Jump to content

Յան Գիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Գիզ
հոլ.՝ Jan Augustus Gies
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1905(1905-08-18)[1][2]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էհունվարի 26, 1993(1993-01-26)[2] (87 տարեկան)
Մահվան վայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
ԱմուսինՄիպ Գիզ
Պարգևներ և
մրցանակներ
 Jan Gies Վիքիպահեստում

Յան Ավգուստ Գիզ (հոլ.՝ Jan Augustus Gies, օգոստոսի 18, 1905(1905-08-18)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 26, 1993(1993-01-26)[2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդական դիմադրության շարժման անդամ, որը կնոջ՝ Միպ Գիզի հետ միասին օգնել է թաքնվել Աննա Ֆրանկին, Մարգո Ֆրանկին, նրանց ծնողներին Օտտո և Էդիթ Ֆրանկներին, վան Պելս ընտանիքին և Ֆրից Պֆեֆֆերին, որոնք թաքնվել էին Հոլանդիայում հաստատված ֆաշիստական ռեժիմի հետապնդումներից։

Աննայի օրագրի գրական տարբերակում Յան Գիզը հանդես է գալիս «Հենք վան Սանտեն» կեղծանվամբ (հոլ.՝ Henk van Santen), սակայն տպագրական տարբերակում նա պահպանել է իր իրական անուն-ազգանունը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզը ծնվել և մեծացել է Ամստերդամի հարավային մասում[3]։ 1933 թվականին նա հանդիպել է իր ապագա կնոջը՝ ավստրիացի Միպ Գիզին, երբ աշխատում էր տեքստիլ ընկերությունում որպես հաշվապահ։ Այդտեղ Միպն աշխատում էր որպես կառավարչի օգնական։ Ավելի ուշ, նրանք երկուսն էլ հեռացվել են աշխատանքից և Յանն աշխատանքի է անցել Ամստերդամի սոցիալական ծառայությունում, իսկ Միպը՝ Օտտո Ֆրանկին պատկանող «Օպեկտա» ընկերությունում։ Տարբեր տեղերում աշխատելու ժամանակ, նրանք շարունակել են կապ պաշտպանել։ Միպը և Յանը ամուսնացել են 1941 թվականի հուլիսի 16-ին Ամստերդամում, այն բանից հետո, երբ Միպին գերմանական հյուպատոսությունը սպառնում էր արտաքսել Վիեննա (նա մինչ ամուսնությունը շարունակում էր մնալ Ավստրիայի քաղաքացի)։ Որպես արտաքսման պատճառ նշվում էր, որ ժամանակին Միպ Գիզը հրաժարվել է անդամակցել Աղջիկների միությանը։ Վերջինս, երիտասարդական կազմակերպություն էր, որը գործում էր Հիտլերյուգենդի կազմում[4]։ Նրանց հարսանիքին ներկա են եղել Օտտո և Աննա Ֆրանկները, Հերման վան Պելսը և նրա կինը՝ Ավգուստա վան Պելսը, գործընկերներ Վիկտոր Կուգլերը, Բեպ Վոսկիյլը և Յոհանես Քլեյմանը, ովքեր հետագայում նույնպես օգնել են Ֆրանկների ընտանիքին։ Ամուսնանալով Յանի հետ՝ Միպը ավտոմատաբար ստացել է հոլանդական քաղաքացիություն, որից հետո արտաքսման վտանգը վերացել է։

1943 թվականի սկզբին Յանը միացել է հոլանդական դիմադրության շարժմանը։ Երբ Ամստերդամի հրեական բնակչության նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացան, նա իրեն նվիրեց հրեաների և ազգային մյուս փոքրամասնություններին օգնելուն։ Դիմադրության շարժման մարտիկների հետ միասին, անլեգալների համար հայթայթել է մթերային քարտեր, օգնել նրանց գտնելու ապաստարաններ և մատակարարել բրիտանական թերթեր, որոնք ազատ էին նացիոնալ-սոցիալիստական պրոպագանդայից։ Քանի որ Գիզը սոցիալական աշխատող էր, նա կարող էր ազատորեն շրջել քաղաքով, առանց կասկած հարուցելու[5]։

