Մամեստիայի ճակատամարտ
Թվական | 1152 թվական |
---|---|
Վայր | Մամեստիա, Կիլիկիա |
Արդյունք | Հայկական զորքերի փայլուն հաղթանակ |
Հակառակորդներ | |
Կիլիկիա | Բյուզանդիա |
Հրամանատարներ | |
Թորոս Բ Մլեհ Ստեփան | Մանուել I Անդրոնիկոս I |
Կողմերի ուժեր | |
7.500 | 12.000 |
Ռազմական կորուստներ | |
քիչ | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Մամեստիայի ճակատամարտ - տեղի է ունեցել 1152 թվականին Մամեստիա քաղաքի մոտ Անդրոնիկոս Ա Կոմնենոսի ղեկավարած Բյուզանդական կայսրության և Թորոս Բ-ի ղեկավարած Կիլիկյան Հայաստանի զորքերի միջև։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1137 թվականին Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվում» է։ 1140-ականներին Թորոսին հաջողվում է փախչել գերությունից։ 1145 թ. վերադառնալով հայրենիք իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Բյուզանդիայի կայսր՝ Մանուիլ I Կոմնենոսը չհանդուրժելով հայերի դիրքերի ամրապնդումը զորավար Անդրոնիկոս Ա Կոմնենոսի հրամանատարությամբ Կիլիկիա է ուղարկում 12-հազարանոց բանակ։
Ընթացքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրոնիկոսին խոստումներով, ահաբեկումներով հաջողվում է իր կողմը քաշել Արևմտյան Կիլիկիայի անջատամետ որոշ հայ իշխանների՝ Պապեռոնի տեր Սմբատ Հեթումյանին, Լամբրոնի տեր Օշին Հեթումյանին (Ներսես Լամբրոնացու հայրը), Բարձրբերդի տեր Վասիլ Նաթանայելյանին և Պռականի տեր Վասիլին։ Զորավարը պաշարում է Մամեստիան և մերժելով Մեծ իշխան Թորոս Բ-ի հաշտության առաջարկը՝ Անդրոնիկոսը հայտարարում է, որ խորտակելու է հայկական իշխանությունը, իսկ Թորոսին իր հոր՝ Լևոն Ա-ի նման, շղթայակապ տանելու է Կոստանդնուպոլիս։ Ըստ բյուզանդական պատմիչ Նիկիտաս Քոնիատի և հայ պատմիչ Գրիգոր Երեցի, հայկական զորաբանակը, Թորոս Բ-ի, նրա եղբայրներ Ստեփանի ու Մլեհի հրամանատարությամբ, անձրևային մի գիշեր դուրս գալով պաշարված քաղաքից, պարտության է մատնում թշնամուն[1]։ Լքելով իր բանակը՝ Անդրոնիկոսը ապաստանում է Անտիոքի դքսի մոտ։ Նիկիտաս Քոնիաթը վկայում է, որ հայ զորականները բյուզանդացիներին գերազանցում էին թե՝ իրենց քաջությամբ, թե՝ հմուտ մարտավարությամբ։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերված բյուզանդական հրամանատարներին ու զինվորներին ազատելու համար կայսրությունը վճարում է մեծ փրկագին, որը, ի զարմանս բյուզանդացիների, Թորոս Բ-ն բաժանում է հայ զինվորներին[2]։ Բյուզանդացիների կողմն անցած հայ իշխաններից Սմբատ Հեթումյանը զոհվում է մարտում, մնացածներն անձնատուր եղան Թորոս Բ-ին։ Մամեստիայի ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունեցավ Կիլիկյան Հայաստանի անկախությունը պահպանելու գործում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ Runciman, Steven. A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
- Runciman, Steven: A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187; Cambridge University Press, 1988, Cambridge; ISBN 0-521-06162-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 192)։ |