Ժամանակակից արվեստի թանգարան (Լյուբլյանա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Սլովենիա
ՏեղագրությունԼյուբլյանա
Հիմնադրվել էնոյեմբեր 2011
Կայքmg-lj.si

Ժամանակակից արվեստի թանգարան Մետելկովի թաղամասում[1] (սլովեն.՝ Muzej sodobne umetnosti Metelkova, MSUM, անգլ.՝ Museum of Contemporary Art Metelkova), պատկերասրահ Լյուբլյանայում։ Ստեղծվել է 2011 թվականի նոյեմբերին։ Գտնվում է քաղաքի «թանգարանային թաղամասում»՝ Մետելկովի փողոցի նախկին զորանոցային շինություններում։ Թանգարանային կենտրոնը ներառում է նաև Սլովենիայի ազգագրական թանգարանը և Սլովենիայի ազգային թանգարանը։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետելկովի թաղամասի Ժամանակակից արվեստի թանգարանի պատմությունը սկսվել է Լյուբլյանայում Ժամանակակից արվեստի պատկերասրահի (Moderna Galerija) հիմնադրմամբ։ Ժամանակակից արվեստին նվիրված ազգային թանգարան և ցուցահանդեսային տարածք ստեղծելու նախաձեռնությունը պատկանել է արվեստի պատմաբան և քննադատ Իզիդոր Կանկարին, ով այդ ուղղությամբ սկսել է աշխատանքներ տանել 1930-ական թվականներին։ Շինարարությունը ֆինանսավորվել է արդյունաբերող Դրագոտին Խրիբարի ժառանգությունից։

Թանգարանի նոր շենքը 1930-ական թվականներին նախագծել է սլովենացի ճարտարապետ Էդվարդ Ռավնիկարը (1907–1993)։ Նախագիծը ստեղծվել է ժամանակակից արվեստի թանգարանային շենքի կարիքների և գործառույթների «մանրազնին քննարկումից» հետո։ Ռավնիկարը մտադրվել է կառուցել «չեզոք» շենք «սպիտակ խորանարդի» հայեցակարգի շրջանակներում, որտեղ ցուցադրական տարածքները հավասար կլինեն։ Թեև կենտրոնական սրահը միակ շինությունն էր, որտեղից կարելի էր մուտք գործել այլ սենյակներ, մնացած սրահները հնարավորություն էին տալիս ինքնուրույն տեղակայել զանազան ժամանակավոր ցուցադրություններ և ցուցանմուշների մշտական ​​հավաքածուներ։ Ճարտարապետական ​​որոշումները կայացվել են Ռավնիկարի ուսուցչի Իոժե Պլեչնիկի նկատելի ազդեցության ներքո, ինչը հատկապես նկատելի է ճակատի և պատուհանների հատվածում։ Ամբողջ նախագծի ռացիոնալ և ֆունկցիոնալ տարրերն իրենց արմատներն ունեին Շառլ Էդուար լը Կորբյուզիեի նախագծերին բնորոշ մոդեռնիստական ​​ճարտարապետության մեջ, որի ղեկավարությամբ Ռավնիկարը կարճ ժամանակ աշխատել է 1939 թվականին։

Շինարարական աշխատանքները 1941 թվականին գրեթե ավարտվել են և դադարեցվել պատերազմի հենց սկզբում։ Անավարտ շենքը ծառայել է որպես ռազմական պահեստ մինչև 1945 թվականը։ Աշխատանքները վերսկսվել են պատերազմի ավարտից հետո։ «Moderna galerija»-ն պաշտոնապես ստեղծվել է Սլովենիայի Ժողովրդական Հանրապետության կառավարության 1947 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ։ Որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 3-ին։ Պատկերասրահի առաջին տնօրենն է եղել նկարիչ Գոջմիր Անտոն Կոսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1948-1949 թվականներին։ Նրան փոխարինել է Կարելա Դոբիդան, որը ղեկավարել է պատկերասրահը մինչև 1957 թվականը։ Թանգարանի փաստացի ղեկավարը ստեղծման պահից եղել է Զորան Կրիժիշնիկը, նա պաշտոնապես ստանձնել է տնօրենի պաշտոնը 1957 թվականին և ղեկավարել պատկերասրահը մինչև 1986 թվականը։ Այնուհետև 1986-1992 թվականներին տնօրեն է եղել Յուրե Միկուժը, որին 1992 թվականին փոխարինել է Զդենկա Բադովինացը։

