ՀՀ կենսամակարդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսամակարդակ, մարդու ֆիզիկական, հոգևոր և սոցիալական պահանջների բավարարման մակարդակի ինտեգրալ բնութագրիչ է։ Այն արտահայտվում է ցուցանիշների համակարգով, որոնք արտացոլում են մեկ շնչի հաշվով սպառվող ապրանքների և ծառայությունների ծավալները, առավել կարևոր ապրանքների բնական սպառման չափերը, մեկ շնչի հաշվով իրական եկամուտները, բնակարանով, տարբեր տեսակի կոմունալ ծառայություններով, տրանսպորտով, կապի միջոցներով ապահովվածությունը, կրթության, առողջապահության համակարգի, ինչպես նաև մշակութային կյանքի հասանելիությունը։ Միջազգային չափանիշների համաձայն՝ կենսամակարդակը բնութագրող ցուցանիշների թվին են դասվում զբաղվածությունը, աշխատանքի պայմանները՝ այդ թվում և գործազրկությունը և աշխատաժամանակի տևողությունը անձի սոցիալական երաշխիքները, անվտանգության պայմանները, ժողովրդագրական, բնապահպանական և առողջապահական ցուցանիշները, արդյունաբերական ապահովվածությունը՝ հաշվի առնելով սպառողական ապրանքների գները, նյութական և ֆինանսական կուտակումները, սոցիալական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, սոցիալական տարբերակվածությունը, գործազրկության, խտրականության, սղաճի, հանցագործության մակարդակը և այլն։ Կենսամակարդակի կարևոր ամփոփիչ ցուցանիշ է բնակչության կյանքի տևողությունը։ Սահմանադրության համաձայն՝ պետությունն անհրաժեշտ միջոցներ է ստեղծում, որպեսզի յուրաքանչյուր ոք իր երկրում իր և իր ընտանիքի համար կարողանա ապահովել բավարար կենսամակարդակ։

Եկամուտների ձևավորման մեխանիզմի փոփոխությունները և բնակչության եկամուտների կտրուկ նվազումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետխորհրդային տարիներին գործազրկության և չնախատեսված բարձր գնաճի հետևանքով ոչ միայն տեղի են ունեցել իրական եկամուտների ձևավորման մեխանիզմի էական փոփոխություններ, այլև կտրուկ նվազել են բնակչության եկամուտները։ 1994 թվականի միջին իրական եկամուտները, 1988 թվականի համեմատությամբ, նվազել են 4,5 անգամ։ Նվազման միտումը պահպանվել է մինչև 1998 թվականը։ Իսկ աշխատավարձի բաժինը դրամական եկամուտների ընդհանուր ծավալում 1991 թվականի 44,9 %-ից 2001 թվականին նվազել է մինչև 28,8 %-ի։

Եկամուտների որոշակի աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատության մեջ հայտնված հայ կինը և իր երեխաները ,1899 թվական
Աղքատության մեջ հայտնված հայ կինը և իր երեխաները ,1899 թվական

Վերջին տարիներին տնտեսության մասնավոր հատվածի զարգացման շնորհիվ որոշ չափով ավելացել են սեփականությունից և ձեռևարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները։ Աճել է Նաև աշխատավարձի տեսակարար կշիռը եկամուտներում. 2008 թվականին կազմել է 54 %՝ 2006 թվականի 47,5 %-ի դիմաց։ 1994 թվականից Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ, որի տեմպը 2001 թվականից մինչև 2008 թվականի կեսերը կազմել է միջինը 12 % և, սոցիալական ապահովության ցանցի զարգացման հետ, նպաստել է աղքատության զգալի նվազմանը՝ 1999 թվականի ավելի քան 50 %-ից՝ մինչև 28 %։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին նվազագույն աշխատավարձը սահմանվել է 720 դրամ, 1999 թվականին՝ 5000 դրամ, 2004 թվականին՝ 13000, 2006 թվականին՝ 15000, 2007 թվականին՝ 20000, 2008 թվականին՝ 25000, 2009 թվականին՝ 30000, 2011 թվականին՝ 32500, 2013 թվականին՝ 35000, 2014 թվականին՝ 50000, 2015 թվականին՝ 55000, 2020 թվականին՝ 68000 դրամ։

