբոմում ընդգրկված է «Sharbat Gula» անվամբ ստեղծագործություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Gregg Zoroya (13 марта 2002). «'National Geographic' tracks down Afghan girl» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2-ին.
  2. Blogs: [1], [2] Արխիվացված 2012-01-19 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lucas, Dean. «Afghan Eyes Girl». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 30-ին.
  4. Newman, Cathy (2002 թ․ ապրիլի 7). «A Life Revealed». National Geographic Society. Վերցված է 2002 թ․ մարտի 31-ին.
  5. «National Geographic: Afghan Girl, A Life Revealed». washingtonpost.com. The Washington Post Company. 2001 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  6. World Press Photo: лучшие фотографии 2010 года
  7. Daugman, John. «How the Afghan Girl was Identified by Her Iris Patterns». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
  8. Braun, David (2003 թ․ մարտի 7). «How They Found National Geographic's 'Afghan Girl'». National Geographic Society. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 31-ին.
  9. «Afghan Girls to Benefit From NG-Sponsored Education Fund». National Geographic Society. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Global Impacts of National Geographic Magazine Articles» (PDF). National Geographic Society. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. ««Девочку» с обложки National Geographic депортировали в Афганистан». РБК. 2016 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. «"Afghan Girl" – Work in Progress» (ամերիկյան անգլերեն). fsgworkinprogress.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]