Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Լյուբլյանա)
Ժամանակակից արվեստի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և շենք |
Երկիր | Սլովենիա |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Վայր | Լյուբլյանա |
Հիմնադրվել է | 1947 |
Կայք | mg-lj.si(սլովեն.)(անգլ.) |
Ժամանակակից արվեստի պատկերասրահ Լյուբլյանայում[1] (սլովեն.՝ Moderna galerija, MG), պատկերասրահ Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում։ Հիմնադրվել է 1948 թվականին։ 20-րդ և 21-րդ դարերի Սլովենիայի արվեստի գործերի կենտրոնական թանգարանն ու պատկերասրահն է[2]։
2011 թվականի նոյեմբերին, Մետելկովայի մշակութային թաղամասի նոր շինության վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այն դարձել է Ժամանակակից արվեստի թանգարանի մի մասը, որը ստացել է «MG + MSUM» կրճատ անվանումը։ 2009 թվականի դրությամբ պատկերասրահի հավաքածուն ներառել է 502 քանդակ, 1301 կտավ, 3079 փորագրություն, որոնք ստեղծել են ինչպես սլովենացի, այնպես էլ արտասահմանցի նկարիչները[3], բացի այդ, հավաքածուում ներառված են նաև 11069 նկարներ և մոտ 2000 լուսանկար[4]։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուբլյանայում ժամանակակից արվեստին նվիրված ազգային թանգարան և ցուցահանդեսային տարածք ստեղծելու նախաձեռնությունը, անկախ Ազգային պատկերասրահից, պատկանել է արվեստագետ և քննադատ Իզիդոր Կանկարին, ով այդ աշխատանքները սկսել է 1930-ական թվականներին։ Նոր թանգարանի շենքի կառուցումը ֆինանսավորվել է արդյունաբերող Դրագոտին Խրիբարի ժառանգությունից։
Թանգարանի նոր շենքը 1930-ականներին նախագծել է սլովենացի ճարտարապետ Էդվարդ Ռավնիկարը (1907-1993)։ Նախագիծը ստեղծվել է ժամանակակից արվեստի համար թանգարանային շենքի կարիքների և գործառույթների «հանգամանորեն քննարկումից» հետո․ Ռավնիկարը նախատեսել է «չեզոք» շենք՝ «սպիտակ խորանարդի» հայեցակարգի շրջանակներում, որտեղ ցուցահանդեսային տարածքները հավասար կլինեն։ Կենտրոնական սրահը միակ շինությունն է եղել, որտեղից կարելի էր մուտք գործել այլ սենյակներ, մնացած սրահները հնարավորություն էին տալիս ինքնուրույն տեղակայել զանազան ժամանակավոր ցուցադրություններ և ցուցանմուշների մշտական հավաքածուներ։ Ճարտարապետական որոշումները կայացվել են Ռավնիկարի ուսուցչի՝ Յոժե Պլեչնիկի նկատելի ազդեցության ներքո, ինչը հատկապես նկատելի է ճակատի և պատուհանների մասով՝ ամբողջ նախագծի ռացիոնալ և ֆունկցիոնալ տարրերն իրենց արմատներն ունեին Շառլ Էդուար լը Կորբյուզիեի նախագծերին բնորոշ մոդեռնիստական ճարտարապետության մեջ, որի ղեկավարությամբ Ռավնիկարը աշխատել է կարճ ժամանակ՝ 1939 թվականին։
Շինարարական աշխատանքները գրեթե ավարտվել են մինչև 1941 թվականը, սակայն դրանք դադարեցվել են պատերազմի հենց սկզբում և կիսակառույց շենքը ծառայել է որպես ռազմական պահեստ մինչև 1945 թվականը։ Աշխատանքները վերսկսվել են պատերազմի ավարտից հետո։ «Moderna galerija»-ն պաշտոնապես ստեղծվել է Սլովենիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության 1947 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ։ Որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 3-ին։ Պատկերասրահի առաջին տնօրենն է եղել նկարիչ Գոջմիր Անտոն Կոսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1948-1949 թվականներին։ Նրան փոխարինել է Կարելա Դոբիդան, ով ղեկավարել է պատկերասրահը մինչև 1957 թվականը։ Թանգարանի փաստացի ղեկավարը ստեղծման պահից եղել է Զորան Կրիժիշնիկը, ով պաշտոնապես ստանձնել է տնօրենի պաշտոնը 1957 թվականին և ղեկավարել պատկերասրահը մինչև 1986 թվականը։ Այնուհետև տնօրեներ են եղել Յուրե Միկուժը (1986–1992) և Զդենկա Բադովինացեպը (1993–2021)։
Ակտիվ ցուցահանդեսային գործունեությունը սկսվել է պատկերասրահի հիմնադրումից անմիջապես հետո․ 1951 թվականին բացվել է առաջին մշտական ցուցահանդեսը, որն այցելուներին ներկայացրել է սլովենական արվեստը՝ իմպրեսիոնիզմից մինչև 1950 թվականը։ Աստիճանաբար Moderna Galerija-ն հայտնի է դարձել իր ցուցահանդեսային գործունեությամբ․ նրա մի շարք նախագծեր զգալի ազդեցություն են ունեցել սլովենական արվեստի զարգացման վրա։ Մասնավորապես, պատկերասրահի դահլիճներում տեղի են ունեցել սլովենական իմպրեսիոնիզմի ցուցահանդեսը (1949), Ռիկո Դեբենյակի և Ստեյն Կրեգարի աշխատանքների ցուցահանդեսը (աբստրակտ արվեստ, 1953), Հենրի Մուրի (1955) և ավանգարդի խմբակային ցուցահանդեսները (1968 և 1969)։ 1979 թվականին այստեղ տեղի է ունեցել 1945 թվականից մինչև 1978 թվականը սլովենական արվեստի կարևոր պատմական ցուցահանդեսը։
Սոցիալիստական ժամանակներում պատկերասրահի ողջ հայեցակարգը «այնքան էլ չէր համապատասխանում» ժամանակակից արվեստի թանգարանի գերիշխող, այսինքն՝ արևմտաեվրոպական և ամերիկյան հարացույցին (մեթոդաբանության գաղափարին), Լյուբլյանայի պատկերասրահը փորձել է հետևել իր արևմտյան գործընկերների օրինակին «իր հնարավորությունների սահմաններում»։ Թեև պատկերասրահը ճարտարապետության և արվեստի ներկայացման մոդելների առումով հետևել է մոդեռնիզմի կանոններին, այնուամենայնիվ դրանք օգտագործել են որպես գաղափարական ճնշումից խուսափելու միջոց։
Մինչև նախկին Հարավսլավիայի փլուզումը պատկերասրահը հավաքել է սլովենացի նկարիչների գործերը՝ նրա ցուցահանդեսային քաղաքականությունը նույնպես ուղղված է եղել հիմնականում «Սլովենական գեղարվեստական արտադրանքը» ներկայացնելուն։ Բացառություն է եղել 1955 թվականին անցկացված գրաֆիկայի միջազգային բիենալեն։ 1985 թվականին դրա կազմակերպումը փոխանցվել է Միջազգային գրաֆիկական արվեստին, որը միևնույն ժամանակ դարձել է երկրի անկախ մշակութային հաստատություն։
1991 թվականին, Սլովենիայի անկախացումից հետո, Լյուբլյանայի պատկերասրահը դարձել է ակտուալ և ժամանակակից արվեստի հիմնական ազգային հաստատությունը, նրա ղեկավարությունն ավելի ու ավելի է ակտիվացել միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցում, մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այդ գործունեության արդյունքներից է 2000 թվականին ստեղծված «Arteast 2000» միջազգային հավաքածուն։ Շենքի կապիտալ վերանորոգման պատճառով պատկերասրահը փակվել է 2007թվականին, շենքի վերանորոգումն իրականացվել է բաց մրցույթում հաղթող ճանաչված «Bevk Perović arhitekti» ճարտարապետական ընկերության նախագծով։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի աշնանը։ Շենքը, որը ճարտարապետական հուշարձան է, պահպանել է իր բոլոր հիմնական հատկանիշները, զգալի փոփոխություններ են տեղի ունեցել միայն նրա նկուղում, որտեղ տեղակայված են ժամանակակից պահեստներ և լուսանկարչական ստուդիա, այդտեղ այցելուների համար ստեղծվել է երկու նոր տարածք՝ հանդիսադահլիճ և սրճարան։
