Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը
Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Լուիս Քերոլ |
տարի | հուլիսի 3, 1863 |
հավաքածու | Գիտության պատմության թանգարան |
Ծանոթագրություններ |
«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» (անգլ.՝ Annie Rogers and Mary Jackson as Queen Eleanor and Fair Rosamund), Լուիս Քերոլի (Չառլզ Լյուտվիջ Դոջսոնի, 1832-1898) բեմադրական նկարը։ Պատկերում է Անգլիայի միջնադարյան պատմության լեգենդար դրվագներից մեկը։
Լուսանկարի ստեղծման պատմություն և ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էննի Ռոջերսը և Մերի Ջեքսոնը «Էլեոնորա թագուհին ու հիասքանչ Ռոզամունդը» տեսարանում» լուսանկարն ստեղծվել է 1863 թվականի հուլիսի 3-ին։ Նկարի երկարությունը 206 միլիմետր է, լայնությունը՝ 152 մմ։ Լուսանկարը վերևից երիզված է կիսակլոր կամարով։ Գույնը սեպիա է։ Լուսանկարահանման ենթադրյալ վայրը Օքսֆորդն է՝ Badcock’s Yard, St Aldates։ Հենց լուսանկարի վրա գտնվում է «June 1862» գրությունը, սակայն դա համարվում է սխալ և ավելի ուշ արված, քանի որ հակասություն է ստեղծվում լուսանկարում պատկերված աղջիկների տարիքի հետ կապված։ Ստեղծված է կոլոդիոնային նեգատիվից ալբումինի տպագրության տեխնիկայով, լուսանկարին կցված է նվիրողի մեքենագրված տեքստով թղթապանակ[1]։
Երբ լուսանկարը պատրաստ է եղել, Քերոլն Էննիին մի փոքրիկ բանաստեղծության հետ ուղարկել է լուսանկարի պատճենը, որտեղ որոշ տողեր նշված են եղել լատինական այբուբենի տառերով.
«Իմ սիրելի Էննի,
Ես ուղարկում եմ քեզ
B այնպիսին, ինչպիսին դու կցանկանայիր...»
А պատկեր, որը, հույս ունեմ, կլինի
- [2] Բնօրինակ տեքստ (անգլ.)"My dear Annie,
I send you
— Your affectionate friend, C. L. Dodgson"
A picture, which I hope will
B one that you will like to
C If your Mamma should
D sire one like it, I could
E sily get her one.
Հայտնի է, որ լուսանկարի պոզիտիվը ներառված է եղել գրողի № 2 անձնական ալբոմում։ Լուսանկարի նույնականացման ցուցիչը/ նեգատիվը՝ Z-PH-LCA-II.92։ Ալբոմում գտնվել է 92-րդ էջում[3]։ Քերոլի ստեղծած բոլոր մանկական դիմանկարները նրա կտակի համաձայն տրվել են բնորդների ընտանիքներին[4]։ Այդ պատճառով Քերոլի լուսանկարները ցրվել են և կորել մասնավոր հավաքածուներում։ 1945 թվականին հավաքորդ, պատմաբան, լուսանկարիչ Հելմուտ Գերնսհայմն առաջարկ է ստացել՝ գնել մանկական լուսանկարների ալբոմ (ըստ վաճառողի՝ լուսանկարները «քաղված են նկուղում գտնվող գրքերի կույտից»), որի հեղինակը, հնարավոր է, եղել է Լուիս Քերոլը։ Դրա համար ոչ մի ապացույց չի եղել, սակայն Գերնսհայմը Բրիտանական թանգարանում համեմատել է լուսանկարների ստորագրությունները Քերոլի հայտնի մակագրությունների հետ և համոզվել, որ դրանք պատկանում են գրողին[5]։
Ներկայումս լուսանկարը գտնվում է Օքսֆորդի գիտության պատմության թանգարանի հավաքածուում։ Թանգարանին այն փոխանցել է դոկտոր Բերտրան Ռոջերսը 1937 թվականի դեկտոմբերին։ Թանգարանի ամենամյան հաշվետվության մեջ հիշատակվում է 1939 թվականից, սակայն այդ հիշատակման մեջ չկա գրություն ձեռքբերման գրանցման փաստի մասին։ Նվիրողը եղել է պատկերված աղջիկներից մեկի՝ Էննի Ռոջերսի ազգականը, որը մահացել էր 1937 թվականի հոկտեմբերի 28-ին, ինչից հետո Բերտրանը որոշել էր լուսանկարը նվիրել թանգարանին։ Ինվենտարային համարն է 30302[1]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզամունդ դե Քլիֆորդը (անգլ.՝ Rosamund de Clifford, իրական անունը՝ Ջոան դե Քլիֆորդ, անգլ.՝ Joan de Clifford, մահացել է 1176 թվականին) եղել է անգլոսաքս-նորմանդացի մեծատոհմիկ աստիճանավոր Ուլթեր Ֆից-Ռիչարդ դե Քլիֆորդի և Մարգարիտ դե Տոսնայի դուստրը, Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի սիրուհին։ Իր գեղեցկության համար ստացել է «Հիասքանչ Ռոզամունդ» (անգլ.՝ Fair Rosamund) և «Աշխարհի վարդ» (անգլ.՝ Rose of the World) մականունները։ Ռոզամունդը անունը հավանաբար եկել է «աշխարհի վարդ» արտահայտության լատիներեն տարբերակից՝ լատին․՝ rosa mundi[6]։ Մոտ 1163 թվականին նա ծանոթացել է թագավոր Հենրի II-ի հետ, իսկ 1166 թվականին նրանց միջև սիրավեպ է սկսվել։ Հենրին սիրուհուն տեղավորել է Վուդսթոք պալատում։ Սակայն մինչև 1174 թվականը Հենրի II-ի հետ նրա կապի մասին քչերը գիտեին[7][8][9]։ 1174 թվականին սիրավեպը հայտնի է դարձել։ Ալիենորա Ակվիտանացին (Էլեանորա)՝ Հենրի II թագավորի կինը, որը մասնակցել էր որդիների ապստամբությանն ընդդեմ ամուսնու, գերի է ընկել նրան և բանտարկվել Սոլսբերիում, ինչից հետո թագավորն սկսել է բացահայտ ժամանակն անցկացնել Ռոզամունդի հետ։ Նա դիտարկել է Ալիենորայից ամուսնալուծվելու տարբերակը, որպեսզի ամուսնանա Ռոզամունդի հետ։ Հենրի II-ի հաշվարկներն ի չիք են դարձել, երբ Հռոմի պապը հրաժարվել է ամուսնալուծության հնարավորություն տալ։ 1176 թվականին Ռոզամունդը հիվադացել է և մեկնել Գոդսթոու մենաստան (Օքսֆորդի մոտ), որտեղ էլ մահացել է նոււյն թվականին[10]։ Նրա տապանաքարն սկզբնապես գտնվել է մենաստանի եկեղեցում։ Արքայի մահից հետո Ռոզամունդը վերաթաղվել է մենաստանի տարածքից դուրս Լինքոլնի եպիսկոպոս Գուգոյի պահանջով։ Նրա գերեզմանն անհետացել է 16-րդ դարում[11][8]։
Հետագայում (հավանաբար առաջին անգամ 14-րդ դարում այսպես կոչված լոնդոնյան ժամանակագրության մեջ, իսկ հետո «Լեգենդ Ռոզամունդի մասին» և «Ալիենորայի զղջում» բալլադներում, վերջինում նա խոստովանում է հանցագործությունը մահից առաջ[12]) ի հայտ է եկել լեգենդ, որ թագավորը փորձել է ամրոցում թաքցնել Ռոզամունդին իր կնոջից, իսկ դրա շուրջ այգում կառուցել է անանցանելի լաբիրինթոս, որի ճանապարհը կարելի էր գտնել միայն արծաթե ուղեցույց թելի միջոցով, որը պահպանում էր Ռոզամունդին հսկող ասպետը՝ սըր Թոմասը։ Ալիենորան սպանում է սըր Թոմասին և նրան վստահված թելի միջոցով կարողանում գտնել թագավորի սիրեցյալի մոտ տանող ճանապարհը, ինչից հետո Ռոզամունդին մեռնելու տարբերակներ է առաջարկում՝ դաշույնով կամ թույնով։ Ռոզամունդն ընտրում է թույնը։ Իրականում այդ ժամանակ Ալիենորան ինքը գտնվում էր բանտարկության մեջ և չէր կարող մրցակցուհու սպանությունն իրականացնել[13][8][14]։
Քերոլի լուսանկարում պատկերված է լեգենդի եզրափակիչ տեսարանը՝ թագուհին արքայի սիրուհուն առաջարկում է մահ թույնի կամ դաշույնի միջոցով[15]։
Լուսանկարում պատկերված բնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու աղջիկները՝ Էննի Ռոջերսը (աջից) և Մերի Ջեքսոնը (ձախից) հագած են «միջնադարյան» հագուստ, նրանց միջև գոթական ոճով փորաքանդակ գահավորակ է։ «Թագուհու» (Էննի Ռոջերս) գլխին թագ է։ Նա ձախ ձեռքով բռնած է կեռ դաշույն, իսկ աջ ձեռքում պահում է ճոխ զարդարված զարդատուփ, հենել է այն գահավորակի արմնկակալին (նա իր հակառակորդուհուն ընտրություն է առաջարկում դաշույնի կամ թույնի միջև)։ Ռոզամունդի գլխին աստղիկով ժապավեն է, նա ծնկաչոք է, ձեռքերը սեղմված են և դրված գահավորակի նստատեղին[1]։
- Էննի Ռոջերս (անգլ.՝ Annie Rogers, 1856 թվականի փետրվարի 15 - 1937 թվականի հոկտեմբերի 28), մանուկ տարիքում բազմիցս որպես բնորդուհի հանդես է եկել Լուիս Քերոլի լուսանկարների համար, հետագայում հայտնի է դարձել որպես կանանց կրթության ակտիվ կողմնակից։ Մեծացել է Օքսֆորդում ակադեմիական ընտանիքում, եղել է այդ ժամանակ հայտնի տենտեսագիտության պրոֆեսոր Թորոլդ Ռոջերսի դուստրը, 1873 թվականին հաջողությամբ հանձնել է քննությունները, ինչը թույլ էր տալիս ընդունվել Բալլիոլ քոլեջ կամ Վուսթեր, սակայն երբ հայտնի է դարձել, որ նա աղջիկ է, փոխարենն ընդունել են տղայի, որը միայն վեցերորդն էր իր արդյունքներով, իսկ Էննի Ռոջերսը Բալլիոլ քոլեջից որպես նվեր ստացել է Հոմերոսի չորս հատորները։ Այս պատմության հետ կապված ստեղծվել են կանանց համար առանձին դասընթացներ, Էննին ավարտել է դրանք լավագույն ցուցանիշներով՝ գերազանց լատիներենով և հին հունարենով (1877 թվական)։ Հետագայում նա դարձել է Կանանց կրթության միավորման քարտուղար և սուրբ Աննայի քոլեջի Society of Oxford Home-Students-ի հիմնադիրներից մեկը[16]։
