Ավետում (նկար, Գրիգոր Ծաղկող)
Ավետում | |
---|---|
տեսակ | մանրանկարչություն |
նկարիչ | Գրիգոր |
տարի | 1232 |
բարձրություն | 30,1 սանտիմետր |
լայնություն | 23,2 սանտիմետր |
նյութ | մագաղաթ |
գտնվում է | Երևան |
հավաքածու | Մատենադարան |
Ծանոթագրություններ | |
Matenadaran MS 2743 - Gospel Վիքիպահեստում |
Ավետում, Գրիգոր Ծաղկող մանրանկարչի 1232 թվականին ստեղծված մանրանկար[1][2]։ Բացառիկ տեղ է գրավում Թարգմանչաց ավետարանի նկարազարդումների շարքում[3]։ Որևէ տեղեկություն չկա, թե որտեղ է ստեղծվել մանրանկարը, բայց դրամատիկ կոլորիտը, գործող անձանց ու պայմանական բնանկարի տագնապալից արտահայտությունները, ենթադրում են, որ ծաղկողը Անիի, Բարձր Հայքի, կամ Արցախի դպրոցներից որևէ մեկին է պատկանում[4]։
Հեղինակ և տարեթիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրանկարի, ինչպես նաև Ավետարանի բոլոր տերունական նկարների հեղինակը 13-րդ դարի մանրանկարիչ Գրիգոր Ծաղկողն է, որի անունը պահպանվել է Մարկոսի ավետարանառաջի գլխազարդի ստորին գերանի վրա. «Տէր Աստուած ողորմեա Գրիգորի ծաղկողի, ամէն, ամէն» (էջ 115ա)։ Գրիգոր Ծաղկողը ավետարանի էջերից մեկի գրառումում իրեն նկարիչ է անվանում՝ «Տէր Աստուած, ողորմեա նկարիչ Գրգորի և աշխատողաց ի սմայ»[5]։ Գրիգորի ձեոքով արվել է նաև ծաղկազարդման թվականի վերաբերյալ հիշատակագրություն, գրված համաբարբառի վերջին զույգ խորանների գլխազարդերի ստորին գերանների վրա՝ «Ի թւիս ՌՁԱ (1232) ծաղկազարդեցաւ սուրբ Աւետարանս բարեխաւս առ Ք[րիստո]ս Յ[իսու]ս ի Տ[Է]ր մեր» (էջ 9բ—10ա)։ Թվականը կրկնված է նաև 311ա էջում, լուսանցազարդի շրջանակի մեջ՝ «Թիւ. ՌՋԱ (1232) ծա[ղկեցաւ]»[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրանկարը գտնվում է Մատենադարանում պահվող Թարգմանչած ավետարանի[6] (համար 2743[7]) Ղուկասի բնագրի սկզբում (էջ 188բ)։ Նկարված է ինչպես և ձեռագրի բոլոր էջերը՝ 30,1 X 23,2 սմ չափսի մագաղաթի վրա և տերունական յոթ մանրանկարներից մեկն է[1]։ Այն ձեռագրի ամենագունեղ պատկերն է, որտեղ հեղինակը առավելագույնի է հասցրել պատկերի զգացմունքային հագեցվածությունը[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանրանկարում պատկերված է ավետարանական պատմություն այն մասը, որտեղ Աստծու ուղարկված Գաբրիել հրեշտակը ներկայանում է Մարիամ Աստվածածնին և ավետում անարատ հղացման լուրը, հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ «Ավետման» պատկերագրությունը հիմնվում է Ղուկասի ավետարանի պատմության (գլ. Ա, 26—28), ինչպես նաև պարականոն՝ Հակոբի նախավետարանի, Կեղծ Մատթեոսի և Կույսի ծննդյան ավետարանների հիման վրա[3]։
Կոմպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ծաղկողը կոմպոզիցիայում պահել է մանրանկարաչական ավանդույթները, բայց իր՝ բոլորովին ինքնուրույն ոճով[8]։ Ավետման պատկերում ձախից ներկայացված է Գարրիել հրեշտակապետը՝ հագին կապույտ զգեստ և բաց վարդագույն թիկնոց։ Նկարիչն օժտել Է նրան բարձրահասակ թևավոր պատանու կերպարանքով, բայց ծերունական դիմագծերով։ Ձախ ձեռքին կարմիր գավազան է, իսկ աջը պարզել Է առաջ որպես խոսքի և օրհնության նշան։ Հրեշտակապետի կերպարանքը իշխող Է մանրանկարում, և այդ իսկ պատճառով աջում գտնվող Մարիամը ավելի փոքր Է թվում։ Վերշինս պատկերված Է նստած, կապույտ զգեստով և գլխանոց ունեցող մուգ կարմրաշագանակագույն թիկնոցով, ոտքերին՝ կարմիր կոշիկներ։ Գլխաշորր ամուր գրկել է գլուխը, որը մի փոքր թեքվել է առաջ, սրտին հպված աջը մատնում է ներքին թրթիռը, մարմնի երկայնքով ցած է ձգվում մանվածքի կարմիր թելը, ձախ ձեռքը անուժ կախվել է։
