Վարազդատ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան.jpg
Ծնվել է 1909 թ. նոյեմբերի 29
Ծննդավայր Վան, Օսմանյան կայսրություն
Մահացել է 2008 թ. Մարտի 20
Վախճանի վայր Երևան
Ազգություն հայ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Վարազդատ Հարությունյան Վիքիքաղվածքում
Varazdat Harutyunyan Վիքիպահեստում


Վարազդատ Հարությունյան (1909 թ. նոյեմբերի 29, Վան, Օսմանյան կայսրություն - 2008 թ. Մարտի 20, Երևան), ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մանկավարժ, ծագումով վանեցի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում 1909 թվականին։ Հիշելով իր մանկությունը՝ Վարազդատը ասել է. «հիշում եմ իմ հայրենի Վանը, մեր տունը, մեր այգին, իմ հարազատներին, հիշում եմ Վանի հերոսամարտը, որը հաղթանակով ավարտվեց, բայց անկախ մեր կամքից, ստիպված եղանք գաղթել։ Անցել եմ գաղթի մահացու ճանապարհներով»։ Վանից Հարությունյանների ընտանիքը գաղթում է նախ Էջմիածին, հետո՝ Թիֆլիս։ Որբանոցում անցկացրած տարիների միակ պայծառ ու հիշարժան դրվագները Հովհաննես Թումանյանի հետ հանդիպումներն էին։ 1919-1927 թվականներին սովորել և ավարտել է տեղի հայկական միջնակարգ դպրոցը, 1927—1931 թվականներին պաշտոնավարել է Լոռվա Շնող և Արճիս գյուղերի դպրոցներում։ 1931 թվականին ընդունվել և 1937 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը ու թողնվել մանկավարժական աշխատանքի։

Հետագայում Հայաստանում հիմնել է «Վան -Վասպուրական» հայրենակցական միությունը։

Վարազդատ Հարությունյանը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956–ից նաև Մայր աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի է։

Մահացել է 2008-ի մարտի 20–ին Երևանում։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ միջնադարյան և արդի ճարտարապետության պատմությանն ու տեսությանը, հայկական ճարտարապետական հուշարձանների վերակագնման հարցերին, հայ նշանավոր ճարտարապետների կյանքին ու գործունեությանը։

Վարազդատ Հարությունյանը հեղինակ է 800–ից ավել գիտական հոդվածների, 3 դասագրքերի, հայկական ճարտարապետության մասին 40 գրքերի, ինչպես նաև հուշագրությունների 3 հատորի։

50 տարի ղեկավարել է պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետության ամբիոնը, շուրջ 12 տարի ղեկավարել է ճարտարապետների միությունը։

Վարազդատ Հարությունյանի հայկական ճարտարապետության ընդհանուր պատմությանը նվրրված առաջին աշխատությունը «Հայկական ճարտարապետության հուշարձաններ» գիրքն է (ռուսերեն, Մոսկվա, 1951, հեղինակակից Ս. Սաֆարյան)։ Այն հայկական ճարտարապետությունը ներկայացնում Է նախնադարից դեպի Ուրարտու, հայկական հելլենիզմ և միջնադար, ներառյալ ողջ ուշ միջնադարն ու 19-րդ դարը։

Վարազդատ Հարությունյանի հաջորդ «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» (ռուսերեն, Երևան, 1955, հեղինակակից՝ Կ. Հովհաննիսյան) աշխատությունը ն ը նախորդի շարունակությունն է։ Համանուն վերնագրով երկրորդ աշխատությունը (Մոսկվա, 1972, հեղինակակիցներ՝ Ս.Ս. Հասրաթյան և Ա.Մելիքյան) ձևակերպում էր խորհրդահայ ճարտարապետության պարբերացման՝ կազմավորման և հաստատման փուլերը։

1975 թվականին Բեյրութում հրատարակվել է Վարազդատ Հարությունյանի «Հայկական ճարտարապետության հուշարձանները» գիրքը՝ հեղինակակից Մ․ Ս․ Հասրաթյան։

Վարազդատ Հարությունյանի նախասիրած թեմաներից մեկը հայկական ճարտարապետության «ժառանգորդության» և «ավանդների շարունակականության» հիմնախնդրի ուսումնասիրումն Է։ Մեկ տասնյակի հասնող հոդվածների այս խմբում հեղինակը գտնում է, որ, պայմանավորված հնագույն ավանդներով, հայկական հելլենիզմի հուշարձանները ունեն յուրահատուկ համաչափություն: Նա ճշգրտորեն ցույց է տալիս, որ IX —XI դարերի հայկական հուշարձանների ոճական հասունացման փուլին բնորոշ է նաև անտիկ ձևերի և վաղ միջնադարյան տարածական լուծումների ստեղծագործական կրկնությունը։

Վարազդատ Հարությունյանը գրել է նաև հուշագրություններ՝ «Նախնյաց ոտնահետքեըով) (Երևան, 1996), «Բոսֆոըի և Մարմարայի ափերով» (Երևան, 1996), «Անմոռաց հանդիպումներ» (Երևան, 1998), «Կյանքիս քառուղիներում»(Երևան, 1999) և այլն։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին «Դվիինի ճարտարապետական հուշարձանները» խորագիրը կրող աշխատությամբ հայցել է ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան և ստացել դոցենտի կոչում։ 1964 թվականին «Հին և միջնադարյան Հայաստանի քաղաքաշինությունը» ատենախոսության համար նրան շնորհվել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան և միաժամանակ տրվել պրոֆեսորի կոչում։ Նա արժանացել է նաև տասնյակ շքանշանների և պատվավոր կոչումների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վաղգեն Ա-ի կոնդակին (1978 թ.), Թ. Թորամանյանի անվան ակադեմիական մրցանակին (1978 թ.), Ալեք Մանուկյանի շնորհակալագրին (1982 թ.), Վրաստանի ճարտարապետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման (1996)։ Նույն թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս և 1997 թ. ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավռրչի շքանշան և այլն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Քերթմենջյան «Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյան» (Ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1 1999, էջ 15-19

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են