- Մերի Ջեքսոն (անգլ.՝ Mary L. Jackson), լուսանկարում ինը տարեկան է, նրա հայրը դոկտոր Ջեքսոնն է՝ մասնավոր կլինիկայի բժիշկ Հոլիուելլում[17]։
Իր փոքրիկ ընկերուհիներին, որոնց որպես բնորդուհի օգտագործել է լուսանկարներում, Քերոլն անվանել է «child-friend»՝ «երեխա ընկեր»։ Որոշ ուսումնասիրողներ կարծել են, որ այդ արտահայտությունը ավելի շատ ցույց է տվել ոչ թե նրանց տարիքը, այլ հարաբերությունների տեսակը։ Վիկտորյական դարաշրջանի Անգլիայում այդ արտահայտությունն ընդունված էր և երբեմն արտացոլում էր տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց փոխադարձ հարաբերությունները։ Գոյություն ունեն նաև այդ տերմինի այլ մեկնաբանություններ ևս[18]։
-
Օսկար Գուստավ Ռեյլանդեր. Լուիս Քերոլը 1863 թվականին
-
Լուիս Քերոլ. Հենրի և Էննի Ռոջերս, 2.01.1861
-
Լուիս Քերոլ. Մերի Ջեքսոն
-
Գիտության պատմության թանգարանը, որտեղ պահվում է լուսանկարը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուիս Քերոլն ու լուսանկարչական արվեստը
- Հիասքանչ Ռոզամունդ (անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Museum of the History of Science
- ↑ «Exhibition Label 2009: Photograph of Annie Rogers & Mary Jackson as Queen Eleanor and the Fair Rosamund, 1863». Museum of the History of Science. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Lewis Carroll Album III - Princeton University Library». Department of Rare Books and Special Collections. Princeton University Library. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Бросалина, Любовь Льюис Кэрролл: сказочник фотографии // Российское фото. Архивировано из первоисточника 16 հունվարի 2017.
- ↑ Толкачёва, 2010, էջ 58
- ↑ Clark, Andrew The life and times of Anthony Wood: antiquary, of Oxford, 1632-1695, described by himself. — Printed for the Oxford historical society, at the Clarendon press, 1891. — Т. 3. — P. 341.
- ↑ Флори, 2012, էջ 89
- ↑ 8,0 8,1 8,2 Archer, Thomas Andrew Clifford, Rosamond (DNB00) // Dictionary of National Biography. — 1887. — Vol. 11. — P. 75—77.
- ↑ «Clifford». FGM. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Флори, 2012, էջ 125—126
- ↑ Флори, 2012, էջ 126
- ↑ Флори, 2012, էջ 10, 233—234
- ↑ Флори, 2012, էջ 125—126, 234
- ↑ «Истории любви. Генрих II и Прекрасная Розамунда. Путь в лабиринте легенд». Иль де ботэ. Сеть магазинов парфюмерии и косметики. 11 июня 2011. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Элеонора Аквитанская и прекрасная Розамунда // Он и Она. Любовь и страсть в искусстве. — Litres, 2017. — С. 215.
- ↑ «Annie Rogers (1856-1937)». St Anne’s College, Oxford. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Narratives. Bertram Rogers's Note». Museum of the History of Science. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Борисенко А., Демурова Н. Льюис Кэрролл: мифы и метаморфозы // Иностранная литература : Журнал. — 2003. — № 7. — С. 195—207. Архивировано из первоисточника 23 հունվարի 2017.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Толкачёва, Ирина Фотограф Льюис Кэрролл // Фотомастерская : Журнал. — 2010. — № 3. — С. 58—64. — ISSN 7082-3907.
- Флори, Жан Алиенора Аквитанская. Непокорная королева. — СПб, 2012. — 432 с. — ISBN 978-5-91852-018-5
- «Photograph (Albumen Print) of Annie Rogers and Mary Jackson as Queen Eleanor and Fair Rosamund, by C. L. Dodgson (Lewis Carroll), July 3, 1863». Museum of the History of Science. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.