Jump to content

Արևելյան մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան մամուլ
արմտ. հայ.՝ Արեւելեան մամուլ
Տեսակպարբերական, ամսագիր, կիսամսյա ամսագիր, շաբաթաթերթ և օրաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1871[1]
Լուծարվել է1922[1]

«Արևելյան մամուլ», գրական-քաղաքական պարբերական։ Հրատարակվել է Զմյուռնիայում, 1871-1909 թթ. և 1919-1922 թթ.։ 1871-1893 թթ.-ին՝ ամսագիր. 1894-1902 թթ.-ին՝ կիսամսյա հանդես, 1903-1909 թթ-ին՝ շաբաթաթերթ, 1919-1922 թթ.-ին օրաթերթ։

Խմբագիրներ՝ Մատթեոս Մամուրյան (1871-1901 թթ.), Հրանտ Մամուրյան (1901-1909 թթ., 1919-1922 թթ.)։

Թերթը ունեցել է ժողովրդավարական ուղղություն, պաշտպանել է Օսմանյան կայսրության կազմում արևմտահայերի ինքնավարության գաղափարը։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և հետո «Արևելյան մամուլ»-ը կողմնորոշվել է դեպի Անգլիան՝ նրանից ակնկալելով բարենորոգումների անցկացում արևմտյան Հայաստանում։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսից հետո քննադատել է Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին՝ նրա գործունեության մեջ չտեսնելով ազգային քաղաքականության սկզբունքները։

1870-1880-ական թթ. վաղաժամ է համարել ազատագրական պայքարը՝ գտնելով, որ դրան պետք է նախորդի տնտեսական, ազգային, մշակութային զարգացման մի տևական ժամանակաշրջան։ 1880 թվականից հրաժարվել է արտաքին քաղաքական որևէ կողմնորոշումից և հիմնականում ապավինել հայության ազգային միասնության շնորհիվ ինքնորոշման հասնելու գաղափարին։ «Արևելյան մամուլ»-ի հրապարակախոսության մեջ իրական կողմերով ներկայացված է Հայաստանի բնակչության կեղեքումը թուրք և քուրդ հարստահարիչների կողմից։ 1908 թ.-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել երիտթուրքերի ջարդարար քաղաքականության դեմ և հայ ժողովրդի փրկությունը տեսել զինված ինքնապաշտպանության մեջ։ 1919-1922 թվականներին լայնորեն անդրադարձել է հույն-թուրքական պատերազմին, Կիլիկյան Հայաստանի իրադարձություններին, հայկական հարցի վիճակին[2][3][4][5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ 1908թ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ 1919-1922թթ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ 1871-1909թթ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԱՐԵՒԵԼԵԱՆ ՄԱՄՈՒԼ 1919-1922թթ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 36
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։