Հրանտ Դինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Դինք (այլ կիրառումներ)
Հրանտ Դինք
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1954(1954-09-15)[1]
ԾննդավայրՄալաթիա, Թուրքիա
Մահացել էհունվարի 19, 2007(2007-01-19)[2][3] (52 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԲալըքլի հայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՊեզճյան մայր վարժարան
Մասնագիտությունսյունակագիր, ֆուտբոլիստ, լրագրող, իրավապաշտպան, գրող, հրապարակախոս, խմբագիր և հրատարակիչ
ԱշխատավայրԱկոս
ԱմուսինՌաքել Դինք
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱրաթ Դինք
 Hrant Dink Վիքիպահեստում

Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք [hǝ'ɹant dʰiŋkʰ], թուրքերեն՝ Hrant Dink, սեպտեմբերի 15, 1954(1954-09-15)[1], Մալաթիա, Թուրքիա - հունվարի 19, 2007(2007-01-19)[2][3], Ստամբուլ, Թուրքիա), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվական) և փիլիսոփայության (1987 թվական) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թվականին Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ունի երեք զավակ։

Հայկական հարց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է, մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ[4]։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։

Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին, ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։
- [5]

Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը[6]։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.

Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից։
- [6]

Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ–թուրքական երկխոսությանը, նա հավատում էր, որ այս խոչընդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, Milliyet թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի[7]։

Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդի ու թուրքահայերի համար[6]։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքի ցույցի պաստառներ

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից[8]։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա[9]։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը[10][11]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք բոլորս Հրանտ ենք, Մենք բոլորս հայ ենք»

2007 թվականի հունիսին Հրանտ Դինքին շնորհվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ[12]։ Ըստ Հայաստանի նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։

Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել։

Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, դուստրը՝ Դելաուա Դինքը և եղբայրը՝ Երվանդ Դինքը։

Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով հայտարարել է.

Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և՛ պատվավոր, և՛ տխուր է ընտանիքի համար։ Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ։ Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են։


Հրանդ Դինքի թաղման սգո թափորը։
Հրանդ Դինքի թաղման սգո թափորը։


Մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դինքի հուշարձանը իր անվան պուրակում, Մերսին

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ Հայաստանի նախագահի և այլ մրցանակների։

2007 թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն։

Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։

2018 թվականին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով[13]

Դինքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղաւնիները համոզեցին, ըսին որ իրենց վրայ
չեն կրակեր. Հրանդ հաւատաց։ Թէպէտ երկչոտ՝
հաւատաց թէ աղաւնի մըն է։
Բայց կրակեցին։
Նախատեսած էր, մէկ քանի տարի առաջ ըսած էր ինծի.
«Իմ մահը պիտի ըլլայ ոտքի վրայ՝ կանգնած, ոչ թէ պառկած՝
անկողինի մէջ»։

Թող պառկի լոյսերու մէջ։
Եթէ մեզի հարցնէք, ան միշտ յաղթական պիտի կանգնի՝
անաղարտ արձանի մը պէս։

