Կարլ Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Շմիդտ
Carl Schmitt
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1888
ԾննդավայրՊլեթենբերգ, Զաուերլենդ, Գերմանիա Գերմանիա
Մահացել էապրիլի 7, 1985
Մահվան վայրՊլեթենբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա, Գերմանիա Գերմանիա
ԳերեզմանՊլետենբերգ
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
ԱզգությունԳերմանացի
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Բեռլինի համալսարան և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1910)
Գիտական աստիճանԻրավագիտության դոկտոր և հաբիլիտացիա
ԵրկերThe Concept of the Political? և Land und Meer?
ՄասնագիտությունՔաղաքագետ, իրավաբան
ԱշխատավայրՄյունխենի տեխնիկական համալսարան, Բոննի համալսարան, Կյոլնի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, HU Berlin և Բեռլինի բարձրագույն կոմերցիոն ուսումնարան
ԱմուսինPavla Dorotić?[1] և Duška Schmitt?[1]
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
ԵրեխաներAnima Schmitt de Otero?
 Carl Schmitt Վիքիպահեստում

Կարլ Շմիդտ (գերմ.՝ Carl Schmitt, հուլիսի 12, 1888(1888-07-12)[2][3][4][…], Պլետենբերգ, Märkischer Kreis, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - ապրիլի 7, 1985(1985-04-07)[2][3][4][…], Պլետենբերգ, Märkischer Kreis, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքագետ և իրավաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Գիտական գործունեության սկզբում նրա առավել նշանակալի գործերն են՝

  • «Քաղաքական ռոմանտիկա»
  • «Դիկտատուրա»
  • «Քաղաքական թեոլոգիա»
  • «Ժամանակակից պառլամենտարիզմի հոգևոր-պատմական դրությունը»
  • «Քաղաքականի հասկացությունը»

Լինելով Վեյմարյան Գերմանիայի ամենաազդեցիկ իրավաբաններից մեկը՝ Շմիդտն ապացուցել է ուժեղ պետության և կուսակցությունների անհրաժեշտությունը։ Ֆաշիստական բռնապետության հաստատումից հետո նա անցնում է նացիստների կողմը և մինչև 1936 թվականը զբաղեցնում է ծանրակշիռ պաշտոններ կուսակցական-պետական հիերարխիայում։ 1936 թվականին նա հրաժարվել է բոլոր պաշտոններից։ Ուշադրությունը կենտրոնացրել է գիտական և դասախոսական աշխատանքի վրա՝ որպես Բեռլինի համալսարանի պրոֆեսոր։ Այդ ժամանակահատվածում նա գրել է «Թոմաս Հոբսի Լևիաթանը», որտեղ առկա է թաքնված քննադատություն նացիստական ռեժիմի դեմ։

Քաղաքականի հասկացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պետություն» հասկացությունը ենթադրում է քաղաքական հասկացությունը։ Պետություն բառի բուն իմաստով և իր պատմական ծագմամբ ժողովրդի դրության հատուկ տեսակ է, այնպիսի ստատուս, կարգավիճակ, որը վճռական դեպքերում հանդես է գալիս որպես կարևորագույն։ Երկու չափանիշները՝ ստատուս և ժողովուրդ, իմաստ են ստանում միայն շնորհիվ ավելի լայն չափանիշի, այսինքն՝ քաղաքականի։ Եվ եթե սխալ ենք հասկանում վերջինիս էությունը, անհասկանալի են դառնում նաև մյուսները։ Հազվագյուտ կարելի է հանդիպել «քաղաքականի» հստակ սահմանման։ Շատ հաճախ այն օգտագործվում է բացասական իմաստով, այն էլ այնպիսի հակաթեզիսներով, ինչպիսիք են՝ «քաղաքականություն և բարոյականություն», «քաղաքականություն և տնտեսություն», «քաղաքականություն և իրավունք» և այլն։ Պետությունն այդ դեպքում երևում է որպես քաղաքական, իսկ քաղաքականը՝ ինչ-որ տեղ պետական։ Այս սահմանումներն, իհարկե, անբավարար են։ «Պետականի և քաղաքականի» հավասարեցումը, ըստ Շմիդտի, ճիշտ չէ և մոլորության մեջ է գցում մարդկանց։ Որքան շատ են պետությունը և հասարակությունը ձգում միմյանց, բոլոր հարցերը, որոնք նախկինում պետական էին, դառնում են հասարակական, և հակառակը։ Այս դեպքում որոշակի չեզոք ոլորտները՝ մշակույթ, կրոն, կրթություն և այլն, դառնում են ոչ չեզոք։ Այս պայմաններում հանդես է գալիս տոտալ պետությունը պետության և հասարակության նույնությամբ, որը և չի մասնակցում ոչ մի առարկայական ոլորտում, բայց որը պոտենցիալ ընդգրկում է ողջ ոլորտը։ Քաղաքականի կատեգորիան լավ հասկանալու համար պետք է ներմուծել նրան հատուկ չափանիշները։ Այսպես, բարոյականության ոլորտում տարբերությունները հանգում են հիմնականում «բարի» և «չար», գեղագիտության ոլորտում՝ «գեղեցիկ» և «տգեղ», տնտեսության ոլորտում՝ «օգտակար» և «վնասակար» կատեգորիաների միջև։

