Խոսքի խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոսքի խանգարում, խոսողության լիակատար կամ մասնակի խանգարում, շեղում կամ խախտում նորմայից՝ կապված խոսքային կենտրոնների գործունեության խախտման հետ, ինչպես և արտասանական ապարատի այս կամ այն օրգանի վթարի, դեֆեկտի հետ։ Բնորոշ խախտումներից է անխոսությունը։ Այսպես Վերնիկեի կենտրոնի գործունեության խանգարման հետ, գոյանում է զգայական աֆազիա, այսինքն՝ խոսքային խլություն, երբ անձը կորցնում է իր և ուրիշի խոսքի բովանդակությունը ըմբռնելու ունակությունը։

Խոսքի խանգարման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրա հետ նվազում է տառերը տեսնելու և ճանաչելու կարողությունը։ Գրելու ունակության լրիվ խաթարումը կամ դրա կորուստը կոչվում է ագրաֆիա կամ գրելազրկություն, իսկ կարդալու ունակության կորուստը, որ ուղեկցվում է գրելազրկությամբ, կոչվում է կարդալազրկություն։ Բրոկայի կենտրոնի խաթարվելու դեպքում առաջանում է շարժողական աֆազիա։ Մարդն ըմբռնում է լսածի բովանդակությունը, բայց չի կարողանում խոսել, բառերը արտաբերել, ճիչ է արձակում և անխոս երգում։ Բառերը հիշելու կարողության անկումը և առհասարակ խոսքային հիշողության կորուստը կոչվում է ամնեզիա։ Լինում է նաև անկապ խոսողություն, երբ առկա է տառերի, վանկերի կամ բառերի անբաժանահնչյուն կամ խառնահնչյուն արտասանություն, մինչդեռ խոսելու պերֆերիկ ապարատները (բերանի կամ կոկորդի ներվերը) վնասված չեն լինում։ Սա կոչվում է անարթրիա Իսկ այն երևույթը, երբ ծայրամասային մկանների կամ ներվերի հետ կապված խոսողը դժվարանում կամ չի կարողանում արտասանել առանձին վանկեր, հնչյուններ, բառեր, կոչվում է դիզարբրիա։ Ժամանակավոր կամ մշտական անխոսություն կարող է գոյանալ անձայնության հետ կապված, երբ խախտվում է ձայնալարերի կամ արտասանական խոռոչի որոշ օրգանների գործունեությունը։

Խոսքի խանգարման մասնավոր դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքի խանգարման մասնավոր երևույթներ են թոթովախոսություն, թլիկություն, թլվատություն, դիզարթրային թլվատություն, բառարտաբերական աղավաղումներ, սակավախոսություն և արագախոսություն, անխոսության դրսևորումներ, կակազություն,, ռնգախոսություն, խուլուհամրություն [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984