- «Հրանդ Տինքին», Զահրատ
«Ընդհանրապես չեմ հիշում՝ Հրանտի հետ երբ եմ ծանոթացել, կարծես նա միշտ կար։ Շատ ժողովների ժամանակ եմ հետևել նրան։ Միշտ նկատել եմ աչքերի խոնավությունը, նա էլ միշտ իմ զգացմունքայնությունն է նկատել։ Զայրույթս է նկատել։ Երբեմն ինձ ասում էր. «Հանդարտվի՜ր»։ Հրանտին հետևելիս տեսնում էի, թե ինչպես էր նա միշտ ներքուստ արտասվում։ Անհավատալի մարդ էր։ Այսքան անդրադառնալ ապրածներին… Ինչ համբերություն ուներ, դիմացկունություն… Ինչպես է դիմացել։ Զարմանալի մարդ էր։ Այնքան խորն էր մտածում, այնքան էր հարցի մեջ և այնքան ճիշտ տեղում էր գտնվում, որ … Ոչ այս ամենի վրա հիմնված ազգայնականություն ունեցավ, ոչ էլ դիմացինի հանդեպ թշնամություն։ Դրա համար պետք է Հրանտին հասկանալ, ինչ էր ուզում…»։
- Ֆեթհիյե Չեթին և Այշեգյուլ Ալթընայ, «Թոռները»
Նախկինում էլ էի կարդում նրան, բայց ասում էի «Սա ինձ չի վերաբերվում, որովհետև ես մաքուր հայ չեմ»։ Հրանտ Դինքի մահը ստիպեց ինձ ամոթ զգալ, որովհետև նա ինձ նմաններին մոբիլիզացնել ցանկացող մարդն էր։ Ես միշտ խուսափել եմ հայկական համայնքից որովհետև հայերեն չգիտեմ… Փոքր ժամանակ անունս լսելից հարցնում էին «Թուրք չե՞ս»։ Միշտ ինձ վատ էի զգում ու կրկնում այն ինչ մայրս էր ինձ սովորեցրել՝ «Ես հայ ծագումով թուրք եմ»։
Հրանտ Դինքը ստիպեց աշխարհին ավելի բաց հայացքով նայել։ Հրանտ Դինքից առաջ ես պարզապես հայկական ծագում ունեի, իսկ հիմա ես հայ եմ… Սկսել եմ հայերեն սովորել։ Երբեք հայ տղայի հետ չեմ հանդիպել, Հրանտ Դինքից հետո Սերհատի հետ ծանոթացա, նա խոսում էր Դինքի մասին և այդ ամենը սկսվեց հայ լինելու հարցի շուրջ։ Հրանտ Դինքը շատ կարևոր է հորս և մորս համար։ Նրանք շատ են փոխվել։ Նրանց շատ էր զարմացրել «Բոլորս հայ ենք՚ կարգախոսը, նրանք դա համեմատում էին իրենց անցյալի հետ և մտածում «Մի՞թե սա հնարավոր է։ Առաջին անգամ խոստովանեցին, «Մենք փոխել ենք մեր ազգանունը, որ դու որևէ խնդիր չունենաս՚… Հիմա երբ խոսում ենք հորս աչքերը արցունքով են լսվում և նա նույնիսկ ասում է «Կարծում ես պետք է վերականգնե՞մ իմ ազգանունը…
- «Խոսելով միմյանց հետ», Լեյլա Նեյզի

Հրանտն իր մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։
Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի…
Երկրորդը՝ հայ եմ։
Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասնիկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։
Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։
Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն։

- Հրանտ Դինք. «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան», 2009 թ. (հետմահու)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսանյութեր

Նորություներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #132576562 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/6279241.stm
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Թուրքիայում Հայ խմբագրի սպանություն». BBC. 2007 թ․ հունվարի 19. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  5. Hrant Dink (2006). Screamers (trailer of documentary). {{cite AV media}}: External link in |title= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 Oran, Baskın (2006 թ․ դեկտեմբերի 17). «The Reconstruction of Armenian Identity in Turkey and the Weekly Agos (Interview with Hrant Dink)». Nouvelles d'Armenie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.
  7. Sazak, Derya (2006 թ․ հոկտեմբերի 10). «Hrant'ın tepkisi». Milliyet (Turkish). Վերցված է 2007 թ․ հունվարի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. ««Turkish-Armenian writer shot dead»» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 19.01.2007-ին.
  9. Benjamin Harvey. Police: 2 confess in journalist killing. — The Associated Press, 22.01.2007
  10. Turkey arrests two ex-generals for alleged coup plot(անգլ.)
  11. Deep state plot' grips Turkey BBC News(անգլ.)
  12. GRAPHICS, ZOOM. «"HAYASTAN" ALL ARMENIAN FUND | www.himnadram.org| Rural and Infrastructure Development Projects in Armenia and Artsakh. Charity. Donate». www.himnadram.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  13. «Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի փողոցներից մեկն անվանակոչել է Հրանտ Դինքի անունով». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Դինք» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Դինք» հոդվածին։