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը ՀՀ տնտեսական աճի տեմպի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով նվազել է ՀՀ տնտեսական աճի տեմպը, որն էականորեն անդրադարձել է նաև բարեկեցության ապահովման պետական ծրագրերի իրականացման վրա։ ՀՀ-ում աշխատավարձը և կենսաթոշակները զարգացած երկրների համեմատությամբ դեռևս շատ ցածր են և հեռու անհրաժեշտ կենսամակարդակ ապահովելուց, եթե զարգացած երկրներում աշխատավարձի բաժինը ՀՆԱ-ի 60-70%-ն է, ապա ՀՀ-ում 2009 թվականին այն կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 38 %-ը։ Ճգնաժամի հետևանքով 2010 թվականին նվազագույն աշխատավարձը թողնվել է նույնը՝ 30 հազար դրամ, իսկ 2011 թվականին բարձրացվել է ընդամենը 2500 դրամով և կազմել 32,5 հազար դրամ։ 2010 թվականի հունվարին պետական հատվածում ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է 81,115 հազար, ոչ պետական հատվածում՝ 126,829 հազար դրամ, 2011 թվականի հունվարին՝ համապատասխանաբար՝ 84,370 և 130,839 հազար դրամ։

Միջին աշխատավարձերի տարբերակումը ըստ տեսակների[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին աշխատավարձերն էականորեն տարբերվում են նաև ըստ տնտեսական գործունեության տեսակների, մասնավորապես, 2010 թվականին գյուղատնտեսության (որսորդությունը և անտառային տնտեսությունը ներառյալ) ոլորտում այն կազմել է 76,099 հազար, ձկնաբուծության ոլորտում՝ 57,815 հազար, հանքագործական արդյունաբերության մեջ՝ 221,229 հազար, էլեկտրաէներգիայի, գազի բաշխման, ջրի արդյունաբերության մեջ՝ 143,364 հազար, շինարարության մեջ՝ 142,066 հազար, ֆինանսական գործունեության ոլորտում՝ 295,429 հազար, առողջապահության ոլորտում՝ 68,806 հազար, պետական կառավարման համակարգում՝ 127,064 հազար, կրթության ոլորտում՝ 78,131 հազար դրամ, և այլն։

Աշխատավարձերը մարզերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատավարձերը տարբեր են նաև մարզերում. 2011 թվականի 2-րդ եռամսյակում Արագածոտնում միջին աշխատավարձը կազմել է 76,516 հազար դրամ, Վայոց ձորում՝ 81,002, Երևանում՝ 122,767, Սյունիքում՝ 161,774 հազար, և այլն։ Բնակչության եկամուտներում ցածր են նաև կենսաթոշակների ու սոցիալական նպաստների տեսակարար կշիռները, համապատասխանաբար՝ 11,5 և 10 %-ը։ Իսկ կենսաթոշակի նվազագույն չափը 2009 թվականից սահմանվել էր 21,3 հազար դրամը։ 2010 թվականի նոյեմբերից այն բարձրացվել է 11 %- ով, որը, սակայն, ցածր էր աղքատության ընդհանուր շեմից։ Ցածր են նաև մյուս նպաստները։ ՀՀ բնակչության կենսամակարդակի ապահովման հարցում դեռևս զգալի են ստացվող տրանսֆերտները, որոնք 2009 թվականին կազմել են բնակչության ընդհանուր եկամուտների 9-10 %-ը։

Աղքատության ընդհանուր և պարենային շեմերը ՀՀ-ում 2004-2009 թվականներին (հազար դրամ)[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 2005 2006 2007 2008 2009
Աղքատության ընդհանուր շեմը 19,373 20,289 21,555 23,168 25,188 25,877
Աղքատության պարենային շեմը 12,467 13,266 14,300 15,763 17,232 17,141

Տնային տնտեսությունների դրամական եկամուտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսությունների դրամական եկամուտները 2008 թվականին ծախսվել են հետևյալ համամասնությամբ՝ սննդի համար՝ 48,1 %, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի համար՝ 27 %, ոչ պարենային ապրանքների համար՝ 11,5 %, ծառայությունների վճարի համար՝ 11,2, այլ ծախսերի համար՝ 2,2 %: Բնակչության ամենանվազ ապահովված խմբերում դրամական ծախսերի շուրջ 80 %-ը բաժին է ընկնում սննդամթերքին։ ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով Աբովյանի տարեցների 2008 թվականին օգտագործվել է ցորենի ալյուր 147,4 կգ, կարտոֆիլ՝ 49,5 կգ, բանջարեղեն՝ 313,8 կգ, միրգ՝ 98,2 կգ, ձեթ՝ 7,8 կգ, շաքար՝ 36,1 կգ, կաթնեղեն (բացի կարագից)՝ 194,3 կգ, միս՝ 48,6 կգ, ձու՝ 9,8 հատ։

Սպառված սննդամթերքի էներգիան կազմել է օրական 3572 կկալ։ Նորմայից պակաս են օգտագործվել միս, կաթ և ձու։ Հայաստանի բնակչության կենսամակարդակի ու աղքատության գնահատման միասնական մեթոդաբանությամբ սահմանված է կենսամակարդակի որոշակի նվազագույն՝ աղքատության շեմ, և որպեսզի այս կամ այն անհատը համարվի «ոչ աղքատ», անհրաժեշտ է, որպեսզի նրա եկամուտները կամ սպառողական ծախսերը լինեն այդ շեմից ավելին։ Մարդն աղքատ է, եթե բավարարված չէ նրա կենսաբանական, սոցիալական և հոգևոր-մշակութային կարիքների նվազագույնը 2005 թվականին ընդունված մեթոդաբանությամբ՝ աղքատության շեմը սահմանելիս նկատի են առնվում նաև կենցաղում երկարատև օգտագործման առարկաները։