Գիզը օգնել է կահավորել «ապաստարանը», որը գտնվում է մերձափնյա Պրինսենգրախտ փողոցում։ Այստեղ 1942-1944 թվականներին թաքնվել են Աննա Ֆրանկն ընտանիքով և այլ հրեաներ։ Երկու տարվա ընթացքում Յանն ամեն օր ընդմիջման ժամերին այցելել է նրանց։ Նա անլեգալների հետ կիսվում էր նորություններով, բերում մթերքներ և սև շուկայից գնված ծխախոտներ։ Բացի այդ, նա բերում էր նաև գրքեր՝ իր ընկերոջ անձնական գրադարանից[6]։ Մի անգամ Յանը և Միպը նույնիսկ գիշերել են ապաստարանում[7]։

«Օպեկտայում» բացի Ֆրից Պֆեֆֆերին, Ֆրանկների և վան Պելս ընտանիքներին թաքցնելուց՝ 1943 թվականի գարնանը Միպ և Յան Գիզերը իրենց տանը թաքցրել են մի ուսանողի, ով հրաժարվել էր հավատարմության երդում տալ նացիստական ռեժիմին[4]։ 1944 թվականի օգոստոսին «ապաստարանը» բացահայտվել է, այնտեղ թաքնված բոլոր հրեաները ձերբակալվել են և տեղափոխվել Երրորդ Ռայխի համակենտրոնացման ճամբարներ։ Սակայն Միպ Գիզին հաջողվեց փրկել Աննա Ֆրանկի օրագիրը, մինչև այն կկողոպտվեր հոլանդական գաղտնի ոստիկանության կողմից[8]։

Յան (կենտրոնում) և Միպ Գիզերը, 1989 թվական

Ութ մարդկանցից, ում Յանը և Միպն օգնել են թաքնվել, կենդանի է մնացել միայն Օտտո Ֆրանկը։ 1945 թվականի հունիսին Ամստերդամ վերադարձից հետո՝ Օտտոն հյուրընկալել է Գիզ ամուսինների մոտ և մոտ 7 տարի բնակվել նրանց հետ։ Այնուհետ տեղափոխվել է Շվեյցարիա, որ մոտ լինի մորը։

1947 թվականին Աննա Ֆրանկի օրագրի տպագրումից և, հատկապես, օրագրի անգլերեն թարգմանությունից ու մեծ էկրանի համար նախատեսված ադապտացիայից հետո, ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձրել Յանի և Միպւ վրա։ Նրանք այցելել են մեմորիալ արարողությունների և դասախոսություններ կարդացել Աննա Ֆրանկի և հակաֆաշիստական գործունեության վերաբերյալ[8][9]։ 1972 թվականի մարտի 8-ին Յադ Վաշեմը Յանին և Միպին հռչակել է աշխարհի արդարակյացներ[6]։

1993 թվականին, 87 տարեկան հասակում, Յան Գիզը մահացել է իր տանը։ Նրա կինը՝ Միպը մահացել է 2010 թվականին՝ 100 տարեկան հասակում։ Նրանք ունեն որդի՝ Պաուլ Գիզը, ով ծնվել է 1950 թվականին և երեք թոռնիկներ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://archief.amsterdam/inventarissen/inventaris/5009.nl.html#A15590000007
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 The Righteous Among the Nations Database
  3. «Jan Gies». Официальный сайт Дома-музея Анны Франк.
  4. 4,0 4,1 «Jan Gies biography». Официальный сайт Мип Гиз.
  5. Melissa Müller (1998). Anne Frank: The Biography. Henry Holt and Company. էջ 216. ISBN 0805059962.
  6. 6,0 6,1 «"Our Helpers" in the Secret Annex: Hermine (Miep) & Jan Augustus Gies». Официальный сайт Яд ва-Шем.
  7. Анна Франк (2015). «Вторник, 20 октября 1942 года». Убежище. Дневник в письмах. 12 июня 1942 – 1 августа 1944. Текст. ISBN 978-5-7516-1134-7.
  8. 8,0 8,1 «Miep Gies, the Last of Those Who Hid Anne Frank, Dies at 100». The New York Times. 2010.
  9. 9,0 9,1 «Jan Gies Dies at 87; Helped Anne Frank Hide in Amsterdam». The New York Times. 1993.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Анна Франк Убежище. Дневник в письмах. 12 июня 1942 – 1 августа 1944. — Текст, 2015. — 347 с. — ISBN 978-5-7516-1134-7
  • Melissa Müller Anne Frank: The Biography. — Henry Holt and Company, 1998. — 330 с. — ISBN 0805059962
  • Miep Gies Anne Frank Remembered. — Simon and Schuster, 2011. — 256 с. — ISBN 1439127476

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Գիզ» հոդվածին։