Jump to content

Մանկական ուղեղային կաթված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական ուղեղային կաթված
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՊերինատալ ասֆիքսիա, ուղեղախտություն և Թթվածնաքաղց
Հիվանդության ախտանշաններտիկ, toe walking?, Սպազմ, muscle rigidity? և խոսքային խանգարում
Բուժաքննությունֆիզիկալ զննում, անամնեզ, ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն և գենետիկ թեստ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն[1] և մանկաբուժություն
Բուժումtenotomy?[2]
 Cerebral palsy Վիքիպահեստում

Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։ Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։ ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել.

  • ապագա մոր քրոնիկ տարբեր հիվանդությունները
  • մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները
  • ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները)
  • մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության
  • ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ։

Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։

ՄՈՒԿ-ի հիմնական դրսևորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՈՒԿ-ով երեխաների մոտ նկատվում է շարժողական բոլոր ֆունկցիաների ձևավորման խանգարում։ Նրանց մոտ ուշ է ձևավորվում գլուխը պահելու, նստելու, կանգնելու, քայլելու կարողությունը։ Շարժողական խանգարումները բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեֆիզիոլոգիական ֆունկցիաների ձևավորման վրա։ Չեն ձևավորվում շարժման մասին ճիշտ պատկերացումները, մեծ դժվարությամբ են զարգանում տարածական պատկերացումները։ Շարժողական խանգարումների պատճառով տուժում է երեխայի ինքնասպասարկման հմտությունը, որի հետևանքով էլ այս երեխաները կյանքի առաջին տարիներից սկսած գրեթե լիովին կախվածության մեջ են լինում իրենց շրջապատող մեծերից։ Անկախ շարժողական խանգարման աստիճանից այս երեխաների մոտ կարող են նկատվել հուզակամային ոլորտի, վարքի խանգարումներ, դիտվում են ինտելեկտի իջեցում, տեսողության խանգարումներ (ավելի հաճախ՝ շլություն), լսողության թուլացում։ Նպատակաուղղված գործունեության ընթացքում նրանք արագ են հոգնում կամ դառնում են գրգռված, մեծ դժվարությամբ են կենտրոնանում տրված առաջադրանքի շուրջ։ Որոշ երեխաների մոտ հոգնելու արդյունքում առաջ է գալիս շարժողական անհանգստություն, ավելանում են ժեստիկուլյացիոն, հարկադիր շարժումները, առաջանում է առատ թքարտադրություն։ Այս երեխաների մեծ մասը գերզգայուն է, խռովկան, հիվանդագին է արձագանքում ձայնի տոնին, դիտողություններին։ Նրանց մոտ առաջանում են վախեր, սակամամիզություն, փսխում և այլ խանգարումներ։ Շատ հաճախ երեխայի հանդեպ գերխնամքը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ չի ձևավորվում ինքնուրույն գործելու և խոսքային հաղորդակցման պահանջմունք, բացի այդ երեխան դառնում է անվստահ, պասիվ։ ՄՈՒԿ-ի ժամանակ դրսևորվող խոսքի խանգարումների բնույթն ու արտահայտման աստիճանն առաջին հերթին կախված են ուղեղի ախտահարման ծանրությունից և տեղայնացումից։ ՄՈՒԿ-ի ժամանակ խոսքի զարգացման շեղումները պայմանավորված են նաև երեխայի առարկայապրակտիկ գործունեության անբավարարությամբ և սոցիալական շփումների սահմանափակմամբ։

ՄՈՒԿ-ով երեխաների խոսքի առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՈՒԿ-ի ժամանակ դիտվում է որոշակի փոխադարձ կապ շարժողական և խոսքի խանգարումների միջև։ Կախված այն բանից, թե գլխուղեղի որ հատվածն է ախտահարված, ՄՈՒԿ-ով երեխաների մոտ կարող են դիտվել խոսքի հետևյալ խանգարումները.

ՄՈՒԿ-ի ժամանակ առկա են նաև ձայնի, շնչառության, խոսքի տեմպի և ռիթմի, նրա արտահայտչականության խանգարումներ։ Արտասանական առավել ծանր խանգարումներ դիտվում են հատկապես այն երեխաների մոտ, ում վերին վերջույթները նկատելիորեն ախտահարված են, այսինքն ուղղակի կապ կա խոսքի զարգացման և մատների շարժունակության միջև. ձեռքի մատների շարժումները խթանում են գլխուղեղում համապատասխան հատվածի զարգացումը՝ դրանով իսկ արագացնելով երեխայի խոսքի զարգացումը։

ՄՈՒԿ-ով երեխան ոչ միայն դժվարությամբ ու սահմանափակ ծավալով է կատարում շարժումները, այլ նաև շատ թույլ է զգում իր վերջույթների և արտաբերական օրգանների դիրքն ու շարժումները։ Այս ամենը բերում է նրան, որ երեխան դժվարանում է կատարել նպատակաուղղված գործողություն և ուժեղանում է հնչարտաբերման խանգարումը։ ՄՈՒԿ-ի ժամանակ արտաբերական ապարատի շարժունակության խանգարումը ոչ միայն աղավաղում է երեխայի խոսքի արտասանական կողմը, այլ նաև հաճախ բերում է հնչութային ընկալման (խոսքի ընկալման) խանգարման։ Վերջինիս հետևանքով էլ այս երեխաները զգալի դժվարություններ են ունենում բառը հնչունային վերլուծության ենթարկելիս, մասնավորապես այն հնչյունների դեպքում, որոնք սխալ են արտասանվում իրենց կոցմից։ ՄՈՒԿ-ով երեխաների համար բնութագրական է բառերի կառուցվածքի, խոսքի քերականական կողմի յուրացման դժվարությունները։

Չնայած այս ամենին, հիվանդության ազդեցությունը երեխայի վրա կարելի է թուլացնել՝ կախված այն բանից, թե որքանով է վնասված ուղեղը, և որքան վաղ են սկսել օգնել երեխային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bednařík J., Ambler Z., Růžička E. Klinická neurologie: část speciálníISBN 978-80-7387-389-9
  2. Terjesen T., Lie G. D., Hyldmo Å. A., Knaus A. Adductor tenotomy in spastic cerebral palsy // Acta OrthopaedicaTaylor & Francis, 2005. — Vol. 76, Iss. 1. — P. 128—137. — ISSN 1745-3674; 0001-6470; 1745-3682doi:10.1080/00016470510030454PMID:15788321

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական ուղեղային կաթված» հոդվածին։