Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր (անգլ.՝ Treaty on the Prohibition of Nuclear Weapons, TPNW), միջազգային համաձայնագիր, որն արգելում Է միջուկային զենքի մշակումը, փորձարկումը, պահպանումը, ձեռքբերումը, փոխադրումը և օգտագործումը։ Պայմանագիրն ընդունվել է 2017 թվականի հուլիսի 7-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում[1]։ Պայմանագիրն օրինական ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կվավերացնեն 50 պետություններ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նոր պայմանագրի ընդունումը՝ նշելով, որ այդ փաստաթուղթը վերջին 20 տարվա ընթացքում առաջին իրավաբանորեն պարտադիր գործիքն է միջուկային զինաթափման հարցերի շուրջ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշանակվել է նոր պայմանագրի դեպոզիտ։

Կոնցեպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը, նրա կողմնակիցների խոսքով, պետք է «միանշանակ քաղաքական պարտավորություն» դառնա[2]։ Սակայն, ի տարբերություն միջուկային զենքի վերաբերյալ համապարփակ կոնվենցիայի, պայմանագիրը պարունակում է ոչ բոլոր իրավական և տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են սպառնալիքի վերացման համար։ Նման դրույթները կլինեն հետագա բանակցությունների առարկա, որոնք թույլ կտան նախնական համաձայնագիր կնքել առանց միջուկային զենք ունեցող պետությունների մասնակցության[3]։

Արգելքի մասին պայմանագրի կողմնակիցները հայտարարել են, որ դա կօգնի «ստիգմատիզացնել» միջուկային զենքը և կատալիզատոր կհանդիսանա այն վերացնելու համար[4]։ Աշխարհի երկրների շուրջ երկու երրորդը պարտավորվել է միասին աշխատել միջուկային զենքը կարգավորող միջազգային ռեժիմով իրավական անհամապատասխանությունները վերացնելու համար[5], և նրանք միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը դիտարկում են որպես այդ նպատակին հասնելու տարբերակներից մեկը[6]։

Միջուկային զենքը, ի տարբերություն քիմիական և կենսաբանական զենքի, հակահետևակային ականների և կասետային զինամթերքի, դեռևս չի արգելվել համապարփակ և ունիվերսալ ձևով[7]։ 1968 թվականի չտարածման մասին պայմանագիրը պարունակում է միայն մասնակի արգելքներ, իսկ միջուկային փորձարկումներն արգելելու մասին պայմանագրերն արգելում են միջուկային զենքը միայն աշխարհագրական որոշ շրջաններում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի Աշխատանքային խումբը Ժնևում 2016 թվականի մայիսին քննարկում է միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի գաղափարը

Առաջին անգամ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի վերաբերյալ առաջարկություններն ի հայտ են եկել 2010 թվականին ամփոփիչ խորհրդաժողովից հետո, որտեղ հինգ պաշտոնապես ճանաչված միջուկային տերությունները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, մերժել են միջուկային զենքի մասին համապարփակ կոնվենցիայի շուրջ բանակցություններ սկսելու կոչերը։

2013 և 2014 թվականներին «միջուկային զենքի կիրառման հումանիտար հետևանքների» վերաբերյալ երեք խոշոր միջկառավարական խորհրդաժողովները Նորվեգիայում, Մեքսիկայում և Ավստրիայում ամրապնդել են միջուկային զենքը օրենքից դուրս հայտարարելու միջազգային վճռականությունը[8][9]։

2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ստեղծել է աշխատանքային խումբ՝ «կոնկրետ և արդյունավետ իրավական միջոցների, օրենսդրական դրույթների և նորմերի» մանդատով՝ առանց միջուկային զենքի ազատ խաղաղության հասնելու և պահպանելու համար[10]։ 2016 թվականի օգոստոսին ՄԱԿ-ը զեկույց է ընդունել, որում խորհուրդ է տվել 2017 թվականին բանակցություններ վարել «միջուկային զենքի արգելման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի շուրջ, որը հանգեցնում է դրա լիակատար վերացման»[11]։

