Էլիզ Լևեկը ծնվել և մեծացել է Սասկաչևան նահանգի Ռեջայնա քաղաքում[1]։ Մանկության տարիներին նա զբաղվել է պարերով և թեթև ատլետիկայով, խաղացել սոֆթբոլ, մասնակցել է նկարահանումների որպես մոդել[2]։ Լևեկը որպես դերասանուհի նորամուտը նշել է 11 տարեկան հասակում կանադական «Անհավանական պատմությունների ստուդիա» մանկական հեռուստաշոուում, որը նկարահանվել է իր հայրենի քաղաքում։ Այնտեղ նա նկարահանվել է մի քանի տարի, զբաղված է եղել նաև այլ նախագծերում, մասնավորապես, երկու տարի խաղացել է «2030 CE» գիտաֆանտաստիկ սերիալի գլխավոր դերերից մեկը, որը նույնպես ուղղված է մանկական լսարանին[3]։ Դպրոցն ավարտելուց հետո Լևեկը երկու տարի աշխատել է մոդելային բիզնեսում Եվրոպայի և Ասիայի երկրներում[1]։
Վերադառնալով Կանադա, Լևեկը տեղափոխվեց Վանկուվեր, իր դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու համար[1]։ Նա անմիջապես ընդունվել է դերասանական վարպետության դասընթացների։ Նկարահանվել է տարբեր դերերում՝ սկսած Վիրջինիա (Սիսսի) Պոյից՝ Էդգար Պոյի հիվանդ կնոջից՝ «Սարսափների վարպետները» հեռուստասերիալում, «Սև կատու» սերիայում։ Նա նաև նկարահանվել է «Սմոլվիլի գաղտնիքները» և «Ծառերի մարդիկ» հեռուստասերիալներում։ Խաղացել է «Աստղային դարպասներ։ Տիեզերքը» հեռուստասերիալում Քլոե Արմսթրոնգի դերում և Առաջնածինները հեռուստասերիալում՝ վհուկ Ժենևիև դերում։