Կան արդյոք այսպիսի տարբերություններ «քաղաքականի» հետ կապված։ Սպեցիֆիկ քաղաքական տարբերակումը, որին կարելի է հանգեցնել քաղաքական գործողությունները և դրդապատճառները՝ ընկեր և թշնամի կատեգորիաների տարբերակումն է։ Վերևում թվարկված հակադրությունները չի կարելի խառնել քաղաքականի հակադրությունների հետ։ Ընկեր-թշնամի հակադրության իմաստն այն է, որ ցույց տրվի կամ նշանակվի միացման կամ բաժանման ինտենսիվության աստիճանը։ Այդ տարբերությունը կարող է գոյություն ունենալ և տեսականորեն, և պրակտիկորեն՝ անկախ այն բանից, միաժամանակ կիրառվում են արդյոք այդ բոլոր բարոյական, գեղագիտական, տնտեսական կամ այլ տարբերությունները։ Պարտադիր չէ, որ քաղաքական թշնամին լինի բարոյապես չար կամ գեղագիտորեն տգեղ կամ տնտեսապես անմրցունակ, այլ կարող է նույնիսկ լինել ճիշտ հակառակը, օրինակ տնտեսապես մրցունակ։ Քաղաքական թշնամին ուրիշ է, օտար է. իր գոյության համար բավական է նաև այն, որ նա օտար է, այնպես որ էքստրեմալ իրավիճակներում հնարավոր են կոնֆլիկտներ նրա հետ, որոնք չեն կարող լուծում ստանալ նախապես ընդունված համընդհանուր նորմերով, ոչ էլ «անկողմնակալ երրորդի» մասնակցությամբ։ Այսպիսով, թշնամին ոչ մրցակից է և ոչ էլ հակառակորդ։ Թշնամին, ըստ ռեալ հնարավորության միայն պայքարող մարդկանց ամբողջություն է, որը հակադրվում է հենց այդպիսի այլ ամբողջության։ Քաղաքական իմաստով թշնամուն չի պահանջվում ատել, այլ հակառակը, սիրել «իր թշնամուն», այսինքն իր հակառակորդին։ Բոլոր քաղաքական հասկացությունները, պատկերացումները և բառերը ունեն պոլեմիկական(բանավեճային) իմաստ, նրանք ենթադրում են մրցակցային հակադրություն, կապված են կոնկրետ իրավիճակի հետ, որի վերջնական հետևանքը «ընկեր-թշնամի» խմբերի բաժանումն է, և վերջապես դրանք դառնում են դատարկ և վերացական, երբ այդ իրավիճակը չքանում է։ Այդպիսի բառեր են, օրինակ «պետություն», «հանրապետություն», «հասարակություն», «դաս», «սուվերենիտետ», «բռնապետություն» և այլն, որոնք անհասկանալի են, եթե հայտնի չէ ով է հաղթում, ով պետք է պարտվի և այլն։ Նմանապես պոլեմիկ բնույթ ունի նաև «քաղաքական» բառը։

«Թշնամի» հասկացությունը ենթադրում է պայքարի ռեալ հնարավորություն։ Այստեղ պետք է հրաժարվել բոլոր պատահական, պատմական զարգացման ենթակա փոփոխություններից պատերազմի վարման տեխնիկայում և զենքի պատրաստման ոլորտում։ Պատերազմը զինված պայքար է կազմակերպված քաղաքական միավորների միջև, քաղաքացիական պատերազմը զինված պայքար է որոշ կազմակերպված միավորների ներսում։ «Թշնամի» և «պայքար» բառերը նշանակում են ոչ մրցակցություն, ոչ բանավեճի հոգևոր պայքար, ոչ սիմվոլիկ մարտ, մաքառում, որի մեջ ընկնում է յուրաքանչյուր մարդ, քանի որ ողջ մարդկային կյանքը պայքար է մարդկանց միջև, և յուրաքանչյուր մարդ մարտիկ է։

