Գաղտնի Սանտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլեջի ուսանողները անուններ են ընտրում Գաղտնի Սանտայի համար և նվերներ փոխանակում

Գաղտնի Սանտա (անգլ.՝ Secret Santa), երբեմն նաև կոչվում է Պոլիանա (Pollyanna՝ ի պատիվ վեպի)[1] , Քրիս Քինդլ (Kris Kindle) կամ Քրիս Քրինգլ (Kris Kringle), մի խումբ մարդկանց կողմից նվերների անանուն փոխանակման սուրբծննդյան ծես։ Այս արարողությունը ԱՄՆ-ում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում հայտնի է գաղտնի Սանտա, իսկ Ազգերի համագործակցության որոշ երկրներում՝ Քրիս Քինդլ անվամբ։ Երկու անունն էլ ընդունելի և կիրառելի է Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Բոլոր այս անունները բխում են Սուրբ Ծննդյան տոներին նվերներ բաժանող ավանդական կերպարներից․ անվան ամերիկյան տարբերակը ծագել է Սանտա Կլաուսից, իսկ Քրիս Քինդլը և Քրիս Քրինգլը գերմանական կերպարի (Christkind կամ «Մանուկ Հիսուս») կրճատ տարբերակներն են (Անգլիայում ավանդաբար նվերներ տվող հերոսը կոչվում է Հայր Սուրբ Ծնունդ)։

Գաղտնի Սանտա կոչվում է ինչպես բուն արարողությունը, այնպես էլ նրա մասնակիցներից ցանկացածը։ Արարողության նպատակն է սահմանափակել նվերների չափը։ Դրա հետ կապված՝ այս արարողությունը հիմնականում կիրառում են աշխատավայրում կամ մեծ ընտանիքներում։ Բրազիլիայում այն կոչվում է «Գաղտնի ընկեր» (Amigo Secreto), իսկ Իսպանիայում և իսպանախոս Լատինական Ամերիկայում՝ «Անտեսանելի ընկեր» (Amigo Invisible):

Այս տոնական արարողությանը մասնակցելը սովորաբար կրում է կամավոր բնույթ։

Արարողության նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ծննդյան նախօրեին արարողության մասնակիցները թղթերի վրա գրում են իրենց անունները, ծալում և պատահականության սկզբունքով ընտրում որևէ մեկի անունը, որին էլ պետք է նվեր մատուցեն։ Իր անունը գրելուց բացի մասնակիցը կարող է նաև նշել իր համար ցանկալի նվերների համառոտ ցանկը, որոնցից կարող է ընտրել նվիրատուն։ Շատ հաճախ սահմանվում է գումարի առավելագույն չափը, որը կարելի է ծախսել նվերները գնելու վրա։ Այնուհետև կատարվում է նվերների անանուն փոխանակություն։ Շատ դպրոցներում և ընկերություններում դա արվում է Սուրբ Ծննդյան ժամանակ։ Երբեմն գործընկերների աշխատասեղաններին որոշ ակնարկներ են թողնում։ Կարելի է նաև շոկոլադ նվիրել։

Սովորաբար նշանակվում է նվերների հանձման ժամանակը և վայրը, հնարավոր է, որ նվիրատուն անձամբ հանձնի իր նվերը՝ բացահայտելով իր ինքնությունը։ Որոշ խմբերում նվերներ փոխանակելու փոխարեն կուտակված գումարները նվիրաբերում են բարեգործական կազմակերպություններին։

«Գաղտնի Սանտա» արարողության ժամանակակից տարբերակները կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավորություն են տալիս անցկացնել վիճակահանություն, կազմել ցանկալի նվերների ցանկ և տեղեկատվություն փոխանակել առցանց ռեժիմով։

