Հայ բժշկության թանգարան
Հայ բժշկության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Արշակունյաց պողոտա 44/1, մուտք 4, հարկ 4, բնակարան 43 և Yerevan, Arshakunyats Avenue, 44/1, entrance 4, floor 4, apart. 43 |
Հիմնադրվել է | 1999 |
Տնօրեն | Հարություն Մինասյան |
Կայք | medicalmuseum.am(հայ.) |
Հայ բժշկության թանգարան (Հարություն Մինասյանի անհատական հավաքածու), Հայ բժշկության թանգարան Երևանում, բացվել է 1999 թվականի մայիսի 18-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին թանգարանը գրանցվել է ՀՀ մշակույթի նախարարության մասնավոր թանգարանների ցուցակում և Ռիգայի Պաուլ Ստրադինի անվան բժշկության պատմության թանգարան-ինստիտուտում։
Թանգարանի նպատակն է հավաքել, պահպանել, ցուցադրել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի դարավոր բժշկական մշակութային ժառանգությունը հանդիսացող նյութական և հոգևոր արժեքները, ինչպես նաև հայ բժշկության բազմադարյա հարուստ ավանդույթները պրոպագանդել Հայաստանի բնակչության, Սփյուռքի հայության և օտարերկրացիների շրջանում[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում ցուցադրված են Հարություն Մինասյանի հավաքածուի շուրջ 30 000 ցուցանմուշներից ընդամենը 10000։ Ցուցադրությունը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի բաժինների՝
- պեղածո-հնագիտական
- երկրագիտական-ազգագրական
- կենցաղային
- բժշկության հետ առնչվող նյութեր
- բուն բժշկական նյութեր
- գրադարան
- արխիվ
- ֆոտոարխիվ
Թանգարանում ցուցադրված են պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե, քարե, փայտե հավանգներ, բժշկական գործիքներ և սարքեր, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահույք, կահկարասի, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային մասունքներ և այլն։ Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Մեծամորից բերված 5000-ամյա սափորը, Գորիսից բերված կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 5000-ամյա կմախքը՝ գանգոսկրի ախտաբանությամբ, 100-200 տարի առաջ աշխարհի տարբեր քաղաքներում տպագրված հայկական բժշկական գրքեր՝ Պետրոս Քալանթարյանի 1793 թվականին Նոր Նախիջևանում տպագրված «Բժշկարան համառոտ» գիրքը, Մխիթար Հերացու՝ 12-րդ դարում գրված և 1832 թվականին Վենետիկում տպագրված «Ջերմանց մխիթարութիւն» գիրքը, հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով կնքված հրատարակություններ, 19-20-րդ դդ. նշանավոր բժիշկների ձեռագիր գրքեր և ուսանողական տետրեր, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ բժիշկների լուսանկարներ ու փաստաթղթեր, Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր և այլն։ Այստեղ կարելի է տեսնել հայ բժիշկներին պատկանած կահույք, անձնական և կենցաղային իրեր՝ գրասեղաններ, գրապահարաններ, փայտե սառնարան, աթոռներ, սնդուկներ, կարասներ, երկանքներ, գուռ, քանդակներ, գեղանկարներ, խորհրդային և արտասահմանյան արտադրության պատեֆոններ, ռադիոընդունիչներ, հեռուստացույց, հեռախոսներ, ժամացույցներ, գյուղատնտեսական և խոհանոցային պարագաներ և այլն[2]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ բժշկության թանգարանի նոր հասցեն. Երևան, Շենգավիթ, Արշակունյաց պող. տ. 44/1, մուտք 4, բն. 43: Հեռ. 093-30-92-37: Մուտքն անվճար է։ Անհրաժեշտ է նախօրոք զանգահարել ու պայմանավորվել օրն ու ժամը։
Նախկինում տեղակայվախ է եղել Երևանի Հրաչյա Քոչարի 21 հասցեում` «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի 6-րդ հարկի 608 սենյակում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ բժշկության թանգարանին նոր տարածք է անհրաժեշտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Բժշկության թանգարանի համար 15 տարի է չի գտնվում, ոչ փող, ոչ տարածք. Հարություն Մինասյանը դիմում է աշխարհի հայ բժիշկներին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայ բժշկության թանգարան կատեգորիայում։ |