Դասնո վանք
Դասնո վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | չգործող |
Ներկա վիճակ | 1980-ակններին արդեն ավերակ[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 751 թ.[1] |
![]() | |
![]() | |
Դասնո վանք, Կարմիր վանք, Հոռոմաշեն, Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր Արևելյան Հայաստանում, ներկայումս՝ Ադրբեջանական Հանրապետության Շամքորի շրջանի տարածքում գտնվող Գյուլամբար (en) գյուղի հյուսիսարևմտյան եզրին՝ Շամքոր գետի աջ ափին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասնո վանքը իր խաչաձև հորինվածքով բացառիկ տեղ է գրավում երկրամասի պաշտամունքային հուշարձանների շարքում (նույնպիսի հորինվածք ունի Գետաբակի Սբ. Սարգիս եկեղեցին)[1]։ Ս. Ջալալյանցը վկայում է, որ վանքը կառուցել են 751 թվականին Հունաստանից տեղափոխված հայերը[2]։
Հետագայում վանքը հիշատակվում է 1184 թվականին միջնադարի նշանավոր օրենսգիր Մխիթար Գոշի կողմից «Գիրք Դատաստանի» աշխատությունը տեղում ստեղծելու առնչությամբ.
![]() |
Բայց ձեռնարկութիւն մեզ յայսմ իրողութեան եղև ի թուականութեանն Հայոց ՈԼԳ... յաշխարհիս Առանայ, ի նահանգիս, որ կոչի մայրաքաղաքին Գանձակայ, յանապատի և յեղբայրանոցիս անուանեալ Դասնոյ, սկզբնաւորեալ ի լեռնակողմն մենաստանին կոչեցելոյ Հոռոմաշէն, ընդ հովանեաւ սրբոց եկեղեցեաց կուսաստանացն յիշեցելոց, ձեռնտուութեամբ հաւր Յովսեփայ և եղբաւր Պաւղոսի յորդորմամբ յառաջարկութիւնս[3][4]։ | ![]() |
Այնուհետև, առնվազն մինչև 1804 թվականը աղբյուրները լռում են և ոչ մի տեղեկություն չեն հաղորդում Կարմիր վանքի վերաբերյալ։ Այս թվականին հիշվում է որպես Նուկզարի Սբ. Ամենափրկիչ վանքի ենթակայության տակ գտնվող անապատ.
![]() |
...Կարմիր եկեղեցին... անապատն է եղած մեծ վանիցն Ամենափրկչին և նորա Գիւլամբիր գիւղի և կամ այլ գիւղից հասոյթքն և իրաւունքն՝ թէ ուտելիք և թէ այլ պիտոյք կժողովէին այն Անապատումն և անդուստ կհոգային և կտանէին ի մեծ վանքն[5]։ | ![]() |
1853 թվականին սեպտեմբերի 28-ին կազմված մի վկայագրում նշվում է.
![]() |
...ի վայր քան զայս վանք գտանի և այլ վկայարան մի զօրաւոր ուխտատեղի կոչեցեալ Կարմիր եկեղեցի, ի բացեայ յայն վանաց իբրև մի վերս և կէս տեղեաւ առ երի Շամքոռ գետոյն. վկայարան եկեղեցի այս կցորդ է նոյն վանաց իբրև անապատ մայր վանաց...[6]: | ![]() |
Դասնո վանքը լքվել է 1840-ականերին, սակայն շինությունները կանգուն էին դեռևս մի քանի տասնամյակ[7]։
19-րդ դարի վերջին Դասնո վանքը այցելած Մակար Բարխուտարյանցը իր «Արցախ» գրքում գրում է.
![]() |
Շամքոր գետակի աջ ափի մօտ, ճանապարհի վերայ հիմնուած է տաճարս, որ փոքր, խաչաձև, բարձրաշէն և ամբողջապէս սրբատաշ կարմիր քարով շինուած է, վասնորոյ կոչուում է Կարմիր եկեղեցի։ Տաճարս ունի գեղեցիկ և սրածայր կաթուղիկէ, միայն աւագ խորան, որի հարաւային անկիւնում մի փոքր և մութ խորան։ Աւելի վանքի ձև ունի տաճարս, քան թէ եկեղեցու, ունի և գաւիթ, որի մէջ ամփոփուած են շատ ննջեցեալներ, որոց քարերն չունին արձանագրութիւն. ունի և բաւական խուցեր միաբանից համար և հանգստարան և քարուկիր շրջապարիսպ, որք կիսաւեր են և ենթարկուած քայքայման վիճակի։ Վանքն իւր հիւսիսային արտաքին կողմում, սալկախից ներքև ունեցած է հայերէն երկար արձանագրութիւն, որի մէջ յականէ յանուանէ նշանակուած է եղել վանուցս անշարժ կալուածներն։ Մի քանի տարիներ առաջ Գանձակեցի ոմն անազնիւ հայ ջարդում է արձանագրութիւն կրող քարերը և նենգութեամբ իւրացնում կալուածները[8]։ | ![]() |
Ինչպես վկայում է «Արձագանք» պարբերականը 1886 թվականին, այդ ժամանակ Դասնո վանքը արդեն գտնվում էր հետևյալ վիճակում.
![]() |
...գետի աջ ափին՝ կայ մի մատուռ, Կարմիր եկեղեցի կոչուած, քարաշէն թաղակապ, որին կից մի գաւիթ, ուր կան երեք անյայտ գերեզմաններ։ Գաւթի հիւսիսային և հարաւային արտաքին խորշերի մէջ եղել են արձանագրութիւններ, որոնք խորտակուած են դիտմամբ. այժմ նշմարելի են միայն տողերի սկզբնատառերը[9]։ | ![]() |
Վանքի եկեղեցին հիմնովին ավերել են 1930-ականներին՝ քարերն օգտագործելով վանքից մոտ 100 մ հյուսիս գտնվող անասնագոմի պատերի շարվածքում[7]։
1980 թվականին նշմարվում էին միայն հիմնապատերի առանձին հատվածները։ Ըստ պահպանված մնացորդների՝ կարելի է ենթադրել, որ եկեղեցին ունեցել է կա՛մ եռախորան, կա՛մ քառախորան հորինվածք և, ամենայն հավանականությամբ, եղել է վաղ միջնադարի հուշարձան՝ 6-8-րդ դարերի կառույց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 486
- ↑ Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 162
...ի կրօնաւորաց Հայոց փախուցելոց ի Յունաստանէ ի Մ (751) թուին - ↑ Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխատ. Խ. Թորոսյանի, Երևան, 1975, էջ 25։
- ↑ «Ե-ԺԲ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», աշխատ. Ա. Ս. Մաթևոսյանի, Երևան, 1988, էջ 242-243։
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1:
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 17
- ↑ 7,0 7,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 487
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 295-296
- ↑ «Արձագանք», 1886, N 21, էջ 307