Պատկերասրահում ակտիվ ցուցահանդեսային գործունեությունը սկսվել է հիմնադրումից անմիջապես հետո։ 1951 թվականին բացվել է առաջին մշտական ​​ցուցահանդեսը, որն այցելուներին ներկայացրել է սլովենական արվեստը՝ իմպրեսիոնիզմից մինչև 1950 թվականը։ Աստիճանաբար Moderna Galerija-ն հայտնի է դարձել իր ցուցահանդեսային գործունեությամբ, նրա մի շարք նախագծեր զգալի ազդեցություն են ունեցել սլովենական արվեստի զարգացման վրա։ Մասնավորապես, պատկերասրահի դահլիճներում տեղի է ունեցել սլովենական իմպրեսիոնիզմի ցուցահանդես (1949), Ռիկո Դեբենյակի և Ստեյն Կրեգարի աշխատանքների ցուցահանդեսը (աբստրակտ արվեստ, 1953), Հենրի Մուրի (1955) և ավանգարդի խմբակային ցուցահանդեսները (1968, 1969)։ 1979 թվականին այստեղ տեղի է ունեցել 1945-1978 թվականներին սլովենական արվեստի կարևոր պատմական ցուցահանդես։

Սոցիալիստական ​​ժամանակներում պատկերասրահի ողջ հայեցակարգը «այնքան էլ չէր համապատասխանում» ժամանակակից արվեստի թանգարանի գերիշխող, այսինքն՝ արևմտաեվրոպական և ամերիկյան պարադիգմային։ Լյուբլյանայի պատկերասրահը «իր հնարավորությունների սահմաններում» փորձել է հետևել իր արևմտյան գործընկերների օրինակին։ Թեև պատկերասրահը ճարտարապետության և արվեստի ներկայացման մոդելների առումով հետևել է մոդեռնիզմի կանոններին, այնուամենայնիվ դրանք օգտագործել է որպես գաղափարական ճնշումից «խուսափելու միջոց»։

Մինչև նախկին Հարավսլավիայի փլուզումը պատկերասրահը համակարգված կերպով հավաքել է սլովենացի նկարիչների գործերը՝ նրա ցուցահանդեսային քաղաքականությունը նույնպես ուղղված է եղել հիմնականում «Սլովենական գեղարվեստական ​​արտադրանքը» ներկայացնելուն։ Բացառություն է եղել 1955 թվականին անցկացված գրաֆիկայի Միջազգային բիենալեն, 1985 թվականին դրա կազմակերպումը փոխանցվել է Միջազգային գրաֆիկական արվեստին, որը միևնույն ժամանակ դարձել է երկրի անկախ մշակութային հաստատություն։

1991 թվականին Սլովենիայի անկախացումից հետո Լյուբլյանայի պատկերասրահը դարձել է ակտուալ և ժամանակակից արվեստի հիմնական ազգային հաստատությունը, նրա ղեկավարությունն ավելի ու ավելի է ակտիվացել միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցում, մասնավորապես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Այդ գործունեության արդյունքներից է 2000 թվականին ստեղծված «Arteast 2000» միջազգային հավաքածուն։ Շենքի կապիտալ վերանորոգման պատճառով պատկերասրահը փակվել է 2007 թվականին, շենքի վերանորոգումն իրականացվել է բաց մրցույթում հաղթող ճանաչված «Bevk Perović arhitekti» ճարտարապետական ​​ընկերության նախագծով։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2009 թվականի աշնանը։ Շենքը, որը ճարտարապետական ​​հուշարձան է, պահպանել է իր բոլոր հիմնական հատկանիշները, զգալի փոփոխություններ են տեղի ունեցել միայն նրա նկուղում, որտեղ տեղակայված են ժամանակակից պահեստներ և լուսանկարչական ստուդիա, որտեղ այցելուների համար ստեղծվել են երկու նոր տարածքներ՝ հանդիսադահլիճ և սրճարան։

