Արյան ճնշում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Արյան ճնշումն անոթի պատի տվյալ հատվածի և առջևում առկա արյան բաժնի վրա գործադրած ճնշումն է։ Տարբերում են զարկերակային, մազանոթային և երակային ճնշումներ։ Արյան ճնշումն ապահովում է արյան շարժումն արյունատար համակարգում և նյութափոխանակության իրականացումն օրգանիզմի հյուսվածքներում։
Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած էներգիան ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։
Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։
Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է սիրտ ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։ Ռեֆլեքսային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը, պահուստային օրգաններում (փայծաղ, լյարդ) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։
Զարկերակային ճնշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակային ճնշման մեծությունը հիմնականում որոշվում է սրտի կծկումների ուժով, յուրաքանչյուր կծկման ժամանակ արտամղվող արյան քանակությամբ, արյունատար անոթների (առանձնապես՝ ծայրամասային) պատերի դիմադրությամբ արյան հոսքին։ Զարկերակային ճնշման մեծության վրա ազդում են նաև շրջանառվող արյան քանակությունը, մածուցիկությունը, որովայնի և կրծքի խոռոչներում ճնշումների տատանումները՝ կապված շնչառական շարժումների հետ և այլ գործոններ։
Զարկերակային ճնշումն առավելագույն մակարդակի է հասնում սրտի ձախ փորոքի կծկման (սիստոլա) ժամանակ, որի դեպքում արտամղվում է 60-70 մլ արյուն։ Վերջինս չի կարող անմիջապես անցնել մանր անոթներով (հատկապես մազանոթներով), ուստի առաձգական աորտան ձգվում է, և ճնշումը բարձրանում է (զարկերակային առավելագույն ճնշում, սիստոլային ճնշում)։ Բնականոն պայմաններում խոշոր զարկերակներում այն հասնում է 100-140 մմ ս.ս.։ Սրտի փորոքների կծկումների դադարի (դիաստոլա) ժամանակ արյունատար անոթների (աորտայի և խոշոր զարկերակների) պատերը, լինելով ձգված, սկսում են կծկվել և արյունը մղել մազանոթների մեջ։ Ճնշումն աստիճանաբար ընկնում է և դիաստոլայի վերջում հասնում է նվազագույն (զարկերակային նվազագույն ճնշում, դիաստոլային ճնշում) մեծության (խոշոր զարկերակներում՝ 70-80 մմ ս.ս.)։ Սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը (այդ մեծությունների տատանումները) ընկալվում է անոթազարկային ալիքի ձևով և կոչվում է անոթազարկ։
Արյունատար անոթներում եղած ճնշումը փոքրանում է սրտից հեռանալուն զուգընթաց։ Այսպես, աորտայում այն կազմում է 140/90 մմ ս.ս. (առաջին թիվը ցույց է տալիս սիստոլային կամ վերին, երկրորդը՝ դիաստոլային կամ ստորին ճնշումը)։ Խոշոր զարկերակներում արյան ճնշումը միջինը 120/75 մմ ս․ս. է։ Ջարկերակիկներում սիստոլային և դիաստոլային ճնշումների մեծությունների տարբերությունը գործնականում բացակայում է, իսկ արյան ճնշումը կազմում է մոտ 40 մմ ս.ս.։ Մազանոթներում նվազում է մինչև 10-15 մմ ս.ս.։ Արյունը երակային հուն անցնելիս ճնշումն ավելի է ընկնում և առավել խոշոր երակներում (վերին և ստորին սիներակներում) կարող է դառնալ բացասական։
Անոթազարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի այն տեղերում, որտեղ խոշոր զարկերակները գտնվում են մակերեսի մոտ, օրինակ քունքի, դաստակի, պարանոցի վրա, կարելի է շոշափել անոթների պատերի պարբերական տատանումներ։ Դա զարկերակային անոթազարկն է։ Նրա ալիքի տարածման արագությունը 6-10 մ/վրկ է։ Տարիքի մեծացմանը զուգընթաց, անոթների պատերի առաձգականության անկման հետևանքով, անոթազարկի տարածման արագությունը մեծանում է։ Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60-80 հարվածի։ Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել՝ 50-55 հարված մեկ րոպեում։ Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին։
Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման ժամանակ ճնշումն աորտայում բարձրանում է, և նրա պատերի տատանումները տարածվում են մինչև ամենափոքր զարկերակները։ Անոթազարկն անհետանում է մազանոթներում։
Զարկերային անոթազարկը անոթների պատերի պարբերական տատանումներն են, որոնք առաջանում են արյան ճնշման փոփոխությունների հետևանքով, սրտի կծկումների ռիթմին համապատասխան։ Անոթազարկը համապատասխանում է սրտի յուրաքանչյուր կծկմանը։ Ուստի անոթազարկով կարելի է որոշել սրտի կծկումների հաճախությունը և անոթների վիճակը։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի բժշկության մեջ և առօրյա կյանքում։
