Jump to content

Հակատանկային ուղեփակոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակատանկային ուղեփակոց
Նկարագրություն
 Anti-tank obstacles Վիքիպահեստում

Հակատանկային պատնեշ կամ ուղեփակոց (անգլ.՝ anti-tank obstacles), հակատանկային պաշտպանական ռազմական կառույց, խոչընդոտ, որի նպատակն է կանխել թշնամու տանկերի և այլ մեքենաների առաջխաղացումը։

Քարերից, պողպատից կամ բետոնից կառուցված պատնեշների շարքը և կտրված ծառերից պատրաստված ցցերը կարող են հակատանկային պատնեշի դեր կատարել։ Հակատանկային պատնեշ կարող է ձևավորվել նաև զրահապատ խրամուղիով, բավականաչափ խորը ճահիճով, ջրային տարածքով և ձմռանը ջրավազանի սառույցի մեջ բացված ճեղքով։

Հակատանկային պատնեշներին համատեղ նախատեսվում են նաև կրակային աջակցության խմբեր, հետևակային հակատանկային զենքեր, բունկերներ և այլն` անհրաժեշտության դեպքում տանկի անձնակազմի հետ մերձամարտ կռվի համար։ Եթե ​​արգելքը չի վերահսկվում զենքով, ապա դա խոչընդոտ է։

Պատմություն և մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության մեջ առաջին անգամ բրիտանացիներն են ռազմաճակատ հանել հրասայլերը։ Դա 1916 թվականի սեպտեմբերին էր` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` Սոմի ճակատամարտում[1]։ Գերմանացիները «Տանկերի» դեմ սկսել են պատնեշներ կառուցել՝ տարբեր սկզբունքներով. ձուլվել են բետոնից սյուներ կամ խորանարդներ, իսկ նրանց միջև ձգվել են պողպատե մալուխներ, ամուր փայտից կառուցվել են տարբեր էստակադներ (ստորջրյա ցցափակոց, ցցաթումբ) և պատնեշներ։ Ֆինլանդիան նույնպես փոխառել է հակատանկային այդ միջոցները[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում օգտագործվել են նաև խրամատներից ձևափոխված զրահապատ խրամուղիներ։

1939 թվականի ամռանը Կարելյան թերակղզում հակատանկային պատնեշների համար քարերի կոտրում

1920-ականներին Ֆինլանդիան ունեցել է միայն շատ փոքր թվով զրահամեքենաներ, որոնք բաղկացած էին ֆրանսիական ռեդուտ տանկեր։ Ստեղծվել է առանձին Գրոհային փոխադրամիջոցների կորպուս[3]։ Ի թիվս այլ բաների, այն օգտագործվել է նաև զորքերին գրոհային տանկերին ծանոթացնելու համար։ Բաժանմունքում փորձարկումներ են իրականացվել նաև հրասայլերի արտաճանապարհային շարժունակության և խոչընդոտող կառույցների հետ[4]։ Հակատանկային արգելապատնեշներ առաջարկվել էին Ֆինլանդիայում աշխատող օտարերկրյա փորձագետների կողմից[5]։

Երբ Ֆինլանդիան ամրացնում էր Կարելիայի դիրքերը ձմեռային պատերազմից (1939-1940) առաջ, հետևակի դեմ կանգնեցված փշալարերի պատնեշներին ավելացվել են պատնեշ քարեր, որոնք նախատեսված էին որպես զրահապատեր[6]։ Պատնեշ քարերը ձեռքով ճեղքվել և ձևավորվել են հորատումների, սեպերի և սայրերի միջոցով[7]։ Խորհրդա-ֆիննական պատերազմի (1941-1944) ամրացման աշխատանքներին մասնակցած վարպետ շինարարի խոսքով, պատնեշ քարերը տեղադրվել են ուղղահայաց մինչև ձմեռային պատերազմը, ավելի ուշ՝ առնվազն 1941 թվականին, հորիզոնական[8]։ Արդեն ձմեռային պատերազմում նկատվել է, որ պատնեշի քարերի ծրագրված չափերը բավարար չեն ձնառատ ձմռանը տանկերը կանգնեցնելու համար, երբ պատնեշը ձյան վրայից ընդամենը 60–80 սմ բարձրություն ուներ[9]։

Պահպանված հակատանկային խորանարդ Թիլֆորդում (Հարավարևելյան Անգլիա)

1940 թվականի մայիսին Գերմանայի Բելգիա ներխուժմամբ Միացյալ Թագավորությունում նույնպես որոշվել է խոցելի լողափերը ամրացնել ամրակառուցված կրակակետերով և հակատանկային խոչընդոտներով[10][11]։ Այն վայրերում, որտեղ հնարավոր էր, փխրուն հողը լցվել է ջրով, որով հողը դառնում էր ավելի փափուկ և անանցանելի, անգամ թրթուրավոր տեխնիկայի համար[12]։ Հազարավոր կիլոմետրեր հակատանկային խրամատներ են փորվել, սովորաբար մեխանիկական էքսկավատորներով, բայց երբեմն ձեռքով։ Նրանք սովորաբար ունեին 18 ոտնաչափ (5,5 մ) լայնություն և 11 ոտնաչափ (3,4 մ) խորություն և կարող էին լինել կամ հատած սեղանաձև, կամ եռանկյունաձև, իսկ պաշտպանված կողմը հատկապես կտրուկ էր և ծածկված ցանկացած նյութով[13]։

Կառուցվել են հակատանկային պատնեշներ երկաթբետոնե զանգվածային խոչընդոտներից՝ խորանարդ, բրգաձև կամ գլանաձև։ Խորանարդիկները հիմնականում լինում էին երկու չափսերի՝ 5 կամ 3,5 ոտնաչափ (1,5 մ կամ 1,1 մ) բարձրություն։ Մի քանի վայրերում կառուցվել են հակատանկային պատեր՝ ըստ էության դրանք իրար կողքի դրված խորանարդներ էին[13]։

«Չերչիլ VII», բրիտանական AVRE մոդիֆիկացիայի ծանր տանկ, որը հատուկ կառուցվել է ֆաշինա (Fascine-ճեղանատրցակ) տեղափոխելու համար, որով լցվում էր ճահճային վայրերը, խրամատները և այլն, դրանք տեղադրում էին մարտկոցների թմբերի տակ և օգտագործում ջրի մակերևույթի մոտ լանջերն ամրացնելու, տանկերի անցումը ապահովելու համար

Որպես զրահապատ պատնեշների ստեղծման հակազդեցություն՝ ջանքեր են գործադրվել նվազագույնի հասցնել դրանց ազդեցությունը։ Խոչընդոտները փորձել շրջանցել, ոչնչացնել կամ վերացնել, օրինակ՝ պատնեշի քարերը տապալելով կամ խրամատները լցնելով։ Օրինակ, 1944 թվականին Նորմանդական օպերացիայի ժամանակ օգտագործվել են բրիտանական AVRE (թագավորական ինժեներական զրահապատ մեքենաներ) տանկի մոդիֆիկացիաները, որոնք նախագծվել են բրիտանական զրահատանկային դիվիզիայի հրամանատար, ռազմական ինժեներ, գեներալ-մայոր Պերսի Հոբարտի ղեկավարությամբ, որոնցից մեկը, Risukimppu մականունով, նախատեսված էր պատնեշի խրամատները լցնելու համար[14]։

Խոչընդոտներից մինչև ականներ և ակտիվ հակատանկային միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զրահապատ պատնեշները եղել են ոչ թե առանձին մարտավարական գործիք, այլ ամրացման համակարգի մաս։ Սկզբնական փուլում խոչընդոտների զարգացումն ավելի արագ էր ընթանում, քան հակատանկային զենքի մշակումը[15]։:

Պատերազմներն ավելի մոբիլ դառնալուն զուգընթաց, ավելի նվազել են խոչընդոտների դերը՝ համեմատած հակատանկային զինատեսակների հետ։ Հեռահար ականները, պայթուցիկները դեռևս օգտագործվում են զրահատեխնիկայի առաջխաղացումը խոչընդոտելու համար։ Անգլիական բանակը ժամանակակի ընթացքում շիվերից ֆաշինան փոխարինել է մետաղական խողովակներով։

Հակատանկային խոչընդոտները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

Մազակալ կոչվող հակատանկային ուղեփակոց Անգլիայում, Նորֆոլկ

Տարբեր հակատանկային խոչընդոտների իրականացման համար պատրաստվել են երկաթբետոնե զանգվածային խոչընդոտներ՝ խորանարդ, բրգաձև կամ գլանաձև, նաև կոյուղու խողովակի հատվածներից, որոնք սովորաբար լցված էր բետոնով, վիշապի ատամներ` վերևի մասում հաճախ օղակով` փշալարերով իրար ամրացնելու համար։ Կիրառվում էին նաև քառանիստ կամ ոզնիանման խոչընդոտներ, թեև հազվադեպ։

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանական հակատանկային նախապատրաստություններից էին երկաթբետոնե զանգվածային խոչընդոտները։
  • Կորեայի ապառազմականացված գոտին ունի շատ մեծ ականապատ դաշտեր։
  • Բեռլինի պատը օգտագործել է բազմաթիվ տարբեր խոչընդոտներ, ներառյալ մի քանի տեսակի հակատանկային խոչընդոտներ։
  • Ատլանտյան պատն օգտագործում էր բազմաթիվ տարբեր խոչընդոտներ, ներառյալ մի քանի տեսակի հակատանկային խոչընդոտներ։
  • Չեխոսլովակիայի սահմանային ամրություններն օգտագործում էին բազմաթիվ տարբեր խոչընդոտներ, այդ թվում՝ հակատանկային խոչընդոտների մի քանի տեսակներ։
  • Մաներհայմի գիծն օգտագործել է բազմաթիվ տարբեր խոչընդոտներ, ներառյալ մի քանի տեսակի հակատանկային խոչընդոտներ։
  • Մաժինոյի գիծն օգտագործել է բազմաթիվ տարբեր խոչընդոտներ, ներառյալ մի քանի տեսակի հակատանկային խոչընդոտներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Torrbacke, Jarl (2002). Ensimmäinen ja toinen maailmansota. Translated by Heikki Eskelinen. Helsinki: Otava. էջ 120. ISSN 951-1-13623-2 ISBN 951-1-13623-2. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)
  2. Käkelä, Erkki (2000). Marskin panssarintuhoojat: Suomen panssarintorjunnan kehitys ja panssariyhtymän panssarintorjuntayksiköiden historia. Porvoo: WSOY. էջեր 125–126. ISSN 951-0-24638-7 ISBN 951-0-24638-7. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)
  3. Henri Silovaara. Panssarijoukkojen koulutus Panssariprikaatissa 1942–1944. Pro gradu -tutkielma 2013. 103 sivua. Saatavilla: PDF
  4. Käkelä 2000, 126
  5. Käkelä 2000, 125-126
  6. Kronlund, Jarl ym. (1988). Suomen puolustuslaitos 1918-1939: Puolustusvoimien rauhan ajan historia (ֆիններեն). Helsinki: WSOY. էջ 543. ISSN 951-0-14799-0 ISBN 951-0-14799-0. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)
  7. Leskinen, Jari & Juutilainen, Antti (toim.) (1999). «Merikallio, Sture: Linnoitustyöt ja ihminen». Talvisodan pikkujättiläinen (ֆիններեն). Helsinki: WSOY. էջեր 69–72. ISSN 951-0-23536-9 ISBN 951-0-23536-9. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Solkinen, Väinö (1994). «Kajaanista Kuhmoon ja Aunukseen (kirj. Jorma Suomalainen)». Isänmaan rakentajat: rakennusmestarit kertovat (ֆիններեն). Helsinki: Suomalaisen kirjallisuuden seura. էջ 202. ISSN 951-717-805-0 ISBN 951-717-805-0. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)
  9. Käkelä 2000, 127
  10. Lowry, Bernard (2014 թ․ սեպտեմբերի 10). Pillboxes and Tank Traps (անգլերեն). Bloomsbury Publishing. ISBN 978-1-78442-015-4.
  11. Barclay, Gordon (2013 թ․ ապրիլի 4). If Hitler Comes: Preparing for Invasion: Scotland 1940 (անգլերեն). Birlinn. ISBN 978-0-85790-589-5.
  12. Wills, Henry (1985). Pillboxes: A Study of UK Defences, 1940 (անգլերեն). Leo Cooper. ISBN 978-0-436-57360-6.
  13. 13,0 13,1 Ruddy, Austin J. (2003 թ․ հունվարի 1). BRITISH ANTI-INVASION DEFENCES 1940-1945 (English). HMP. ISBN 978-1-901313-20-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. Beevor, Antony (2009). Normandia 1944: Maihinnoususta Pariisin vapauttamiseen (ֆիններեն). Helsinki: WSOY. էջ 138 alaviite. ISSN 978-951-0-35306-6 ISBN 978-951-0-35306-6. {{cite book}}: Check |issn= value (օգնություն)
  15. Käkelä 2000, 125
  16. «Deep Defences, Belgian Fortifications, May 1940». www.niehorster.org. Վերցված է 2024-02-16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակատանկային ուղեփակոց» հոդվածին։