Jump to content

Հարություն Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մնացականյան
Ծնվել է1906
Բագարան, Կարսի մարզ
Մահացել է1977
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան և հնագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի Պատմության Թանգարան
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1933), ԱրմՖԱՆ (1941) և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ (1947)
Պարգևներ
«Կարմիր աստղ» շքանշան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Հարություն Հովակիմի Մնացականյան (իսկական անուն-ազգանունը՝ Մարութ Մնեյան, 1906, Բագարան, Կարսի մարզ - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հնագետ, պատմաբան, Լճաշենի հնագիտական արշավախմբի ղեկավար, Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի վարիչ (1949-1974)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մնացականյանը ծնվել է 1906 թվականին, Կարսի մարզի Բագարան գյուղում, երկրագործ Հովակիմ Մնեյանի ընտանիքում[1]։ Իսկական անուն-ազգանունը Մարութ Մնեյան է։ Սովորել է ծննդավայրի եկեղեցուն կից ծխական դպրոցում։ 1918 թվականին թուրքական զորքը ավերել է Բագարանը, սպանել նրա բնակիչներին, այդ թվում նաև Մնեյանների ընտանիքի անդամներին։ 12-ամյա Մարութը, որն ականատես է եղել իր ծնողների և երկու ավագ եղբայրների սպանությանը, կարողացել է փրկվել։ 1918-1923 թվականներին Մարութը հայտնվել է Երևանի, ապա Էջմիածնի որբանոցներում, որտեղ էլ ստացել է միջնակարգ կրթություն։ Մանկատանն անվանափոխվել է` դառնալով Հարություն Մնացականյան[2]։

1923-1928 թվականներին ապրել է Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում (այժմ` Գեղակերտ), կատարել կրթական և կուսակցական աշխատանքներ, միաժամանակ բանվորություն արել Երևանի փայտամշակման ֆաբրիկայում։ 1930 թվականին ընդունվել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետ, որն ավարտել է 1933 թվականին՝ ստանալով պատմաբան-մանկավարժի որակավորում[2]։

Հնագիտական աշխատանքներով Մնացականյանը տարվել է ուսանողական տարիներից։ 1930 թվականին մասնակցել է Լոռու տարածաշրջանի Ձորագետ և Ղաչաղան (այժմ՝ Արևածագ) գյուղերի հնագիտական պեղումներին։ 1938-1941 թվականներին ուսումը շարունակում է Երևանի Արմֆանի ասպիրանտուրայում, միաժամանակ աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանում։ Աշակերտել է պատմական գիտությունների դոկտոր, բաժնի վարիչ, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանին (1875-1943)[2]։ 1937-1939 թվականներին Սմբատ Տեր-Ավետիսյանի ղեկավարությամբ նախ որպես ասպիրանտ, ապա՝ մասնագետ մասնակցել է Դվինի պեղումներին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեկնել է ռազմաճակատ, ծառայել որպես ավագ հրահանգիչ, զինվորական լրագրող, ստացել կապիտանի կոչում։ Պատերազմից հետո զբաղվել է գիտական աշխատանքով։ 1946-1947 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտ, միաժամանակ աշխատել է Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնում՝ շարունակելով մասնակցել Դվինի և Կարմիր բլուրի պեղումներին։ 1948 թվականին պեղումներ է կատարել Սևանի ավազանում։

1949 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Արևի պաշտամունքը Հին Հայաստանում, ըստ բրոնզե պեղածո իրերի» թեմայով։

1949 թվականին ՀԽՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ նշանակվել է ՀՊՊԹ-ի հնագիտության բաժնի վարիչ։

1952-1975 թվականներին եղել է Սևանի ավազանի հնագիտական արշավախմբի ղեկավար։ Լճաշենի պեղումներից (1956-1974) հայտնաբերված շատ նյութեր եզակի են՝ լճաշենյան փայտե սայլեր ու մարտակառքեր, բրոնզե արձանիկները, դրանց մանրակերտեր, զենքեր, խեցեգործական արվեստի անկրկնելի նմուշներ, այդ թվում՝ եռագույն խեցեղեն, ոսկյա զարդեր։

Մնացականյանը Հայաստանի տարածքում պեղել և ուսումնասիրել է շուրջ երեք տասնյակ հնագիտական հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է Լճաշենը։ 1952-1975 թվականներին Մնացականյանը պեղումներ է կատարել Լճաշենում, Ջրառատում, Աթարբեկյանում, Ցամաքաբերդում, Ակունքում, Վարդենիսում, Շորժայում, Ադիամանում, Հայրավանքում, Մուխանում, Սևանում, Աստղաձորում, Կարմիրում, Կարճաղբյուրում, Արդանիշում, Փամբակում, Գոլովինոյում, Տոլորսում, Գառնիում, Արթիկում, Շիրակավանում։ Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական ֆոնդը Մնացականյանի աշխատանքի շնորհիվ համալրվել է շուրջ 10000 հնագիտական նմուշներով։

Թեկուզ կարճատև ապրեց Հարություն Մնացականյանը, սակայն բարի հիշատակ թողեց հայկական հնագիտության պատմության մեջ։ Լճաշենի տարածքում կատարած դամբարանների պեղումների շշմեցուցիչ արդյունքներով արժանացավ Շլիմանի բախտին։
  • «Կարմիր աստղի» շքանշան[1]
  • «Կովկասի պաշտպանության» մեդալ
  • «Բուդապեշտի ազատագրման» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Բելգրադի ազատագրման» մեդալ
  • «Աշխատանքային բարեխղճության համար» մեդալ
  • «Արևապաշտության հետքեր հին Հայաստանում, ըստ բրոնզե պեղածո իրերի», ՀՊՊԹ «Աշխատություններ», Երևան, 1948, № 1, էջ 67-95։
  • «Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները», հոդված, Պատմա-բանասիրական հանդես, 1965, - 2, էջ 95-115։
  • «Բրոնզի դարի գոտի-օրացույցը», Երևան, 1965 (համահեղինակ)։
  • «Խոսում են հուշարձանները», Երևան, 1968։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 LLC, Ayb Solutions. «ՀԱՅ ՇԼԻՄԱՆԸ` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ». Հայ զինվոր (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Քեշիշյան Մ. Ս., Հարություն Մնացականյան (Ծննդյան 110-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM