Ստեղծագործության առաջին ուսուցիչը եղել է մորեղբայրը՝ Ա․ Սպենդիարյանը, որը և օգնել է նրան նոտագրելու իր առաջին երկերը (սոնատինա, պրելյուդներ, 2 քայլերգ և այլն)։ 1923-1928 թվականներին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Ա․ Ալեքսանդրովի դասարան), ուսման տարիներին գրել 2 լարային կվարտետ, փողային գործիքների և դաշնամուրի կվինտետ, ջութակի կոնցերտ, «Պիոներիա» սյուիտ՝ շեփորի և դաշնամուրի համար, «Հայաստան» սյուիտ՝ ձայնի և դաշնամուրի համար։ Եղել է Մոսկվայի կոնսերվատորիայում ստեղծված «Արտադրական կոլեկտիվի» («Պրոկոլլ») կազմակերպիչներից, մասնակցել ՌԱՊՄ-ին։ 1937-1938 թվականներին եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Մոսկվայի կազմակերպության վարչության նախագահ։ Մշակել է ռուսական, հայկական, ուզբեկական, տաջկական, մոլդավական ու բաշկիրական, ժողովրդական երգեր[3]։ Գրել է «Տաջիկական սյուիտ» (1932 թ.), «Ուզբեկական սյուիտ» (1938 թ.), «Ռուսական նախերգանք» (1936 թ.), «Կարլուգաս» («Ծիծեռնակ») բաշկիրական օպերա (1941 թ., բեմադրվել է 1942 թ.) և այլն։ Լավագույն գործերից է «Պարային սյուիտ»-ը սիմֆոնիկ նվագախմբի համար (1940 թ.), հիմնված հայկական ժողավրդական երաժշտության տարրերի օգտագործման վրա։ Նշանակալից են երրորդ կվարտետը (1943 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), «Հայաստան» սիմֆոնիա-պոեմը (1944 թ., հրատարակվել է 1961 թ.), Հայկական երգերը՝ ձայնի և լարային կվարտետի համար (1945 թ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 713)։