Գեորգի (Տուրի) Վիկտորովիչ Վուլֆ (հունիսի 10 (22), 1863, Նեժին, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1925(1925-12-25)[1], Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային բյուրեղագետ։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1921 թվական)։ 1885 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանը։ Կազանի (1897 թվական), Վարշավայի (1899 թվական) և Մոսկվայի (1918 թվական) համալսարանների պրոֆեսոր։ 1911 թվականին առաջադեմ պրոֆեսորների հետ թողել է Մոսկվայի համալսարանը՝ ի նշան բողոքի լուսավորության մինիստրության ռեակցիոն քաղաքականության, և տեղափոխվել Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանը։ 1917 թվականին վերադարձել է Մոսկվայի համալսարան։ Վուլֆը ստեղծել է բյուրեղների չափերի արդյունքների մշակման մատչելի գրաֆիկական մեթոդ, որը կոչվել է իր անունով։ Մշակել է բյուրեղների համաչափության բոլոր խմբերի դուրս բերման նոր եղանակ։ Վուլֆի մի շարք աշխատություններ վերաբերում են բյուրեղների աճին, հեղուկ բյուրեղների և բյուրեղաօպտիկայի ուսումնասիրությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 534)։