«Ընկեր», «թշնամի» և «պայքար» հասկացությունները իրենց ռեալ իմաստը ստանում են այն բանի շնորհիվ, որ վերջինը ուրիշի կեցության էական բացառումն է, մերժումը։ Պատերազմը թշնամության ծայրագույն իրականացումն է։ Քաղաքական կեցությունը ոչ այլ ինչ է, քան արյունալի պատերազմ, իսկ յուրաքանչյուր քաղաքական գործողություն ռազմական և մարտական գործողություն է։ «Ընկեր-թշնամի» հասկացությունները որպես տարբերակման չափանիշներ չեն նշանակում, որ որոշակի ժողովուրդ հավերժ պետք է լինի ընկեր կամ թշնամի մի այլ ժողովրդի կամ նրանց միջև չեզոքությունը անհնար է կամ չի կարող ունենալ քաղաքական իմաստ։ Միայն չեզոքություն հասկացությունը, ինչպես և յուրաքանչյուր քաղաքական հասկացություն, վերջին հաշվով ենթադրում է ռեալ հնարավորություն «ընկեր-թշնամի» խմբերի բաժանման համար։ Իսկ եթե երկրի վրա մնար միայն չեզոքությունը, ապա վերջ կդրվեր ինչպես ամեն մի պատերազմի, այնպես էլ չեզոքությանը ու ամեն մի քաղաքականությանը։ Ցանկացած հակադրություն՝ կրոնական, բարոյական, տնտեսական կամ էթնիկական, փոխակերպվում է քաղաքական հակադրության, եթե այն բավական ուժեղ է այն բանի համար, որպեսզի արդյունավետ կերպով բաժանի մարդկանց ընկերների և թշնամիների։

Որպես կարևոր քաղաքական միասնություն, պետությանն է պատկանում պատերազմի իրավունքը, այսինքն տվյալ իրավիճակում սեփական որոշմամբ որոշել թշնամուն և պայքարել նրա դեմ։ Թե ինչպիսի տեխնիկական միջոցներով կտանի պայքարը, տվյալ դեպքում միևնույն է, քանի որ միասնական ժողովուրդը պատրաստ է պայքարել իր գոյության և անկախության համար, մանավանդ որ իր սեփական որոշմամբ տարբերակում է, թե ինչում է իր անկախությունը և ազատությունը։ Ռազմական տեխնիկայի զարգացումը, թվում է՝ հանգեցնում է նրան, որ դեռևս մնացել են շատ քիչ պետություններ, որոնց արդյունաբերական հզորությունը թույլ է տալիս հրահրելու պատերազմ այն ժամանակ, երբ փոքր և թույլ պետությունները կամավոր կամ հարկադրված հրաժարվում են պատերազմի իրավունքից, եթե չեն կարողանում իրենց ինքնուրույնությունը պահպանել ճիշտ քաղաքականության միջոցով։ Այդ զարգացումը, սակայն, չի նշանակում, որ պատերազմը, պետությունը և քաղաքականությունը ընդհնարապես վերացել են։ Մարդկության պատմության զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխություններից և հեղաշրջումներից յուրաքանչյուրը ծնել է քաղաքական բաժանման նոր ձևեր և նոր որակներ (ընկեր-թշնամի բաժանման), վերացրել է նախկինում գոյություն ունեցող քաղաքական կազմավորումները, հանգեցրել է արտաքին և քաղաքացիական պատերազմների։

Պետությունը, որպես կարևորագույն քաղաքական միասնություն, իր մեջ խտացրել է անհավանական լիազորություններ. հնարավորություն պատերազմ մղելու և դրանով իսկ բացահայտ տնօրինելու մարդկանց կյանքը։ Պատերազմի իրավունքը բովանդակում է լիազորություն, որը նշանակում է երկակի հնարավորություն, հնարավորություն պահանջելու սեփական ժողովրդից պատրաստակամություն մեռնելու և պատրաստակամություն սպանելու նրանց, ովքեր ներկայացնում են թշնամուն։ Սակայն նորմալ պետության թողած տպավորությունը ամենից առաջ այն է, որ ստեղծի լիակատար խաղաղության մթնոլորտ պետության ներսում և նրան պատկանող տարածքներում, հաստատի «հանգստություն, անվտանգություն և կարգուկանոն»։