Արյան վերաբաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն։ Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեությունը փոխվում է, տեղի է ունենում արյան վերաբաշխում։ Ընդ որում՝ աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման։ Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը։ Արյան ընդհանուր կայուն լինելու դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ։ Այսպես, աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանների համեմատ։
Արյան ճնշման ինքնակարգավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առողջ մարդկանց արյան ճնշումը պահպանվում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա։ Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, լարված իրավիճակների, ուժեղ հուզմունքների դեպքում արյան ճնշումը բարձրանում է։ Արյան ճնշման վերականգնումը ելակետային մակարդակի իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմով։ Խոշոր զարկերակների պատերում գտնվող նշանկալիչներից ազդակները հաղորդվում են երկարավուն ուղեղ՝ սրտի և անոթների լուսանցքը կարգավորող նյարդային կենտրոններ։ Դեպի սիրտ եկող նյարդային ազդակները դանդաղեցնում են կծկումների հաճախությունը, իսկ դեպի անոթներ հաղորդող ազդակները լայնացնում են վերջիններին, և ճնշումը նվազում է։ Արյան ճնշման անկման դեպքում ինքնակարգավորող մեխանիզմներն ուժեղացնում են սրտի աշխատանքը և սեղմում անոթները։
Արյան ճնշման կարգավորման մեխանիզմների խանգարումների հետևանքով առաջանում են արյան ճնշման տատանումներ։ Արյան ճնշման բարձրացումը կոչվում է հիպերտոնիա (գերճնշում), իջեցումը՝ հիպոտոնիա։
Թեպետ արյան ճնշման փոփոխությունը հաճախ ունի պաշտպանահարմարվողական նշանակություն, սակայն բնականոն վիճակից դրա շեղման դեպքում (իսկ դա կարող է պատահել յուրաքանչյուրի հետ) պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ճնշման մակարդակի վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Օրինակ՝ թերճնշումն առաջանում է թունավորումների, վարակիչ, սիրտանոթային համակարգի հիվանդությունների, գերճնշումը՝ ներզատիչ խանգարումների, երիկամների ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության և այլ դեպքերում, ինչպես նաև դեռահասների սեռական հասունացման շրջանում (պատանեկան գերճնշում)։
Արյան ճնշման չափում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարկերակային արյան ճնշումը չափվում է ճնշաչափի (տոնոմետր) օգնությամբ։ Ավելի հարմար է չափել բազկի զարկերակի արյան ճնշումը։ Բազկին կապվում է ռետինե թևքածալ, որը միացված է ռետինե տանձակին և ճնշաչափին։ Թևքածալի մեջ ռետինե տանձիկով օդ է ներմղվում մինչև զարկերակային անոթը սեղմվի և արյան հոսքը դադարի։ Այնուհետև օդը դանդաղորեն բաց է թողնվում։ Այն պահին, երբ սիստոլային ճնշումը բազկային զարկերակում մի փոքր գերազանցում է թևքածալում եղած ճնշմանը, արյունը դուրս է հոսում սեղմված շրջանից և զարկերակի պատին հարվածելուց հետո առանձնահատուկ ձայն արձակում (Կորոտկովի հնչյուն), որը լավ լսելի է լսափողով (ֆոնենդոսկոպով)։ Վերջինս դրվում է արմնկային ծալքի շրջանում՝ բազկային զարկերակի վրա։ Այդ պահին թևքածալի ճնշումն ընդունվում է հավասար սիստոլայինին։ Շարունակելով օդը դուրս թողնել՝ արյան ավելի մեծ բաժիններ են անցնում արյունատար անոթներով, և ինչ-որ պահ թևքածալը դադարում է սեղմել զարկերակը նույնիսկ դիաստոլայի ժամանակ։ Կորոտկովի հնչյունները կտրուկ թուլանում են, իսկ բազկակապի ճնշումն ընդունվում է հավասար դիաստոլայինին։
Բնականոն պայմաններում Արյան ճնշման մեծությունը կախված է անձի առանձնահատկություններից, կենսակերպից, զբաղմունքից, տարիքից, բարձրանում է անսովոր ֆիզիկական ծանրաբեռնվածության, հուզական լարվածության և այլ դեպքերում։ Սակայն մշտապես ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող անձանց, ինչպես նաև մարզիկների սիստոլային ճնշման մեծությունը կարող է փոքրանալ և կազմել 100-90, դիաստոլայինը՝ 60 և նույնիսկ 50 մմ ս.ս.։
Երեխաների սիստոլային ճնշման մեծությունը կարելի է մոտավորապես հաշվել 80+2a բանաձևով, որտեղ a-ն երեխայի տարիքն է։
Տարիքը (տարիներով) | Զարկերակային ճնշումը (մմ ս․ս․) | |
սիստոլային | դիաստոլային | |
16-20 | 100-120 | 70-80 |
20-40 | 120-130 | 70-80 |
40-60 | մինչև 140 | մինչև 90 |
60-ից բարձր | 150 | 90 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն. Կ. Լիսենկով, Վ. Խ. Բուշկովիչ, Մ. Գ. Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
- Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյան ճնշում» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 99)։ |