2017 թվականի հուլիսի 7-ի քվեարկությունը ՄԱԿ-ում
     Կողմ      Դեմ      Ձեռնպահ      Չեն մասնակցել

2016 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեն ընդունել է այդ հանձնարարականը՝ ընդունելով մի բանաձև, որը 2017 թվականին միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատ է սահմանում (123 պետություն բանաձևի ընդունման քվեարկությանը կողմ է քվեարկել, 38-ը՝ դեմ, 16-ը՝ ձեռնպահ)[12]։ 2016 թվականի դեկտեմբերի 23-ի երկրորդ քվեարկության ժամանակ 113-ը կողմ է քվեարկել, 35-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ[13]։ Քվեարկության արդյունքների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել պայմանագրի բանակցային մանդատով[14] և որոշել է հրավիրել ՄԱԿ-ի խորհրդաժողով՝ պայմանագրի դրույթները համաձայնեցնելու համար։ Բանակցությունների առաջին փուլը կայացել է Նյու Յորքում մարտի 27-ից 31-ը, երկրորդը՝ 2017 թվականի հունիսի 15-ից հուլիսի 7-ը[15]։ Առաջին խորհրդաժողովին մասնակցել է 132, երկրորդին՝ 124 երկիր ՄԱԿ-ի անդամ 193 պետություններից[16]։

Ընդհանուր առմամբ անցկացվել է 20 լիագումար նիստ։ Դրանցից վերջինին՝ հուլիսի 7-ին, միջուկային զենքի արգելման մասին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի տեքստը քվեարկության է դրվել։ Նրան աջակցել է 122 պետություն, Նիդեռլանդները դեմ է քվեարկել և Սինգապուրը ձեռնպահ է մնացել։ Շատ պետություններ ընդհանրապես չեն մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին (այդ թվում՝ «Միջուկային ակումբի» բոլոր 9 երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Պակիստանը, ԿԺԴՀ-ն և Իսրայելը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Антониу Гутерриш объявил об открытии к подписанию Договора о запрещении ядерного оружия». 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  2. Рабочий документ 34. Рабочая группа ООН по ядерному разоружению, Женева, 11 мая 2016 года.
  3. «Запрет ядерного оружия без участия стран, обладающих им» (PDF). Октябрь 2013. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  4. Reaching Critical Will and Article 36, «A treaty banning nuclear weapons» (Май 2014)
  5. Гуманитарный залог Արխիվացված 2020-02-15 Wayback Machine. Рабочая группа Австрии, 9 декабря 2014 года.
  6. Рабочий документ 36. Рабочая группа ООН по ядерному разоружению, Женева, 4 мая 2016 года.
  7. Filling the legal gap: the prohibition of nuclear weapons. ICAN (Апрель 2015)
  8. Достижение критической воли, «Гуманитарное воздействие ядерного оружия» Международная лига женщин за мир и свободу, n.d. retrieved 10 Июля 2017
  9. Tim Wright, «Nayarit — a point of no return» Արխիվացված 2016-08-01 Wayback Machine ICAN Апрель 2014, 20 страниц
  10. Резолюция генеральной ассамблеи ООН 70/33 Արխիվացված 2017-07-11 Wayback Machine, adopted 7 Декабря 2015
  11. «Majority of UN members declare intention to negotiate ban on nuclear weapons in 2017», ICAN media release, 19 Августа 2016
  12. ICAN Результат голосования Արխիվացված 2019-11-30 Wayback Machine в ООН по резолюции L.41, adopted 27 Октября 2016
  13. Позиции, на голосовании в ООН 23 Декабря 2016, ICAN
  14. «Генеральная Ассамблея ООН одобрила историческую резолюцию». ICAN (անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. Taking forward multilateral nuclear disarmament negotiations : pDF. — 2016. — 14 October. — Дата обращения: 14.07.2017.
  16. «United Nations Conference to Negotiate a Legally Binding Instrument to Prohibit Nuclear Weapons, Leading Towards their Total Elimination». ООН (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.