Ներդաշնակություն (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ներդաշնակություն (այլ կիրառումներ)
Բյուրեղապակու համադրությունը մարդուն

Ներդաշնակություն, փիլիսոփայական-գեղագիտական կատեգորիա, որը նշանակում է մասին ամբողջի, ներքինի և արտաքինի, ձևի ու բովանդակության համաչափություն և միասնություն։ Այն պատմության մեջ ստացել է գեղագիտական, տիեզերաբանական, սոցիալ-բարոյագիտական և իմացաբանական մեկնաբանություններ։

Հին ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյութագորաս
Պլատոն

Հին հունական Փիլիսոփաները ներդաշնակությունը գլխավորապես դիտել են իբրև Կոսմոսի կարգավորվածություն և կազմակերպվածություն։

  • Պյութագորասականների համար ներդաշնակությունը վերջավորի և անվերջի համադրությունն է․ նրանք առաջ են քաշել Կոսմոսի երաժշտական ներդաշնակության ուսմունքը, ըստ որի, երկնակամարների պտույտն արձակում է մարդկային լսողոոթյանն անհասանելի ձայների համակցություն։
  • Պլատոնը զարգացրել է պյութագորասականների ուսմունքը, դրան տալով սոցիալ-բարոյագիտական երանգ։
  • Արիստոտելը «ներդաշնակություն» կատեգորիան օգտագործել է իրականության բոլոր բնագավառների, հատկապես երաժշտության նկատմամբ, ընդգծել նրա դաստիարակչական դերը, այն կապել միմեսիսի հետ։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարի մտածողները (Էրիուգենա, Թովմա Աքվինացի և այլն) ներդաշնակությունը բխեցրել են երաժշտական տեսություններից և անտիկ ըմբռնման մեջ մուծել աստվածային հիերարխիայի գաղափարը։

Վերածննդի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերածննդի դարաշրջանում այն դիտվել է որպես գեղեցիկի էական հատկանիշ և աղբյուր (Ալբերտի, Լեոնարդո դա Վինչի, Ջ․ Ցարլինո, Ալբրեխտ Դյուրեր

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակում Ռենե Դեկարտը ձևակերպել է բազմազանության մեջ միասնության սկզբունքը, Յոհան Կեպլերը՝ մոլորակների ներդաշնակ շարժման տեսությունը, Գոթֆրիդ Լայբնիցը՝ նախասահմանված ներդաշնակության ուսմունքը։

Լուսավորության գաղափարախոսները ընդգծել են ներդաշնակության բարոյական-դաստիարակչական նշանակությունը (Ա․ Շաֆտսբերի)։ Ներդաշնակությունը կլասիցիզմի գեղագիտության հիմնական կատեգորիաներից է (Ցոհան Իոհան Վինկելման, Ցոհան Վոլֆգանգ Գյոթե, Ցո․ Ֆրիդրիխ ՇիլլերԻմանուիլ Կանտը այն ըմբռնել է որպես բանականության և զգայականության համաձայնեցվածություն, Գ․ Հեգելը՝ որպես արվեստի նյութի արտաքին որոշակիություն։

Ներդաշնակության գաղափարը XIX դարում ուտոպիական սոցիալիստները կապել են ապագա հասարակարգի հետ (Շ․ Ֆորիեի «ներդաշնակության հասարակարգը»)։ Այս կատեգորիայի օգտագործումը բնորոշ է նաև արդի բուրժուական փիլիսոփայությանը։ Մարքսիստական գեղագիտությունում այն հակադրությունների միասնության և իրականության զարգացման օրինաչափությունների արտացոլումն է արվեստում։

Ներդաշնակությունը հայ փիլիսոփաների ընկալմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Անհաղթ

«Ներդաշնակություն» կատեգորիային անդրադարձել են նաև հայ փիլիսոփայության մեջ։

  • Ըստ Եզնիկ Կողբացու, այն չորս տարրերի (հողի, օդի, ջրի և կրակի) միասնությունն է։
  • Դավիթ Քերականը ներդաշնակությանը տվել է գեղագիտական ուղղվածություն, երաժշտությունը պահանջում է բարեհնչունություն, որը զարգացրել են հետագա դարերի շատ տեսաբաններ։
  • Դավիթ Անհաղթի կարծիքով դա մասերի և ամբողջի համաչափությունն ու միասնությունն է, ներքինի և արտաքինի համապատասխանությունը։
  • Անանիա Շիրակացին զարգացրել է դրա տիեզերաբանական կողմը, պաշտպանելով երկնակամարների բարեկարգ շարժման գաղափարը։
  • Հովհաննես Սարկավագը այն ըմբռնել է որպես հակադրությունների միասնություն, որն ընկած է կեցության, իմացության և գեղարվեստական գործունեության հիմքում։
  • Գրիգոր Տաթևացին այն կապել է գեղեցիկի հետ։

Ներդաշնակությունը XVIII-XIX դարերի հայկական կլասիցիզմի գեղագիտության կարևորագույն կատեգորիաներից էր (Խաչատուր Էրզրումցի, Մխիթար Մեբաստացի, Ս․ Ագոնց, Գևորգ Հյուրմյուզյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 244