Հորիզոնական ճյուղավոր կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Ունի 20-40 սմ չոր եռանկյունաձև բարձրությամբ ցողուններ, երկար տերևաթիթեղներով և կաշվեկերպ տերևապատյանով կանաչ տերևներ։ Ստորին տերևները գորշ են, թեփուկանման։ Հասկանման երկար ծաղկաբույլերում հավաքված են միասեռ, ծաղկապատ չունեցող ծաղիկները։ Շագանակագույն, երկարավուն վերին հասկիկը արական է։ Ստորին, երկու-երեք երկարավուն-ձվաձև հասկիկները կազմված են իգական, կանաչավուն-դարչնագույն ծաղիկներից։ Արական ծաղիկներում կան 3 առէջներ, իգականներում՝ 3 սպիներով սռնակ։ Վարսանդավոր ծաղիկներում առաջանում են դեղնավուն-գորշ, եռանկյունաձև, փոքր պարկեր կարճ ատամնաձև քթիկով։ Պտուղները չոր ընկուզիկներ են։ Բազմանում է կոճղարմատներով՝ վեգետատիվ ճանապարհով[1]։