Աղքատության և ծայրահեղ աղքատության շարժը ՀՀ-ում 1999-2009 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 2002 2004 2005 2006 2007 2008 2009
Աղքատության մակարդակ,% 56,1 49,3 34,6 29,8 26,5 25,0 23,5 34,1
Ծայրահեղ աղքատության մակարդակ,% 21,0 17,0 6,4 4,6 4,1 3,8 3,1 3,6

ՀՀ-ում աղքատության ընդհանուր ու պարենային շեմերի շարժը 1999-2009 թվականներին տրված է աղյուսակ 1-ում։ 1999-2009 թվականին ՀՀ աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակների շարժից (աղյուսակ 2) հետևում է, որ 1990-ական թվականների վերջին ՀՀ բնակչության կեսից ավելին աղքատ էր (1992 թվականին աղքատ է ճանաչվել բնակչության 92 %-ը), իսկ 1999-2008 թվականներին արձանագրվել է աղքատության մակարդակի աստիճան, կրճատում։ Աղքատության շեմից ցածր ՀՀ բնակչության մասնաբաժինը 56,1 %-ից նվազել է մինչև 23,5 %-ի։ Ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նույն ժամանակահատվածում կրճատվել է շատ ավելի արագ՝ 6,8 անգամ։

Այդուհանդերձ, 2008 թվականին ՀՀ բնակչության գրեթե 1/4-ը դեռևս աղքատ էր, իսկ շուրջ 100 հազար մարդ՝ ծայրահեղ աղքատ։ 2009 թվականին աղքատ բնակչության մասնաբաժինն առաջին անգամ 1999 թվականից հետո աճել է՝ կազմելով 34,1 %։ Նույնպիսի աճ (2008 թվականի համեմատությամբ՝ 1,7 անգամ) արձանագրել է նաև ծայրահեղ աղքատության ցուցանիշը։

Եկամուտների բաշխման բևեռացման փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էապես փոխվել է նաև եկամուտների բաշխման բևեռացումը. 2001 թվականին առավել շատ եկամուտներ ունեցող 10 % բնակչությանը պատկանում էր ողջ եկամուտների 39,4 %-ը, իսկ ամենաքիչ եկամուտներ ունեցող 10 %թվականին՝ 1,5 %-ը, այսինքն՝ բնակչության ամենահարուստ խավի 10 %-ի եկամուտներն ամենաաղքատ խավի 10 %-ի եկամուտները գերազանցել են 26,3 անգամ։ 1976 թվականին բարձր վարձատրվող աշխատողների 10 %-ի եկամուտները ցածր վարձատրվողների 10 %-ի եկամուտները գերազանցել են ընդամենը 3,35 անգամ, իսկ 1986 թվականին՝ 3,38 անգամ։ 1996-1999 թվականներին բնակչության եկամուտների բաշխման անհավասարությունն արտահայտող Ջինի գործակիցը եղել է 0,59, 2004-2008 թվականներին այն նվազել է մինչև 0,389-ի, իսկ 1987-1990 թվականներին՝ 0,27-ի (այս ցուցանիշի նվազումը նշանակում է կենսամակարդակի բարձրացում)։

Ջինի գործակիցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2009 թվականին կիրառած նոր մեթոդաբանության՝ Ջինի գործակիցը 2008 թվականին ՀՀ-ում կազմել է 0,339, 2009 թվականին՝ 0,355: 2010-2011 թվականներին տեղի է ունեցել պարենի համաշխարհային գների կտրուկ բարձրացում, որի հետևանքով ՀՀ-ում սպառողական գներն աճել են միջինը 8,2 %-ով։ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ամենամյա զեկույցի համաձայն՝ 2010 թվականին ՀՀ մարդկային զարգացման համաթիվը (այս թվի աճը նշանակում է բարեկեցության բարձրացում) 0,695 էր, ըստ որի՝ ՀՀ-ն 169 երկրների շարքում զբաղեցրել է 76-րդ տեղը։ 2008 թվականին ընդունված ՀՀ կայուն զարգացման ծրագրով՝ 2012-2021 թվականների համար նախատեսված է աղքատության մակարդակի իջեցում 15-ից՝ 7 %-ի, ծայրահեղ աղքատության նվազեցում մինչև 1,2 %-ի, առողջապահության ծախսերը հասցնել մինչև ՀՆԱ-ի 3,5 %-ի, կրթության ծախսերը՝ 4,5 %-ի, սոցիալական ծախսերը՝ 8 %-ի, և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։