Մարիամը թեև ուշադիր և խոնարհ լսում է Գաբրիել հրեշտակապետին, բայց հուզված, շփոթված է և ներքին կասկած կա հայացքում։ Նա մի փոքր առաջ է ձգվել աթոռից։ Նա կրծքին է հպել կարմիր թելի իլիկը, ձախ ձեռքով, որ հանգչում Է ծնկին՝ բռնել է թելի ծայրը։ Աստվածամոր դիրքը և շարժումը նշանակում են, որ նա խոնարհությամբ, բայց և հոգեկան տագնապով ունկնդրում Գաբբիելի խոսքերը։ Պատկերում ընդհանուր դրամատիզմ կա։
Իրավիճակը հիշեցնում է Հովհան Ոսկեբերանին վերագրվող տողերը, երբ Մարիամին թվում է, թե Գաբրիելը եկել է իրեն գայթակղելու[3]։
...Մարիամը խստորեն դաոնալով խոսողին, քշում էր նրան ասելով, հեռացիր մարդ, իմ տան շեմից.․. |
Գունային լուծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրիգոր Ծաղկողը հուզական առավելագույն տպավորության հասնելու համար երփնագրի և գծային հնարքների հետաքրքրական միջոցներ է օգտագործել, որոնք շեշտված արտահայտչականություն են հաղորդել կերպարներին։ Մարիամը և Գաբրիելը հակադրված են ընդհանուր գունային լուծումներով[9]։ Մարիամի զգեստի ծալքերի տեխնիկան անգամ ամբողջովին հակառակ է Գաբրիելի հանդերձների ներկայացման ձևին։ Մուգ շագանակագույն թիկնոցի ֆոնին տագնապալից առանձնանում է թելի և իլիկի կարմիրը։ Նրա զգեստների վրա չկա և ոչ մի լուսավոր բիծ։ Հրեշտակապետի թիկնոցն ու պատմուճանը լցված են շարժուն գծանկար ունեցող ծալքերով և սպիտակ գծերի ալիքների խաղով։ Հակադրությամբ են տրված դարսերի լուսավոր ու ստվերոտ մասերը։ Մարիամի զգեստի գույնը մուգ է։ Դա ուժեղացնում էր նրա հողեղեն Էության տպավորությունը, իսկ հրեշտակապետի բաց գույնի հանդերձանքը ընդգծում է նրա երկնային լինելը[3]։ Ընդհանուր պատկերում մութ երանգներին տեղ-տեղ հակադրվում են թանձր կապույտի և կարմիրի բոցավառումները։ Դարչնագույն և մոխրագույն երանգներին հաջորդում են վարդագույնն ու երկնագույնը[2]։
Մեծ և խորը ակնախոռոչները մուգ հիմքից առանձնացված են բաց գույներով, ինչի շնորհիվ Գրիգոր Ծաղկողը հասել է մեծ արտահայտչականության։ Երանգների նմանատիպ հակադրություններ կան նաև ուղղահայաց և հորիզոնական գծերի հատման տեղերում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Մաթևոսյան, Արտաշես (1992) Թարգմանչաց ավետարանը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԽԹ (Թ-ԺԱ). էջեր՝ 102-114» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Լիդիա Դուռնովո (1967). Հայկական մանրանկարչություն. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջեր 204–205.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Չուքասզյան, Լևոն (1987). Գրիգոր Ծաղկողի ստեղծագործության ուսումնասիրման պատմություն. Երևան. էջեր 70–76.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «SacredTradition :: Library». www.sacredtradition.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Ա․ Բ․ Գևորգյան. Ինչպես են նկարազարդվում ձեռագրերը. Երևան. էջեր 62–78.
- ↑ «Ցուցակ Զեոագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Ա, կազմեցին Օ. Եգանյանն, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1965, Էջ 866։
- ↑ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԴ դար, Մասն Ա (1301-1325 թթ.) Կազմողներ՝ Լ. Խաչիկյան, Ա. Մաթևոսյան, Ա. Ղազարոսյան, «Նաիրի» հրատարակչություն, Երևան 2018
- ↑ Дурново, Лидия (1979). Очерки изобразительного искусства средневековой Армении. Москва: Искусство. էջ 249.
- ↑ Armenian Miniatures of the 13th and 14th centuries from the matenadaran collection. Leningrad: Aurora art publishers. 1984. էջեր 34–35.