Միմեսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլատոնի կիսանդրին
Դեմոկրիտի կիանդրին

Միմեսիս ( հուն․ μίμηόιζ) գեղագիտության մեջ. ուսմունք, որը գեղարվեստական ստեղծագործությունը և մարդկային իմացությունը համարում է իրականության նմանեցում և վերարտադրում։ Միմեսիսի գաղափարը առաջ են քաշել պյութագորասականները՝ երաժշտական ներդաշնակությունը համարելով «երկնակամարների ներդաշնակության» արտացոլում։ Ըստ միմեսիսի մատերիալիստական ուսմունքի հիմնադիր Դեմոկրիտի, արհեստի և արվեստի զանազան տեսակներ մարդիկ սովորել էն՝ ընդօրինակելով կենդանիներին։ Միմեսիսին իդեալիստական մեկնաբանություն է տվել Պլատոնը։ Ի տարբերություն մարդկային արվեստի, որը նմանակում է անցողիկ և նյութական աշխարհը, Պլատոնը իսկական արվեստի նպատակ է ճանաչել գաղափարների բացարձակ գեղեցկության նմանակումը։ Արիստոտելը զարգացրել է միմեսիսի մատերիալիստական ուսմունքը, ըստ որի արվեստը իրականության, հատկապես մարդկային գործողությունների, վերարտադրությունն է։ Նրա կարծիքով նմանողության ունակությունը հատուկ է մարդուն ի ծնե։ Միմեսիսի տեսությանը հետևել են Լուկրեցիոսը, Պլուտարքոսը, Պլոտինը, Թովմա Աքվինացին, Լ․ Ալբերտին, Լեոնարդո դա Վինչին և այլն։ Միմեսիսի գաղափարը մեծ տեղ է գրավում կլասիցիզմի գեղագիտության մեջ։ Միմեսիսն ունեցել է իր հակառակորդները ի դեմս Պատրիցիի, Ի․ Կանտի, Գ․ Հեգելի, Ֆ․ Շելինգի և այլն։ Հայ գեղագիտության մեշ միմեսիսի գաղափարն արտահայտել են Դավիթ Քերականը, Անանուն Մեկնիչը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթը, Ստեփանոս Սյունեցին և ուրիշները։ Միմեսիսի ամբողջական ուսմունք է մշակել Հովհաննես Սարկավագ Իմաստասերը, ըստ որի, բնությունը արվեստի միակ հիմքն է և արվեստագետի ուսուցիչը, սակայն բնությանը պետք չէ կուրորեն ընդօրինակել, այլ ստեղծագործաբար վերարտադրել։ Նրա հայացքներում միաձուլվում են անտիկ շրջանից սկիզբ առնող միմեսիսի երկու ըմբռնում, բնության վերարտադրումը որպես գեղարվեստական ստեղծագործության ընթացքի անհրաժեշտ բաղադրամաս (Հերակլիտ, Սոկրատես, Արիստոտել) և վերարտադրումը որպես արվեստի հիմք և աղբյուր (Դեմոկրիտ, Լուկրեցիոս)։ Նոր ժամանակում միմեսիսին անդրադարձել են Ստեփանոս Լեհացին, Խաչատուր Էրզրումցին և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 551 CC-BY-SA-icon-80x15.png