Եղանակի տեղական նշաններ
Եղանակի տեղական նշաններ, մթնոլորտային երևույթների զարգացման ընթացքում Եղանակի կանխատեսման համար որոշակի նշանակության տեսանելի (նկատելի) առանձնահատկություններ։ Եղանակի տեղական նշաններն են ամպերի բնույթը, տեսանելիության հեռավորությունը, մթնոլորտի օպտիկ, երևույթները, մթնոլորտային ճնշման տատանումները, քամու ընթացքը, կենդանիների վարքի, բույսերի արտաքին փոփոխությունները և այլն։ Ժողովուրդն իր կենսական փորձառությամբ ճանաչել է եղանակի կանխատեսման բազմաթիվ նշաններ. առանձնացվում են՝
Արևոտ եղանակի պահպանման նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևոտ եղանակի պահպանման նշաններ. բարձր մթնոլորտային ճնշում կամ մի քանի օր ճնշման դանդաղ բարձրացում, օրվա ընթացքում ճնշման տատանում, խաղաղ գիշեր, առավոտյան՝ պարզ երկինք, թույլ քամի, կեսօրից հետո (ժամը 15-16-ից)՝ դրա ուժեղացում, երեկոյան՝ թուլացում կամ դադարում։ Նկատվում են առանձին ամպեր, արևածագից առաջ կամ երեկոյան՝ ցող (գոգավորություններում՝ եղյամ կամ մառախուղ), որոնք արևածագից հետո վերանում են։ Ծիծեռնակները թռչում են ավելի բարձր, մեղուները փեթակից դուրս են գալիս վաղ առավոտյան և այլն։ Եղանակի վատանալու նշաններ, մթնոլորտային ճնշումը կտրուկ իջնում է, քամին ուժեղանում, երկարատև չորային եղանակից հետո ամպամածությունը մեծանում է, նկատվում է շոգ, տոթ օր։ Ամռանը գիշերային ջերմաստիճանը չի նվագում, այն միատեսակ է ամենուրեք։ Ամպերը շարժվում են մթնոլորտի երկրամերձ շերտում, խտանում են, երկինքը ծածկվում է ամպերի մանր քուլաներով։ Արևածագին կամ արևամուտին ամպերը շառագունում են, ցող կամ եղյամ չի առաջանում, ծիծեռնակները թռչում են ավելի ցածր, մեղուները վաղ առավոտյան փեթակից դուրս չեն գալիս։ Եղանակի լավանալու նշաններ, երկարատև անբարենպաստ եղանակի դեպքում մթնոլորտային ճնշումը բարձրանում է, ջերմաստիճանը զգալիորեն նվազում, փչում է սառը քամի, երկնակամարը հետզհետե պարզվում է։ Ամպամած անձրևային եղանակին արմ-ում երևում են երկնքի պարզ շերտ, լուսավոր անամպ տեղեր, փոփոխվող ամպամածություն։ Արշալույսը կարճատև է, երեկոյան՝ մառախուղ, ամպերը փոքրանում են, դառնում թափանցիկ և անհետանում։ Մառախուղը կեսօրին ցրվում է, ամպամածությունը պակասում, ամպերը բարձրանում են։ Վեգետացիայի շրջանում հնարավոր ցրտահարություններ. հիմնականում պայմանավորված են գիշերային պարզ երկնքով, ցերեկային 10-15 °C ջերմաստիճանի առկայությամբ։
Գիշերային նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիշերային ցրտահարություններ լինում են գարնանը և աշնանը։ Ցրտահարությունների ժամանակ ՀՀ բարձրլեռնային գոտում ջերմաստիճանը մինչև -20 °C է։ Այդ օրերին երկինքը կապույտ է, առավոտյան առաջանում են կույտավոր ամպեր, որոնք երեկոյան անհետանում են։ Գիշերը քամու ուժգնությունը թուլանում է, ցերեկը ջերմաստիճանը և ճնշումը բարձրանում են։ Նախօրյակին տեղումներ են, ցուրտ, ուժեղ քամի, տեղումներից հետո երկինքը պարզվում է, տեսանելիությունը մեծանում։ Երբ հարավային կամ հարավարևմտյան քամիները փոխվում են հյուսիսարևմտյան կամ հյուսիսային քամիներով, սպասվում է ցուրտ Եղանակ։ Ամպրոպի և ցրտելու Նշաններ են կույտավոր ամպերի արագ աճը, ռադիոընդունիչի ճարճատումների հաճախանալը։ Գործնականում հաշվի են առնվում ամենամյա կանխատեսման նշանները. օրինակ՝ երբ թռչունները բները հյուսում են արևահայաց տեղերում, սպասվում է զով ամառ, Եթե մեղուները փեթակի մուտքը թողնում են բաց, սպասվում է մեղմ ձմեռ և այլն։ Բազմամյա դիտումները ցույց են տվել, որ եղանակի փոփոխությունների նկատմամբ առավել զգայուն են սարդերը, տզրուկները, ծառաբնակ գորտերը, թրթուրները, շերամորդը և այլն։ Եղանակի փոփոխման նկատմամբ զգայուն են նաև բույսերը՝ երեքնուկի տերևները մոտենում են, սեղմվում է խատուտիկի գլխիկը, փակվում է պատատուկի ծաղկեպսակը։ Ծաղիկների բուրմունքն անձրևից առաջ ուժեղանում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |