Հրատարակվել է 1915 թվականից։ Սկզբնական շրջանի գործերը մոդեռնիստական ազդեցությունների արգասիք էին։ Հետագա տարիներին գրված «Թռչնորսը», «Թիլ Ուլենշպիգել», «Պանդոկ» և քնարական այլ բանաստեղծություններում ու պոեմներում կերտել է ազատախոհ մարդու ռոմանտիկական կերպարներ։ 1926 թվականին գրել է «Խոհ Օպանասի մասին» պոեմը (օպերային լիբրետոյի է վերածել 1932) հեղափոխությանը դավաճանած գյուղացու ճակատագրի մասին։ 1928 թվականին լույս է ընծայել բանաստեղծությունների՝ «Հարավ-արևմուտք» ժողովածուն, որը, հեղինակի աշխարհայացքի որոշ հակասություններով հանդերձ, նոր խոսք էր ռուս, խորհրդային պոեզիայում։ Հետագա ժողովածուներում («Հաղթողները» և «Վերջին գիշերը», 1932) գովերգել է նոր աշխարհ կառուցողներին։ Բագրիցկու ստեղծագործությանը հատուկ են հեղափոխական ռոմանտիկական պաթոսը, հուզականությունը, պոետական գունագեղությունը։ Զգալի ազդեցություն է ունեցել խորհրդային պոեզիայի զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 204)։