Որոշ ռուսալեզու կայքերում (dirty.ru, Habrahabr, Picabu[2]) անցկացնում է նմանատիպ արարողություն, որը կոչվում է «АДМ» (Անանուն Ձմեռ պապ, ռուս.՝ Анонимный Дед Мороз), որի դեպքում մասնակիցները նշում են իրենց հասցեները, ապա համակարգիչը դրանք վերադասավորում է, և յուրաքանչյուր մասնակցի ուղարկում այն անձի հասցեն, որին պետք է նվեր մատուցի։

Արարողության անցկացման տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղտնի Սանտա-գող (Thieving Secret Santa)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարբերակում մասնակիցներից (խաղացողներ) յուրաքանչյուրը բերում է մեկական նվեր, որը կարող է պիտանի կամ հետաքրքիր լինել ցանկացած այլ մասնակցի համար։ Նվերներն այնպես են փաթեթավորվում, որ ճանաչելի չլինեն։ Իդեալական տարբերակում նվիրատուն չպետք է հայտնի իր ինքնությունը։ Խաղացողները հերթով բացում են նոր նվերը, կամ գողանում են նախկինում բացածը։ Այս խաղը կոչվում է նաև «սպիտակ փղերի նվերների փոխանակություն». «սպիտակ փիղ» կոչվում է այն նվերը, որի արժեքը շատ ավելին է, քան նրա օգտակարությունը)[3]։

Բազմօրյա գաղտնի Սանտա (Secret Santa over several days)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարբերակում նվերների բաշխումը տևում է մի քանի օր։ Սովորաբար ամեն օր յուրաքանչյուր մասնակցի տրվում է մի փոքր նվեր, որի ընտրության ժամանակ շեշտը դրվում է նվերի ինքնատիպության և զվարճալի լինելու վրա։ Օրինակ՝ կարելի է նվիրել ինքնաշեն բացիկ, բանաստեղծություն, մոմեր, կախազարդ, թեթև խորտիկ կամ արվեստի փոքր նմուշ։ Քանի որ խաղը մի քանի օր է տևում, հետաքրքրությունը մեծանում է, և յուրաքանչյուր մասնակից ցանկանում է կռահել, թե ով է իր «գաղտնի Սանտան»։ Միջոցառման վերջին օրը սովորաբար նվերի մեջ բացահայտվում է «գաղտնի Սանտայի» ինքնությունը։

Խաղը կարող է իրականացվել նաև՝ նախապես համաձայնեցնելով որևէ վայր, որից հետո բոլոր գաղտնի Սանտաները կթաքցնեն իրենց նվերները, ապա փոքրիկ հուշումներով կօգնեն նվեր ստացողին գտնել այն տեղը, որտեղ նվերը թաքնված է։

Խաղի մեկ այլ տարբերակում մասնակիցը իր գաղտնի Սանտային գրություն է թողնում։ Այն կարող է լինել ցանկացած ձևով՝ բանաստեղծություն, երկտող և այլն, բայց ենթադրվում է, որ այդ մարդը գիտի, թե ով է իր գաղտնի Սանտան։ Խաղի այս տարբերակի դեպքում միակ խնդիրն այն է, որ գաղտնի Սանտայի ինքնությունը պարզվելուն պես՝ նրանք այլևս չեն կարող նվերներ փոխանակել, ինչը խմբային խաղի պայմաններում կարող է խնդիրներ առաջացնել մասնակիցների միջև արդարության և հավասարության տեսանկյունից։

Գողացված Սանտա (Stolen Santa)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի այս տարբերակում կանոնները ստանդարտ են, սակայն տրվող նվերները պետք է լինեն «գողացված» կամ որևէ հակաօրինական եղանակով ձեռք բերված։ Դա ապահովելու համար մասնակիցները հաճախ պարզապես գողանում են գրենական պիտույքներ իրենց աշխատավայրից՝ ուժեղացնելով խաղի զվարճալի կողմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pollyanna Gift Exchange». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  2. Билл Гейтс и Снуп Догг сделали Рождество. — Газета.Ru
  3. «Yankee Swappers play gift game». CapeCodOnline.com. 2007 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.