Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։
Լազարյանը 1780-ական թվականներին Հովսեփ Արղությանի հետ ծավալուն բանակցություններ էր վարում ռւսական գործիչների հետ Հայաստանը ազատագրելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 470)։