Կարինե Խուդաբաշյան
Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան) | |
---|---|
Ծնվել է | 1929 հուլիսի 7 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | նոյեմբերի 17, 2015 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Ամուսին | Գագիկ Սարգսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն |
Երեխաներ | Նազենիկ Սարգսյան |
Կարինե Էմանուելի Խուդաբաշյան (Սարգսյան) (հուլիսի 7, 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 17, 2015, Երևան, Հայաստան), հայ երաժշտագետ։ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Խուդաբաշյանը ծնվել է 1929 թվականին, Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1952 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Գ. Տիգրանով)։ 1953 թվականին սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի պետական կոնսերվատորիայի, ապա ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Քրիստափոր Քուշնարյան)։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Խուդաբաշյանը 1960 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում։ 1968 թվականից Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ է։ 1975-1981 թվականներին եղել է միության երաժշտագիտական սեկցիայի նախագահը, 1979-1998 թվականներին՝ վարչության անդամ, 1980-1989 թվականներին՝ «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ[2]։
Կարինե Խուդաբաշյանի վաստակը շատ մեծ է՝ հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների, տեսական երաժշտագիտության հիմնահարցերի ուսումնասիրության գործում։ Երաժշտագետն իր հեղինակավոր խոսքն է ասել ինչպես երաժշտության պատմության, այնպես էլ էթնոերաժշտագիտության և երաժշտական քննադատության ասպարեզում։ Նրա 3 մենագրություններն ու ավելի քան 60 գիտական հոդվածները տպագրվել են Հայաստանում, Մոսկվայում, Լենինգրադում, Տաշքենդում, շուրջ 5 տասնյակի են հասնում ժամանակակից երաժշտական կյանքին նվիրված նրա հրապարակախոսական հոդվածները։ Համատեղել է գիտնական-հետազոտողի և գիտության կազմակերպչի աշխատանքները։ Նրա կազմակերպած 30 էթնոգրաֆիկ գիտարշավների ընթացքում գրառվել են ժողովրդական և գործիքային նվագների 2000-ից ավելի նմուշներ, որոնց շնորհիվ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի ֆոնդի նմուշների թիվը գերազանցել է 20000 միավորի սահմանը։ Դեռևս 1985-ին Արվեստի ինստիտուտում հիմնվեց «Հայ ավանդական երաժշտության» մատենաշարը. նախագծի հեղինակն ու գլխավոր խմբագիրն էր Կարինե Խուդաբաշյանը։ Մատենաշարի հրատարակման նախապատրաստման նպատակով Ժողովրդական երաժշտության բաժինը ձեռնամուխ է եղել ձայնադարանում պահպանվող ժողովրդական երաժշտության նմուշների քարտավորմանն ու անձնագրավորմանը։ Ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, պետական պատվերի շրջանակներում, Կարինե Խուդաբաշյանի խմբագրությամբ հրատարակվել են մատենաշարի 12 հատորները։ 13-րդ հատորը Արվեստի ինստիտուտն ու մատենաշարի գիտաստեղծագործական կոլեկտիվը նվիրել է Կարինե Խուդաբաշյանի հիշատակին։
1991 թականին ի Նշան Կարինե Խուդաբաշյանի վաստակի գնահատման՝ գիտնականի 70-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայ նշանավոր կին գիտնականներ․ նյութեր կենսամատենագիտության»՝ մատենաշարի առաջին հատորը՝ «Կարինե Էմանուելի Խուդաբաշյան» արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անահիտ Բաղդասարյանի ծավալուն առաջաբանով։
2011 թվականին Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ պետական պատվերով լույս է տեսել Կարինե Խուդաբաշյանի «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» մենագրությունը։ Սա հայ ժողովրդական, ժողովրդապրոֆեսիոնալ և կոմպոզիտորական երաժշտության պատմատեսական հետազոտություն է, որը շարադրվել է մշակույթի ներազգային ու միջազգային կոմպոնենտների (բանաստեղծական և երաժշտական տեքստեր, գրական և պատմական աղբյուրներ, առասպելաբանություն, կրոն, ծեսեր և այլն) բաղադրական քննությամբ։
2003 թվականի նոյեմբերի 13-ին Կարինե Խուդաբաշյանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտը գումարել է Արամ Քոչարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտաժողով, որից հետո լույս է տեսել գիտաժողովի նյութերի ժողովածուն։
2008 թվականին Կարինե Խուդաբաշյանի անմիջական ջանքերով ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի որոշմամաբ լույս է ընծայվել Արամ Քոչարյանի անտիպ թեկնածուական ատենախոսությունը՝ «Հարկանային և շնչական երաժշտական գործիքները Հայաստանում» վերնագրով․ սա իր տեսակի մեջ մինչ օրս չգերազանցված աշխատություն է։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ վաստակագրով։
- 2011 թվականին Կարինե Խուդաբաշյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գրիգոր Եղիազարյան» (1966)
- «Армянская музыка на пути от монодии к многоголосию» (1977)
- «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания»[3] (2011, 2013 թվականներին արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կողմից հայտարարված լավագույն կոմպոզիտորական և երաժշտագիտական ստեղծագործությունների համահայկական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոյեմբերի 17 մահեր
- 2015 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հայ երաժշտագետներ
- Թիֆլիս քաղաքում ծնվածներ
- Արվեստագիտության թեկնածուներ