Ծայրահեղ իրավիճակներում ներպետական խաղաղության անհրաժեշտությունը հանգեցնում է նրան, որ պետությունը, որպես քաղաքական միասնություն կատարյալ ինքնիշխան է, քանի դեռ այն գոյություն ունի, պետությունը որոշում է իր «ներքին թշնամուն»։ Դա կախված է նրանց վարքից, ովքեր համարվում են թշնամիներ, իսկ դա նշան է քաղաքացիական պատերազմի, այսինքն պետության քայքայման, որպես քաղաքական, տարածքային միասնության։ Քաղաքացիական պատերազմի միջոցով վճռվում է այդ միասնության հետագա ճակատագիրը։ Սահմանադրությունները, որոնք բովանդակում են ճշմարիտ պատերազմի պահանջները, սովորաբար ծառայում են որոշակի քաղաքական նպատակների։ Պահանջել ժողովրդից, որ նա պատերազմը վարի ճշմարիտ հիմքերով, երկակի իմաստ ունի, այսինքն կամ դա նշանակում է, որ պատերազմ պետք է մղել միայն իրական թշնամու դեմ, կամ էլ դրա տակ թաքնված է այն քաղաքական նկատառումը, որի դեպքում ջանք է թափվում պատերազմի իրավունքի տնօրինումը տալ ուրիշի ձեռքը և գտնել ճշմարտության այնպիսի նորմեր, որոնց բովանդակությունը և կիրառումը առանձին դեպքերում պետք է որոշի ոչ թե պետությունը, այլ ինչ-որ ուրիշ, երրորդ կողմ, որն էլ պետք է որոշի, թե ով է թշնամին։ Քանի դեռ ժողովուրդը գոյություն ունի քաղաքական ոլորտում, նա պետք է, թեկուզև ծայրահեղ դեպքերում, որոշի ընկերոջ և թշնամու տարբերությունները։ Սրանում է նրա քաղաքական էկզիստենցիայի (գոյության) էությունը։ Եթե նա չունի ընդունակություններ և կամք տարբերակելու ընկերոջը թշնամուց, նա դադարում է քաղաքականապես գոյություն ունենալուց։ Եթե նա թույլ է տալիս, որ իր փոխարեն ինչ-որ մեկը որոշի, թե ով է իր թշնամին և ում դեմ պետք է պայքարի, ապա նա այլևս չի համարվում քաղաքականապես ազատ ժողովուրդ և ենթակա է այլ քաղաքական համակարգի։ Պատերազմի իմաստն այն չէ, որ նա տարվում է հանուն իդեալների կամ իրավական նորմերի, այլ այն, որ տարվում է իրական թշնամու դեմ։ Եթե ժողովրդի մի մասը հայտարարում է, որ ինքը թշնամի այլևս չունի, ապա դրանով իսկ իրեն դնում է թշնամիների կողքին և օգնում է նրանց։ Եթե որևէ պետության քաղաքացին հայտարարում է, որ ինքն անձնապես թշնամի չունի, ապա դա կապ չունի քննարկվող հիմնախնդրի հետ, քանի որ մասնավոր անձը քաղաքական թշնամիներ չի կարող ունենալ։ Լավագույն դեպքում նա դրանով ուզում է ասել, որ կցանկանար դուրս գալ այդ քաղաքական ամբողջությունից, որին պատկանում է և կուզեր ապրել միայն որպես մասնավոր անձ։ Այնուհետև մոլորություն է կարծել, որ առանձին մեկ ժողովուրդ կարող է ընկերություն հաստատել ամբողջ աշխարհի հետ։ Եթե ինչ-որ ժողովուրդ վախենում է դժվարություններից և քաղաքական էկզիստենցիայի վտանգներից, ապա կգտնվի մեկ այլ ուրիշ ժողովուրդ, որն իր վրա կվերցնի այդ դժվարությունները, ինչպես նաև «պաշտպանությունն արտաքին թշնամիների դեմ» և դրանով իսկ քաղաքական պետությանը։ Այնուհետև հովանավորը կորոշի թշնամուն՝ ենթարկման և հավերժ պաշտպանության ուժով։ Այսպիսով, քաղաքականի կատեգորիալ վերլուծությունից հետևում է պետությունների պլյուրալիզմը։ Քաղաքական միասնությունը ենթադրում է թշնամու ռեալ հնարավորություն, ինչպես նաև դրա հետ համատեղ գոյություն ունեցող մեկ այլ քաղաքական միասնություն։ Դրա համար Երկրի վրա, քանի դեռ ընդհանրապես գոյություն ունի պետությունը, կան շատ պետություններ, և չի կարող լինել ողջ մարդկությունը և երկրագունդն ընդգրկող համաշխարհային պետություն։ Քաղաքական աշխարհը իր էությամբ չի կարող լինել ունիվերսալ ընդգրկող ողջ մարդկությանը և աշխարհը։ Հակառակ դեպքում ընկեր-թշնամի տարբերակումը կվերանա նույնիսկ ռեալ իրականության մեջ, այն ժամանակ քաղաքականությունից ազատ կլինեն և աշխարհայացքը, և մշակույթը, տնտեսությունը, բարոյականությունը, իրավունքը, արվեստը և մնացած ոլորտները, սակայն չի լինի ոչ քաղաքականություն, ոչ պետություն։ Կլինի արդյոք այդպես, թե ոչ։ Շմիդտը կարծում է, որ վաղ է այդ մասին մտածել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 (unspecified title)ISBN 978-3-658-22453-0
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Deutsche Nationalbibliothek Record #11860922X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.