Տարածքի սղության պատճառով պատկերասրահի ղեկավարությունը դեռ 1995 թվականին դիմել է Սլովենիայի Հանրապետության մշակույթի նախարարությանը ևս մեկ շենք տրամադրելու խնդրանքով. թանգարանի աշխատակիցների մոտ հետաքրքրություն է առաջացրել Մետելկովա փողոցում գտնվող նախկին Հարավսլավիայի ժողովրդական բանակի զորանոցի շենքերից մեկը։ 2000 թվականին, նույնիսկ մինչև գլխավոր շենքի վերակառուցումը, այնտեղ ներկայացվել է «Arteast 2000» հավաքածուն, որտեղ գտնվում է Մետելկովի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ժամանակակից արվեստի թանգարանը Մետելկովի թաղամասում բացվել է 2011 թվականի նոյեմբերի վերջին, պատկերասրահը և թանգարանը ձևական առումով համարվում են միասնական կազմակերպություն, բայց վարում են տարբեր ցուցահանդեսային քաղաքականություն։ Հին մասնաշենքը ավելի շատ մասնագիտացած է սլովենական մոդեռնիզմի ուղղությամբ, մինչդեռ նոր մասնաշենքում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում՝ կապված միջազգային պոստմոդեռնիզմի հետ։
2017 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պատկերասրահի շինություններում տեղի է ունեցել «The heritage of 1989: case study: the second Yugoslav documents exhibition» (Dediščina 1989: študijski primer: druga razstava Jugoslovanski dokumenti)[5][6], ժամանակավոր խմբակային ցուցահանդեսը՝ նվիրված Հարավսլավիայի գեղարվեստական ժառանգությանը, բացի երկու տասնյակից ավելի հեղինակների ստեղծած արվեստի գործերից, ցուցահանդեսում ներկայացվել են նաև Հարավսլավիայի փլուզմանը նախորդած 1980-ականների ժամանակաշրջանի պատմական փաստաթղթեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Проблемы обучения кураторов современного искусства». museum.ru. Музеи России. 2005 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Museum of Contemporary Art Metelkova (MSUM) - Culture of Slovenia». www.culture.si. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Museum of Modern Art Ljubljana (MG+MSUM)». ASEF culture360 (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Museum of Modern Art». www.visitljubljana.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Osemdeseta I Dediščina 1989. Študijski primer: druga razstava Jugoslovanski dokumenti / The Eighties I The Heritage of 1989. Case Study: The Second Yugoslav Documents Exhibition | Архива ЗаУм». arhiva.zaum.mk. Վերցված է 2024 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «OSEMDESETA | DEDIŠČINA 1989. ŠTUDIJSKI PRIMER: DRUGA RAZSTAVA JUGOSLOVANSKI DOKUMENTI». www.mg-lj.si.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000+ Arteast Collection: the art of Eastern Europe / a selection of works for the international and national collections of Moderna galerija Ljubljana: Orangerie Congress-Innsbruck, 14-21 November 2001; editor Mika Briški. — Wien: Folio, 2001. — 248 с. — ISBN 9783852562018
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Moderna galerija Ljubljana: Public Institution». artfacts.net (անգլերեն). Artfacts. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- «Moderna galerija (MG)». culture.si (անգլերեն). Ministry of Culture / Ljudmila Art and Science Laboratory. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի պատկերասրահ (Լյուբլյանա)» հոդվածին։ |