Կրոնի պատմության պետական թանգարան
Կրոնի պատմության պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սանկտ Պետերբուրգ |
Վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հասցե | Санкт-Петербург, Почтамтская ул, 14/5 |
Հիմնադրվել է | 1932 |
Կայք | gmir.ru |
Կրոնի պատմության պետական թանգարան (ռուս.՝ Государственный музей истории религии, նախկինում՝ Կրոնի ու աթեիզմի պատմության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանի միակ[1] ու աշխարհի այն փոքրաթիվ թանգարաններից է, որի ցուցադրությունները նվիրված են կրոնի առաջացման ու զարգացման պատմությանը։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 180 000 ցուցանմուշ, որոնցից ամենահինը վերաբերում է մ.թ.ա. VI հազարամյակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնի պատմության թանգարանը կազմավորվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կազմում ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահության 1931 թ. ապրիլի 26-ի որոշման հիման վրա։ Թանգարանառանցքը կազմում էր հակակրոնական ցուցադրությունը, որ 1930 թ. բացվել էր Լենինգրադում՝ Ձմեռային պալատում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1932 թ. նոյեմբերի 15-ին։ Թանգարանի բացման նախաձեռնողն ու նրա առաջին տնօրենը եղել է ռուս անվանի գիտնական, կրոնի պատմաբան, էթնոգրաֆ ու մարդաբան Վլադիմիր Բոգարեզը (1865—1936)։ Թանգարանի կազմակերպմանն ու հետագա գործունեության շարունակմանը մեծապես նպաստել է Միխայիլ Շախնովիչը, որ 1944-1960 թթ. զբաղեցրել է թանգարանի տնօրենի տեղակալի պաշտոնը։ 1976—1986 թթ. թանգարանի տնօրենն է եղել Յակով Կոժուրինը։
Մշտական ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Կրոնի պատմության պետական թանգարանում այցելուներին են ներկայացվում մշտական ցուցադրության հետևյալ բաժինները՝
- Ռուսական ուղղափառության պատմություն,
- կաթոլիկություն,
- բողոքականություն,
- Արևելքի կրոններ. բուդդայականություն, հինդուիզմ, կոնֆուցիականություն, դաոսականություն, սինտոիզմ,
- Իսլամ։
2012 թ. ապրիլի 26-ին թանգարանում բացվել են հետևյալ բաժինները՝
- Հնագույն հավատալիքներ ու ծեսեր,
- Հին աշխարհի կրոններ. պոլիտեիզմ,
- Հին աշխարհի կրոններ. հուդայականություն և մոնոթեիզմի առաջացումը
- Քրիստոնեության ծագումը։
2011 թ. փետրվարին թանգարանում բացվել է մանկական հատուկ բաժին, որտեղ գտնվող «Սկզբի սկիզբը» մշտական ցուցադրությունը ներկայացնում է աշխարհի առաջացումն ու նրա կառուցվածքը։
Կրոնի պատմության ու կրոնագիտության հարցերի գիտամեթոդական կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնի պատմության պետական թանգարանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության՝ համառուսաստանյան գիտամեթոդական կենտրոն, որը կրոնի պատմության ու կրոնագիտության գիտամեթոդական հարցերում օգնում է Ռուսաստանի թանգարաններին, որոնք զբաղվում են կրոնին վերաբերող առարկաների պահպանությամբ և ուսումնասիրությամբ։
Թանգարանի գիտական գրադարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքերի բաժինը (ներկայում՝ Գիտական գրադարան) ստեղծվել է 1932 թվականին։ Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է շուրջ 192 000 միավոր գիրք։ Այն կրոնի ու աթեիզմի հարցերին վերաբերող գրքերի ամենամեծ հավաքածուներից է և Ռուսաստանի միակ գրադարանն է, որտեղ այդպես ամբողջական ներկայացված է տարբեր բնագավառների վերաբերող գրականություն՝ քրիստոնեություն (ուղղափառություն, կաթոլիկություն, բողոքականություն), հուդայականություն, իսլամ, բուդդայականություն, դաոսականություն, սինտոիզմ և այլն։
Գրադարանում պահպանվում են նաև պատմությանը, փիլիսոփայությանը, հոգեբանությանը, հնէաբանությանը, ժողովրդագրությանը, կերպարվեստին, թանգարաններին վերաբերող գրքեր։
Գրադարանում պահպանվում են XVII—XXI դդ. հրատարակված գրքեր՝ հետևյալ բաժիններով՝
- Աստվածաշնչի հրատարակություններ,
- Մաոնական գրականության հավաքածու,
- Աստվածաբանական ու մինչհեղափոխական շրջանի գրքերի հավաքածու,
- Հոգևոր ակադեմիաների ու սեմինարիաների հրատարակությունների հավաքածու,
- XIX դարի երկրորդ կեսի ու XX դարի սկզբի կրոնափիլիսոփայական հրատարակությունների հավաքածու,
- Հին ծիսական գրականության հավաքածու,
- 1920—1930-ական թթ. հակակրոնական գրականության հավաքածու,
- Թանգարանի աշխատակիցների աշխատությունների հավաքածու,
- Եվրոպական լեզուներով գրքերի «Rossica» հավաքածու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի կայքը
- «Իսլամի պատմությունն ու մշակույթը» Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
- Պաղեստինյան կայսերական ուղղափառ միության լուսանկարները Կրոնի պատմության պետական թանգարանում Արխիվացված 2014-11-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրոնի պատմության պետական թանգարան» հոդվածին։ |
|