Հարություն Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1921[1] Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ[1] |
Մահացել է | հուլիսի 28, 1977[1] (56 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և հնագետ |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1965) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Հարություն Արտաշեսի Մարտիրոսյան (մայիսի 1, 1921[1], Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ[1] - հուլիսի 28, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային պատմաբան-հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին ընդունվել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը, 1941 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, այնուհետև՝ ավարտել ընդհատված ուսումը։ 1950 թվականից պեղումներ է կատարել Գոլովինոյում, Կարմիր բլուրում, Գառնիում, Արմավիրում, հետազոտական աշխատանքներ՝ Լենինականում, Գեղարոտում և այլուր։ 1960 թվականից ղեկավարել է Գեղամա լեռների ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները, 1962 թվականից՝ Արգիշտիխինիլի քաղաքի պեղումները։ Մարտիրոսյանի հետազոտությունները կարևոր ավանդ են Հայկական լեռնաշխարհի և Անդրկովկասի հնագույն մշակույթի, Ուրարտուի պատմության ուսումնասիրության, ինչպես նաև հնագույն դարաշրջանների ժամանակագրության գիտական պարբերացման և Հին Արևելքի ժողովուրդների հետ Հայկական լեռնաշխարհի ու Կովկասի հնագույն ցեղերի փոխհարաբերությունների հետազոտման ասպարեզում։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մարտիրոսյանի գիտական գործունեությունն սկզբնավորվել է հարավային Անդրկովկասի մ.թ.ա. 10-6-րդ դարերի նյութական մշակույթի հետազոտությամբ։ Ուսումնասիրելով հրատարակված նյութերը (Ոռնակ, Լալվար,Բեչտաշենի և այլն) և շրջանառության մեջ դնելով նորերը (Գոլովինո, Կարմիր բլուր, Կիրովական, Լենինական, Ախթալա, Թաքիա) նա կարողացել է ճշտել Հայաստանի վաղ երկաթի և երկաթի լայն տարածման շրջափուլերի դերը և նշանակությունն անդրկովկասյան հնագիտության համատեքստում, ներկայացրել տնտեսական և մշակութային հարաբերությունների ընդհանուր պատկերը։ Վերականգնելով արտաքին կապերի հիմնական ուղղությունները ցույց է տվել, որ այս ժամանակաշրջանում ուժեղանում են առնչություններն արևելյան և հարավարևելյան շրջանների (Թալիշ, Քուրդիստան, Լոռեսթան) և թուլանում արևմուտքի հետ։ Իր ուսումնասիրությունների արդյունքում նա առանձնացրել է զուգահեռ գոյատևող երկու հուշարձանախմբեր՝ տեղական և ուրարտական։ Հատկապես «Город Тейшебаини» (1961) և «Раскопки в Головино» (1954) աշխատություններում հեղինակը կանգ է առել մ.թ.ա. VII-VI դդ. հնագիտական հուշարձանների (գլխավորապես Գոլովինոյի) բնութագրման վրա՝ վերհանելով այն ժամանակաշրջանը, երբ ուրարտական և տեղական մշակույթների բախման պայմաններում, Հայկական լեռնաշխարհի բնիկ ցեղերի մոտ վերջնականորեն անկում էին ապրում տոհմատիրական հարաբերությունները, սկսվում էր հայ ժողովրդի բուն պատմությունը։ Հնագետն առաջին անգամ փորձել է փաստացիորեն ճշտել ուրարտական և տեղական մշակույթների փոխհարաբերության սահմանը։
Ուրարտագիտական խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին Հարություն Մարտիրոսյանը գրել է «Аргиштихинили» մենագրությունը։ Ելնելով հնագիտական և սեպագիր տվյալներից, Հ. Մարտիրոսյանը պարզել է Արգիշտիխինիլիի սոցիալ-տնտեսական կյանքի մանրամասները, հատուկ ներկայացրել քաղաքի արհեստանոցները։ Արգիշտիխինիլիի պեղումներից ստացված տվյալների համատեքստում անդրադարձել է ուրարտական բժշկությանը, թաղման ծեսին, ջրաշինարարությանը, տեղական ցեղերի հոգևոր մշակույթի ազդեցություններին ուրարտականի վրա և այլն։ Թեյշեբաինիին, Արգիշտիխինիլիին, Նոր Արեշի ուրարտական կոլումբարիին և այլ հուշարձաններին նվիրված իր աշխատություններում Հ.Մարտիրոսյանն անդրադառնում է հիմնականում ուրարտական նյութական մշակույթի և սոցիալ-տնտեսական կյանքի բնութագրմանը, փորձում վերականգնել ուրարտական քաղաքը։