Տարածքի սղության պատճառով պատկերասրահի ղեկավարությունը դեռ 1995 թվականին դիմել է Սլովենիայի Հանրապետության մշակույթի նախարարությանը ևս մեկ շենք տրամադրելու խնդրանքով. թանգարանի աշխատակիցների մոտ հետաքրքրություն է առաջացրել Մետելկովա փողոցում գտնվող նախկին Հարավսլավիայի ժողովրդական բանակի զորանոցի շենքերից մեկը։ 2000 թվականին, նույնիսկ մինչև գլխավոր շենքի վերակառուցումը, այնտեղ ներկայացվել է «Arteast 2000» հավաքածուն, որտեղ գտնվում է Մետելկովի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ժամանակակից արվեստի թանգարանը Մետելկովի թաղամասում բացվել է 2011 թվականի նոյեմբերի վերջին․ պատկերասրահը և թանգարանը ձևական առումով համարվում են միասնական կազմակերպություն, բայց վարում են տարբեր ցուցահանդեսային քաղաքականություն։

Շենքը, որտեղ գտնվում է Մետելկովի Ժամանակակից արվեստի թանգարանը (MSUM) նախկինում եղել է լայնածավալ ռազմական զորանոցային համալիրի մի մասը, որն ի սկզբանե կառուցվել էր ավստրո-հունգարական բանակի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն օգտագործվել է Հարավսլավիայի ժողովրդական բանակի կողմից։ 1991 թվականին, երբ Հարավսլավիայի ժողովրդական բանակը լքել է Սլովենիան, պետությունը համալիրի հարավային մասը հատկացրել է թանգարանային գործունեության նպատակով։ Հյուսիսային մասում բնակվել են արվեստագետներ և ակտիվիստներ, ովքեր 1993 թվականին հիմնադրել են «Մետելկով» քաղաքային ինքնավար մշակութային կենտրոնը։ Մշակույթի նախարարությունը հարավային հատվածը համարել է «թանգարանային թաղամաս»՝ վերանորոգելով նախ Սլովենիայի ազգագրական թանգարանի շենքը, այնուհետև Սլովենիայի ազգային թանգարանի շենքը և վերջում՝ «Moderna galerija»-ի շենքը, որը ստեղծվել է որպես ժամանակակից արվեստի ներկայացման համար նախատեսված տարածք։ Զորանոցի վերանորոգումը և թանգարանային թաղամասի ձևավորումն ամբողջությամբ համարվում է «Groleger arhitekti» ճարտարապետական ​​բյուրոյի նախագիծը։ Ժամանակակից արվեստի թանգարանը Մետելկովի թաղամասում բացվել է 2011 թվականի նոյեմբերի վերջին։ Հին մասնաշենքը ավելի շատ մասնագիտացած է սլովենական մոդեռնիզմի ուղղությամբ, մինչդեռ նոր մասնաշենքում ավելի շատ միջոցառումներ են անցկացվում կապված միջազգային պոստմոդեռնիզմի հետ։

2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի փետրվարը տեղի է ունեցել «Sites of Sustainability. Pavilions, Manifestos, and Crypts»[2] ժամանակավոր խմբակային ցուցահանդեսը՝ հիմնականում բաղկացած արևելյան Եվրոպայի ավանգարդ նկարիչների գործերից՝ ինչպես Arteast 2000 հավաքածուից, այնպես էլ Սլովենիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Սերբիայի և Լեհաստանի այլ ազգային թանգարանների և մասնավոր հավաքածուներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анна Толстова Премиальные сети: Премию Игоря Забела получил Виктор Мизиано // Коммерсантъ. — 2016. Архивировано из первоисточника 26 Սեպտեմբերի 2019.
  2. «Sites of Sustainability. Pavilions, Manifestos, and Crypts».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Լյուբլյանա)» հոդվածին։