Jump to content

Արիմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիմներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Արիմա, Կիլիկիա
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Արիմներ (հուն․՝ ει̉ν 'Αρίμοις), ժողովուրդ, հիշատակված՝ Հոմերոսի Իլիական պոեմում[1], ըստ Յոզեֆ Մարկվարտի նույնացվում են արմենների հետ[2]։

Հիշատակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոմերոսը նկարագրելով Զևսի և Տիփոնի կռիվը, հիշատակում է արիմներին և մատնանշում, որ նրանց երկրում՝ Արիմայում է գտնվել Տյուփոնի բնակատեղին[1][2]։

Տյուփոնը դիցաբանական հսկա էր և հրաբխի ու հրաբխային երևույթներն էր անձնավորում։ Նրա հայրենիքը, որն ըստ Հոմերոսի արիմների երկրում էր գտնվում[1]՝ հունական մատենագիրները, Պինդարոսը և ուրիշները, ենթադրում են Կիլիկիայում։ Հիմնվելով այս ցուցումների վրա՝ գերմանական գիտնական Ջ․ Պարչը լուսաբանել է, որ հունական աղբյուրների ակնարկած հրաբուխը, որը գտնվել է արիմների երկրում՝ Կիլիկիայում, պարզապես Արգայոս (այժմ՝ Երջիյաս) լեռն է Կեսարիայի շրջանի, որը հնագույն ժամանակներում գտնվում էր Կիլիկիայի թագավորության սահմաններում, իսկ մ.թ.ա. 4-րդ դարում միացվել էր Կապադովկիային[2]։

Նույնականացումը արմենների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոզեֆ Մարկվարտը ենթադրում է, որ Հոմերոսի Իլիականում հիշատակված արիմներ անունով ժողովուրդը արմեններն են և դա նրանց մասին ամենահին տեղեկությունն է[2]։

Հունական մատենագիր Պոսեյդոնիոսը, և նրան հետևելով նաև Ջ․ Պարչը, արիմներին նույնացնում են արամայեցիների հետ, սակայն Մարկվարտը, մերժելով այդ կարծիքը, նրանց նույնացնում է հայերի նախահայրերի՝ արմենների հետ։ Ըստ Մարկվարտի՝ այդ ժամանակներում սեմական ասորիներն ապրում էին ո՛չ թե Կիլիկիայում կամ Հարավային Կապպադովկիայում, այլ Պոնտոսի հյուսիսային կողմում։ Ըստ նրա Արմենները գաղթել են Փռյուգիայից, հատկապես, այժմյան Անկարայի շրջանից՝ Հալիս գետի միջին հոսանքով դեպի Արգայոս լեռան մոտակայքը, ուր և նրանք հիշատակված են Իլիականում։ Հետագայում արմենները Կիլիկիայի հյուսիսային այս շրջանից հարկադրված են եղել գնալ դեպի Հալյուս գետի աղբյուրակունք, որը գտնվում էր Փոքր Հայքում, և ապա այստեղից դեպի Հայկական լեռնաշխարհ[3]։

Մարկվարտը ենթադրում է նաև, որ հայերի նախահայրերի «արմեն» անունը (հին պրս․՝, հուն․ ) կազմված է arm, ավելի ճիշտ՝ ar(i)m- ar(i)ni- արմատից և ուրարտական -ini (կամ -ina) վերջավորությունից (համեմատել՝ Chald-ini, Mušk-ini ևն)[3]։

Մարկվարտը նաև հնարավոր է համարում Մենուայի (մ․թ․ա․ 810-778) արձանագրություններից մեկում հիշատակված և հյուսիսային Կիլիկիայի (հետագայում Կապպադովկիայի) մոտակայքում ապրած Urmeni ժողովրդի և արիմներ-արմենների նույնությունը, որոնք հենց այդ ժամանակաշրջանում ապրում էին Իլիականի հորինման ժամանակներում (մ․թ․ա․ 9-8-րդ դարեր)[3]։

