Սիմինն ուզում է հեռանալ Իրանից ամուսնու՝ Նադերի և դստեր՝ Թերմեի հետ։ Նադերը, սակայն, երկմտանքի մեջ է։ Ալցհայմերի հիվանդությունից տառապող հորը մենակ թողնելու միտքը հանգիստ չի տալիս նրան։ Դրա համար էլ որոշում է հետաձգել համատեղ ուղևորությունը։ Նադերի որոշմանն ի պատասխան Սիմինը վճռում է ապահարզան պահանջել դատարանում։ Երբ Սիմինի հայցը մերժվում է, նա հրաժարվում է ապրել Նադերի հետ՝ տեղափոխվելով ծնողների տուն։ Թերմեն որոշում է մնալ հոր հետ՝ հուսալով, որ մայրը շուտով կվերադառնա։ Նադերը դժվարությամբ է հաշտվում նոր իրադրության հետ։ Նա հորը խնամելու համար Ռազիե անունով մի երիտասարդ կին է վարձում։ Այս կինը հղի է և աշխատանքի է անցել առանց ամուսնու գիտության։ Մի օր Նադերը տուն է գալիս ու տեսնում, որ հորը ոչ միայն մենակ են թողել, այլև՝ սեղանին կապել։ Երբ Ռազիեն վերադառնում է, մեծ աղմուկ է բարձրանում, որի ողբերգական հետևանքներն ավերում են ոչ միայն Նադերի կյանքը, այլև դստեր պատկերացումները հոր մասին։