Թովմաս Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թովմաս Պողոսյան
Ծնվել էհունվարի 18, 1954(1954-01-18) (70 տարեկան)
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀորովել (երգի և պարի պետական համույթ), Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլ և Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան (1973), ՎՊՀ (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985)
Պարգևներ

Թովմաս Գևորգի Պողոսյան (հունվարի 18, 1954(1954-01-18)), ՀՀ ժողովրդական արտիստ (2011), բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, որը հայտնի է ոչ միայն որպես ժողովրդական և աշուղական երգերի կատարող, այլ նաև որպես մի շարք մոռացմանը ենթակա երգերի փրկիչ[փա՞ստ], բանահավաք, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական կրթությունը սկսել է Թբիլիսիի թիվ 10 հայկական դպրոցում։ Այնուհետև տեղափոխվել է Տաշիր և 1971 թ. ավարտել է Տաշիրի հայկական դպրոցը։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1972-1973 թթ.), ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1977 թ.)։

1980-1985 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների Հայ երգեցողության պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դասարանում։

1971-1972 թվականներին աշխատել է Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վաղարշակ Սահակյանի ղեկավարությամբ։

1973-1974 թվականներին Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում՝ ուսմանը զուգընթաց, երգել է ազգագրական երգի-պարի «Հորովել» պետական անսամբլում։

1973-1977 թվականներին՝ Վանաձորի «Հորովել», 1980 թվականից՝ հայկական ժողովրդական երգի-պարի համույթների մեներգիչն է եղել։

1987-1992 թվականներին աշխատել է «Գանձասար» ժողովրդական երգի-պարի համույթում՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Հիմնադրել է «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթը (1992), համանուն մշակութային միությունը (1995), Ջիվանու անվան աշուղական դպրոցը (1997)։ Գրառել է ժողովրդական և աշուղական երգեր։ Կազմել է «Ջիվանի-150, անհայտ երգեր» ժողովածուն (1996)։ Երգերի նրա կատարումը հայեցի է, աշուղական արվեստի ոգուն հարազատ։

1980-2000 թվականներին եղել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի-պարի Հայաստանի պետական անսամբլի մեներգիչ։

1987-1992 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ժողովրդական երգի-պարի «Գաձասար» համույթը։

1987 թվականից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնում՝ որպես տեքստաբան-դասախոս, իսկ 1995 թվականից դասավանդում է նաև «Հայ աշուղական արվեստ»։

1992 թվականից հիմնադրել և ղեկավարում է աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը։

Նրա գիտական բազմաթիվ հոդվածներից են՝ «Ջիվանի, անհայտ երգեր», «Երկու երգ Ջիվանուց», «Ջիվանի, անտիպ էջեր», «Աշուղ Ջիվանու անտիպ երգերը», «Հայ ժողովրդական ռազմի ու զինվորի երգեր», «Հնագույն արվեստի մշակ․ Դվալի Մկրտիչ», «Ջիվանի, նորահայտ բանաստեղծությունններ», «Հայրիկ Ղազարյան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջյան», «Աշուղ Արամ (սարչապետցի Արամ Մխոյան)» և այլն։

Թովմաս Պողոսյանը կոմիտասյան սկզբունքներին հավատարիմ և նվիրյալ արվեստագետ է՝ առավելապես հայ աշուղական երգի ասպարեզում։ Հասարակությունը, ժողովուդը գիտի, ճանաչում և սիրում է նրա երգը։ Սերունդները դեռ շատ երկար կլսեն նրա հրաշալի ձայնը և մատուցման բարձրաճաշակ, հայեցի երգեցողությունը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է հայեր. կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հ. Մ. Այվազյան, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, 2007, էջ 343։.
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թովմաս Պողոսյան» հոդվածին։