Մովսես Խորենացու վկայությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլիականի վկայությունը ըստ Մարկվարտի հաստատում է նաև Մովսես Խորենացին, ում մոտ պահպանվել է Զևսի ու Տյուփոնի կռվի մի այլ տարբերակը։ Խորենացին նկարագրել է հայերի նախահոր՝ Արամի դիցաբանական կռիվը Պայապիս Քաղյանի հետ և կռվի վայրը մատնանշել Արգայոս լեռան մոտ՝ Մաժաքում (Կեսարիա)։ Ըստ Մանանդյանի Տիտանյան Պայապիս Քաղյանը Տյուփոնն է, իսկ Արամը, որ փոխարինում է Զևսին, հայերի նախահայր արիմներն են[3]։

«Բայց ինչ քաջության գործ որ սա (Արամը) գործել է արևմտյան կողմը Տիտանյանների դեմ՝ մենք դեռ պատմելու ենք։ Սա քառասուն հազար հետևակներով և երկու հազար հեծելազորքով դեպի արևմտուտք նրանց դեմ գնալով՝ հասավ Կապպադովկիայի կողմերը, մի տեղ, որն այ-մ Կեսարիա է կոչվում։ Եվ որովհետև նա արևելյան ու հարավային կողմերը նվաճել էր և հանձնել էր այս երկու ցեղերին, արևելքը Սիսակյաններին և Ասորեստանը Կադմոսի տան շառավիղներին՝ այնուհետև ոչ մի տեղից չուներ որևէ շփոթի կասկած։ Ուստի և նա երկար ժամանակ մնաց արևմուտքում և այստեղ նրա դեմ դուրս եկավ պատերազմի Տիտանյան Պայապիս Քաղյանը, որը տիրապետել էր երկու մեծամեծ ծովերի՝ Պոնտոսի և Օվկիանոսի միջև գտնված ամբողջ երկրին։ Հարձակվելով վերջինիս վրա՝ Արամը նրան փախուստի մատնեց ու քշեց ասիական ծովի կղզի։ Եվ թողնելով իր ազգից Մշակ անունով մեկնին տասը հազար զորքով իբրև ա՛խարհի վերակացու՝ ինքը վերադարձավ Հայաստան[4][5]»։

Այնուհետև Մովսես Խորենացին շարունակում է՝

«Այնքան հզոր ու անվանի դարձավ Արամը, որ մինչև այսօր, ինչպես ամենքին հայտնի է, բոլոր շրջակա ազգերը մեզ անվանում են սրա անունով[6][7]»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Իլիական», Հոմերոս, հին հունարեն բնագրից թարգ․՝ Հ․ Համբարձումյանի, Երևան, 1955, էջ 73․
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Երկեր», Հակոբ Մանանդյան, Հատոր Ա, Երևան, 1977, էջ 25․
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Երկեր», Հակոբ Մանանդյան, Հատոր Ա, Երևան, 1977, էջ 25, 26․
  4. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Տփղիս, 1913, գիրք Ա, գլ․ ԺԴ, էջ 46-47․
  5. «Երկեր», Հակոբ Մանանդյան, Հատոր Ա, Երևան, 1977, էջ 27
  6. «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Տփղիս, 1913, գիրք Ա, գլ․ ԺԴ, էջ 47․
  7. «Երկեր», Հակոբ Մանանդյան, Հատոր Ա, Երևան, 1977, էջ 27․
  • «Երկեր», Հակոբ Մանանդյան, Հատոր Ա, Երևան, 1977, էջ 25-27․
  • «Իլիական», Հոմերոս, հին հունարեն բնագրից թարգ․՝ Հ․ Համբարձումյանի, Երևան, 1955, էջ 73․
  • «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Տփղիս, 1913, գիրք Ա, գլ․ ԺԴ, էջ 46-47․