Jump to content

Դասնո վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասնո վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Գյուլամբար, Շամքորի շրջան, Ադրբեջան
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակ1980-ակններին արդեն ավերակ[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ751 թ.[1]
Քարտեզ
Քարտեզ

Դասնո վանք, Կարմիր վանք, Հոռոմաշեն, Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր Արևելյան Հայաստանում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Շամքորի շրջանի տարածքում գտնվող Գյուլամբար (en) գյուղի հյուսիսարևմտյան եզրին՝ Շամքոր գետի աջ ափին[1]։

Դասնո վանքը իր խաչաձև հորինվածքով բացառիկ տեղ է գրավում երկրամասի պաշտամունքային հուշարձանների շարքում (նույնպիսի հորինվածք ունի Գետաբակի Սբ. Սարգիս եկեղեցին)[1]։ Ս. Ջալալյանցը վկայում է, որ վանքը կառուցել են 751 թվականին Հունաստանից տեղափոխված հայերը[2]։

Հետագայում վանքը հիշատակվում է 1184 թվականին միջնադարի նշանավոր օրենսգիր Մխիթար Գոշի կողմից «Գիրք Դատաստանի» աշխատությունը տեղում ստեղծելու առնչությամբ.

Բայց ձեռնարկութիւն մեզ յայսմ իրողութեան եղև ի թուականութեանն Հայոց ՈԼԳ... յաշխարհիս Առանայ, ի նահանգիս, որ կոչի մայրաքաղաքին Գանձակայ, յանապատի և յեղբայրանոցիս անուանեալ Դասնոյ, սկզբնաւորեալ ի լեռնակողմն մենաստանին կոչեցելոյ Հոռոմաշէն, ընդ հովանեաւ սրբոց եկեղեցեաց կուսաստանացն յիշեցելոց, ձեռնտուութեամբ հաւր Յովսեփայ և եղբաւր Պաւղոսի յորդորմամբ յառաջարկութիւնս[3][4]։

Այնուհետև, առնվազն մինչև 1804 թվականը աղբյուրները լռում են և ոչ մի տեղեկություն չեն հաղորդում Կարմիր վանքի վերաբերյալ։ Այս թվականին հիշվում է որպես Նուկզարի Սբ. Ամենափրկիչ վանքի ենթակայության տակ գտնվող անապատ.

...Կարմիր եկեղեցին... անապատն է եղած մեծ վանիցն Ամենափրկչին և նորա Գիւլամբիր գիւղի և կամ այլ գիւղից հասոյթքն և իրաւունքն՝ թէ ուտելիք և թէ այլ պիտոյք կժողովէին այն Անապատումն և անդուստ կհոգային և կտանէին ի մեծ վանքն[5]։

1853 թվականին սեպտեմբերի 28-ին կազմված մի վկայագրում նշվում է.

...ի վայր քան զայս վանք գտանի և այլ վկայարան մի զօրաւոր ուխտատեղի կոչեցեալ Կարմիր եկեղեցի, ի բացեայ յայն վանաց իբրև մի վերս և կէս տեղեաւ առ երի Շամքոռ գետոյն. վկայարան եկեղեցի այս կցորդ է նոյն վանաց իբրև անապատ մայր վանաց...[6]:

Դասնո վանքը լքվել է 1840-ականերին, սակայն շինությունները կանգուն էին դեռևս մի քանի տասնամյակ[7]։

19-րդ դարի վերջին Դասնո վանքը այցելած Մակար Բարխուտարյանցը իր «Արցախ» գրքում գրում է.

Շամքոր գետակի աջ ափի մօտ, ճանապարհի վերայ հիմնուած է տաճարս, որ փոքր, խաչաձև, բարձրաշէն և ամբողջապէս սրբատաշ կարմիր քարով շինուած է, վասնորոյ կոչուում է Կարմիր եկեղեցի։ Տաճարս ունի գեղեցիկ և սրածայր կաթուղիկէ, միայն աւագ խորան, որի հարաւային անկիւնում մի փոքր և մութ խորան։ Աւելի վանքի ձև ունի տաճարս, քան թէ եկեղեցու, ունի և գաւիթ, որի մէջ ամփոփուած են շատ ննջեցեալներ, որոց քարերն չունին արձանագրութիւն. ունի և բաւական խուցեր միաբանից համար և հանգստարան և քարուկիր շրջապարիսպ, որք կիսաւեր են և ենթարկուած քայքայման վիճակի։ Վանքն իւր հիւսիսային արտաքին կողմում, սալկախից ներքև ունեցած է հայերէն երկար արձանագրութիւն, որի մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանուցս անշարժ կալուածներն։ Մի քանի տարիներ առաջ Գանձակեցի ոմն անազնիւ հայ ջարդում է արձանագրութիւն կրող քարերը և նենգութեամբ իւրացնում կալուածները[8]։

Ինչպես վկայում է «Արձագանք» պարբերականը 1886 թվականին, այդ ժամանակ Դասնո վանքը արդեն գտնվում էր հետևյալ վիճակում.

...գետի աջ ափին՝ կայ մի մատուռ, Կարմիր եկեղեցի կոչուած, քարաշէն թաղակապ, որին կից մի գաւիթ, ուր կան երեք անյայտ գերեզմաններ։ Գաւթի հիւսիսային և հարաւային արտաքին խորշերի մէջ եղել են արձանագրութիւններ, որոնք խորտակուած են դիտմամբ. այժմ նշմարելի են միայն տողերի սկզբնատառերը[9]։

Վանքի եկեղեցին հիմնովին ավերել են 1930-ականներին՝ քարերն օգտագործելով վանքից մոտ 100 մ հյուսիս գտնվող անասնագոմի պատերի շարվածքում[7]։

1980 թվականին նշմարվում էին միայն հիմնապատերի առանձին հատվածները։ Ըստ պահպանված մնացորդների՝ կարելի է ենթադրել, որ եկեղեցին ունեցել է կա՛մ եռախորան, կա՛մ քառախորան հորինվածք և, ամենայն հավանականությամբ, եղել է վաղ միջնադարի հուշարձան՝ 6-8-րդ դարերի կառույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 486
  2. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 162
    ...ի կրօնաւորաց Հայոց փախուցելոց ի Յունաստանէ ի Մ (751) թուին
  3. Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխատ. Խ. Թորոսյանի, Երևան, 1975, էջ 25։
  4. «Ե-ԺԲ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», աշխատ. Ա. Ս. Մաթևոսյանի, Երևան, 1988, էջ 242-243։
  5. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1:
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 17
  7. 7,0 7,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 487
  8. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 295-296
  9. «Արձագանք», 1886, N 21, էջ 307