Jump to content

Հիպոտոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիստոլիկ արյան ճնշումը, որը 90 մմ-ից պակաս է, համարվում է հիպոտենզիա (ցածր արյան ճնշում)

Հիպոտոնիա, հիպոտենզիա [հիպո... լատիներեն՝ tensio— լարում], հյուսվածքի, օրգանի կամ համակարգի տոնուսի նվազում։ Առավել հաճախ «Հիպոտոնիա» տերմինն օգտագործվում է արյան ճնշման իջեցումը (տղամարդկանց մոտ՝ 105/65 մմ սնդիկի սյունից, կանանցը՝ 96/60 մմ սնդիկի սյունից ցածր) նշելու համար։ Տարբերում են անոթային հիպոտոնիայի մի շարք ձևեր. ֆիզիոլոգիական կամ հարմարվողական (ադապաացիոն), հանդիպում է ֆիզիկապես մարզված մարդկանց, մարզիկների, հարավային շրջանների բնակիչների մոտ, չի ուղեկցվում հիվանդագին որևէ երևույթով, լրիվ կոմպենսացվում է և հատուկ բուժում չի պահանջում։

Ախտանշանային հիպոտոնիան լինում է մի շարք հիվանդությունների (տուբերկուլոզ, ուռուցքներ, վարակիչ, սրտի և այլն) դեպքում։ Առաջնային կամ նյարդացիրկուլյատոր հիպոտոնիան զարգանում է որպես ինքնուրույն ախտաբանական պրոցես, անոթային տոնուսը կարգավորող նյարդահումորալ ապարատի վրա որոշ գործոնների (բացասական հուզումներ, նյարդային համակարգի գերբեռնվածություն, մտավոր գերլարվածություն) ազդեցության, վնասակար սովորությունների (ծխել, ալկոհոլային խմիչքների օգտագործում և այլն) հետևանքով։ Հիպոտոնիաի այս ձևը կարող է առաջանալ հանկարծակի և դրսևորվել կոլապսով, ուշագնացությամբ և շոկով։ Հիպոտոնիաի քրոնիկական ընթացքի դեպքում առաջանում են գլխացավեր, գլխապտույտ, մարմնի դիրքի փոփոխության հանդեպ ադապտացիայի թուլացում, քնի խանգարում, սրտխփոց ևն։ Պրոցեսի խորանալիս զարգանում է հիպոտոնիկ հիվանդություն։

Բուժումը. Հիպոտոնիա առաջացնող պատճառի վերացում, աշխատանքի, հանգստի և սննդի ճիշտ ռեժիմ, բուժական մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, դեղորայքային և սանատորա-կուրորտային բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 421