Լիքվիդամբար խեժատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիքվիդամբար խեժատու
Լիքվիդամբար խեժատու
Լիքվիդամբար խեժատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Ալթինգիայիններ (Altingiaceae)
Ցեղ Լիքվիդամբար (Liquidambar)
Տեսակ Լիքվիդամբար խեժատու (L. styraciflua)
Միջազգային անվանում
Liquidambar styraciflua
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լիքվիդամբար խեժատու (լատին․՝ Liquidambar styraciflua), համամելազգիների ընտանիքի, լիքվիդամբար ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ մինչև 45 մ բարձրությամբ, ուղիղ, սլացիկ բնով, որի տրամագիծը հասնում է 120-150 սմ-ի, նեղ, ձվաձև սաղարթով։ Երիտասարդ ընձյուղները սկզբում ծածկված են ելունդավոր, շիկավուն մազիկներով, ավելի ուշ՝ թևանման ելուստներով, կարմրագորշավուն են։ Բնի կեղևը խոր-ակոսավոր է, մուգ մոխրավուն։ Տերևները 5-7 խոր թաթաբլթակավոր են, 10-18 սմ երկարությամբ, փայլուն, վերևից մուգ կանաչ, ներքևից՝ ավելի բաց գույնի, աշնանը ստանում են մուգ մոռագույն գունավորում։ Բլթակները երկարավուն-եռանկյուն են, սրածայր, մանր-ատամնաեզր։ Տերևակոթունները հասնում են 6-18 սմ երկարության։ Տերևակիցները մանր են։ Առէջային ծաղիկները հավաքված են ծայրային ողկույզներում, ծածկված շիկավուն մազմզուկներով։ Վարսանդայինները հավաքված են միայնակ, դեպի ցած հակված գլխիկներում։ Պտղաբույլերը գնդաձև են, 2,5-3,5 սմ տրամագծով և ծառի վրա պահպանվում են ողջ ձմռան ընթացքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Ֆլորիդա, Օհայո, Ինդիանա, Օկլահոմա, Միսսիսիպի գետի ստորին հոսանքներում, Կենտրոնական և Հարավային Մեքսիկայի լեռներում և Գվատեմալայում, ցածրադիր, շրով ամեն տարի ողողվող տեղամասերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ, ստրուկտուրային հողեր։ Բազմանում է սերմերով, որոնք տրատիֆիկացիայի կարիք են զգում։ Հայաստան է ներմուծվել 30-ական թվականներին և մշակվել է Երևանի կանաչ գոտում, որտեղ պաշտպանված վայրերում լավ է աճում, հազվադեպ է ցրտահարվում և աչքի է ընկնում դեկորատիվ բարձր ատկանիշներով։ ճրաշալի է աճում Իջևանի, դենդրարիում, որտեղ բոլորովին չի ցրտահարվում, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել Հայաստանի մերձարևադարձային շրջաններում։ Արարատյան դաշտի տաք միկրոշրջաններում կարելի է մշակել սահմանափակ քանակությամբ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնափայտը կարմրագորշավուն է, ծանր, ամուր, օգտագործվում է զենքերի փայտյա մասերը պատրաստելու, կահույքի, տարայի, լավագույն ֆաներայի արտադրությունում, թղթի արդյունաբերության, ինչպես նաև վագոնաշինության և ինքնաթիռաշինության բնագավառում։ Հայաստանում արդյունաբերական կիրառում չունի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 136։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիքվիդամբար խեժատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիքվիդամբար խեժատու» հոդվածին։