Էնեոլիթ ֊երկաթեդարյան հնագիտության պարբերացումն ու ժամանակագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտիրոսյանը ստեղծել է որոշակի ժամանակագրական սանդղակ։ Նրա դիտողությունները ամփոփվել են «Армения в эпоху бронзы и раннего железа» (1964) հայտնի աշխատության մեջ։ Առաջավորասիական հնագիտության չափանիշներով Հ. Մարտիրոսյանի սահմանած պարբերացման և ժամանակագրության սանդղակով, բրոնզ-երկաթեդարյան Հայաստանում առանձնացվում են չորս Հին, Միջին և Ուշ բրոնզի, ինչպես նաև երկաթի հաջորդական պարբերաշրջաններ՝ իրենց ենթափուլերով։
Հայաստանի ժայռապատկերների և նշանագրերի ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1966-1971 թվականների ընթացքում Հարություն Մարտիրոսյանի՝ Գեղամա լեռներում փաստագրած ժայռապատկերները մեծ նորույթներ բերեցին լեռնաշխարհի բնիկների հոգևոր մշակույթի և տնտեսական կյանքի վերականգման գործում՝ լրացնելով Սյունիքի, Արագածի լանջերի և հարակից շրջանների վերաբերյալ մինչ այդ կուտակված նյութերը։ Այս խնդիրների ուսումնասիրությանը հեղինակը նվիրել է երեք մենագրություն և մեկ տասնյակից ավել հոդված-հաղորդագրություններ։ Ընդ որում դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի, աշխատություններ, որոնցում ա. նկարագրվում են ժայռապատկերները և փորձ է կատարվել դրանք թվագրել («Գեղամա լեռների ժայռապատկերները»,1971, 1981), և բ. վերականգնվել է դրանց զուտ իմաստաբանությունը, կրոնա-պաշտամունքային, տոմարական, արվեստաբանական նշանակությունը («Հայաստանի նախնադարյան նշանագրերը», 1973)։ Առանձնացվել են ժայռապատկերների հինգ ժամանակագրական խմբեր, որոնք համընկնում են համապատասխան հնագիտական շրջափուլերին թվագրվելով մ.թ.ա. VI հազարամյակից մինչև I հազարամյակի 1-ին կեսն ընկած ժամանակահատվածներով։
Շեյխի Զինգիլի, Սևսարի և այլ ժայռապատկերների ուսումնասիրության հիման վրա վերականգնվեց նախնադարյան Հայաստանի լուսնաարեգակնային տոմարր, որը պիտի գործեր թերևս մ.թ.ա. II հազարամյակից սկսած և ուղղված լիներ երկրագործ-անասնապահական տոների ու ծեսերի, տարվա եղանակների, ամիսների և օրերի հերթագայության կանոնակարգմանը։ Հեղինակը եկել է այն եզրակացության, որ Հայաստանի նախնադարյան գաղափարաբանության, հավատալիքների ու արվեստի բարձր զարգացման հիման վրա մ.թ.ա. III հազ. արդեն ձևավորվել էին գրչության ամենապարզ տեսակները՝ պատկերագիրը, նշանագիրն ու գաղափարագիրը, որոնք զարգանալով հետագա դարերում, ընկնում են ուրարտական հիերոգլիֆիկայի հիմքում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մարտիրոսյանի գրչին են պատկանում երկու գրքեր նվիրված հայաստանյան հնագիտությանը սկսած քարի դարից մինչև ուրարտական ժամանակաշրջանը և Հայկական լեռնաշխարհի նախնադարյան բնիկների հոգևոր մշակույթին («Քարե դարից Ուրարտու», 1971 թ. և «Գիտությունը սկսվում է նախնադարում», 1978 թ.), ինչպես նաև հայրենիքի և սփյուռքի տարբեր հանրամատչելի պարբերականներում և թերթերում լույս տեսած մեկ տասնյակից ավելի հոդվածները, որոնցում հեղինակը ներկայացրել է Հայաստանի տարբեր հուշարձաններում ընթացող պեղումների արդյունքները, հնագիտության զարգացման և հուշարձանների պահպանության հետ առնչվող խնդիրները և ընդհանրապես լուսաբանել հայկական լեռնաշխարհի դերը հինարևելյան մշակույթների համատեքստում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուշ բրոնզեդարյան բնակավայրեր և դամբարանադաշտեր, Ե., 1969 («Հայաստանի հնագիտական հուշարձանները», )։
- Գեղամա լեռների ժայռապատկերները, Ե., 1971 (հեղինակակից Հ. Ռ. Իսրայելյան, «Հայաստանի հնագիտական հուշարձանները»)։
- Հայաստանի նախնադարյան նշանագրերը և նրանց ուրարտահայկական կրկնակները, Ե., 1973:
- Հազարամյակների վարագույրը ետ է գնում, «Գարուն», 1967, № 6։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Քալանթարյան, Արսեն Բոբոխյան «Հնագետ Հարություն Մարտիրոսյանի գիտական ժառանգության հարցի շուրջ» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1 2001, էջ 172-179
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Մարտիրոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 349)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մայիսի 1 ծնունդներ
- 1921 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 28 մահեր
- 1977 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ հնագետներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Պատմական գիտությունների դոկտորներ