Ավետիս Նագգաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Նագգաշյան
արմտ. հայ.՝ Աւետիս Նագգաշեան
Ծնվել է1868
ԾննդավայրԱյնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրԱՄՆ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1894)
Մասնագիտությունթարգմանիչ, բժիշկ, հրապարակախոս և գրող

Ավետիս Ս. Նազգաշյան (1868, Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1943, ԱՄՆ), հայ բժիշկ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1868 թվականին Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասատուր խալֆայի «դպրո­ցում»։ 1887 (1888) թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1888-89 թվականներին սովորել է Այնթապի բժշկական վարժարանում, որը փակվելու պատճառով ուսումը կիսատ է թողել։

1889-90 թվականներին բժիշկ Ալթունյանի օգնական է աշխատել։ 1890-94 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել։ 1895 թվականին հայկական կոտորածների ժամանակ գտնվել է Մարաշում և, շահելով տեղի կառավարչի ու զինվորական հրամանատարության համակրանքը, նրանց աջակցությամբ արտասահման փախել։

1896 թվականին մեկնել է Փարիզ և 9 ամիս մնացել այնտեղ, այնուհետև անցել Լոնդոն, ապա՝ Բեռլին և այդ քաղաքների հիվանդանոցներում աշխատել։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Ադանա։ Ամռան ամիսներին մեծ հաջողությամբ աշխատել է Անատոլիայի տարբեր վայրերում։ Մի քանի տարի անց հաստատվել է Կ. Պոլսում։ Բացի բժշկական և հասարակական աշխատանքից, զբաղվել է նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Եղել է Կ. Պոլսի՝ հայատառ թուրքերենով հրատարակվող «Րահ­նիւ­մա» շաբաթաթերթի սիրված աշխատակիցներից մեկը, քանի որ ընթերցողները հաճույքով էին կարդում զավեշտներով համեմված նրա գրվածքները։ Երգիծական գրություններով թղթակցել է նաև Կ. Պոլսի «Աւե­տա­բեր» և այլ պարբերականների։ Դրանցից լավագույնները ամփոփվել են «Սե­յե­ա­հաթ խա­թը­րէ­լէ­րի» («Ճա­նա­պար­հոր­դա­կան հու­շեր») հայատառ թուրքերեն հատորում։

1913 թվականին՝ «Աւե­տա­բեր» թերթի խմբագրապետ պատվելի Գրիգորյանի ԱՄՆ կատարած ճամփորդության ժամանակ, փոխարինել է նրան։ Եղել է եռանդուն հանրային և ազգային գործիչ։ Կ. Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ։

1915 թվականի ապրիլի 11 (24) ին, ի թիվս Կ. Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականին ապրիլի 12 (24) ին Կ. Պոլսի բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Կ. Պոլիս։

1922 թվականին մեկնել է Եգիպտոս, բնակվել Ալեքսանդրիայում։ 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։

Հայկական և ամերիկյան մամուլում տպագրել է երգիծական գործեր։ Հայերեն գործերի մի մասը հրատարակել է «Զվարթ պատ­մու­թյուն­ներ» ժողովածուում։ Հետագայում հուշեր է գրել Չանղըրըի և Այաշի ողբերգությունների մասին։ Հավանաբար ծերունական տարիքում նրա մոտ հոգեկան խանգարում է առաջացել։ Մահացել է 1943 թվականին ԱՄՆ-ում (?)` 75 տա­րե­կա­նում[1]։

Դուստ­րը` Ֆիլիրա Նագգաշյանը, բնակվել է Ալեքսանդրիայում և իր մոտ պահել հոր օրագիրը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Վուդի «Լե­դի Իզա­բել» (Լէյտի Իզապէլ) վեպը անգլերենից թարգմանել է հայատառ թուրքերեն, Կ. Պոլիս, 1910 թվականին։
  • Սէյեահաթ խաթըրէլէրի (Ճանապարհորդական հուշեր), հայատառ թուրքերեն գիրք, Կ. Պոլիս, 1913 թվականին, 303 էջ։
  • Միգրոպավախութիւն, Վահան Ղազարեանի «Բժշկա­կան եւ առող­ջա­պա­հա­կան տա­րե­ցոյց» գրքում, Կ. Պօլիս, 1914։
  • Հենրի Վուդի «Լե­դի Իզա­բել» անգլերենից հայատառ թուրքերեն թարգմանած վեպ, Պէյրութ, 1938 թվականին։
  • Զուարթ պատմութիւններ, Հայերեն երգիծական գործերի ժողովածու։
  • Հայրենիք գտած մարդը (անգլ.), Կենսագրական վեպ, որ գրել է իր սիրած հեղինակ Մարկ Տվեյնի ոճով, Նյու Յորք, 1940։
  • Եղեռնի հետքերով, «Հայ մտա­ւո­րա­կան­նե­րու ձեր­բա­կա­լու­թիւ­նը եւ Այա­շի բան­տը», Պէյրութ, 1969։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծո­ռան` Ռայ­մ ոնդ Թել­ֆեյա­նի հայտ­նած տե­ղե­կու­թյու­նը ազ­գագ­րա­գետ Վեր­ժի­նե Սվազ­լյա­նին և նրա դուստր, պատ­մա­բան Քնա­րիկ Ավա­գյա­նին։ «Իմ տա­տիկ Ֆի­լի­րա Նագ­գա­շյա­նը` պոլ­սե­ցի Ավե­տիս Նագ­գա­շյա­նի դուստ­րը, Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ապ­րել է Ալեք­սանդ­րի­այ­ում։ Ավե­տիս Նագ­գա­շյա­նը եղել է օս­մա­նյան բա­նա­կի բժիշկ։ Սի­րել է գրել և գրել է բազ­մա­թիվ գրքեր թուրք-հայ­կա­կան թե­մա­նե­րով։ Եղել է Մարկ Տվե­նի երկր­պա­գուն։ Նա անգ­լե­րեն գրել է ինք­նա­կեն­սագ­րա­կան վեպ Տվե­նի ոճով. «Եր­կիր գտած մար­դը»։ Նա Կ. Պոլ­սում ապ­րել է Կո­մի­տա­սի և Մոր­գեն­թա­ո­ւի հա­րև­ա­նու­թյամբ։ Նրանք սո­վո­րու­թյուն են ու­նե­ցել մի­ա­սին նար­դի խա­ղալ։ Մոր­գեն­թա­ուն իր օրագ­րում գրել է, թե ինչ­պես է 1915 թվականին ապ­րի­լի 24-ին Նագ­գա­շյա­նը ձեր­բա­կալ­վել, կո­ղոպտ­վել ու մեր­կաց­վել Թուր­քի­ա­յի մայ­րա­քա­ղաք Կ. Պոլ­սի կենտ­րո­նում։ Ես ու­նեմ նրա օրա­գի­րը, որ ստա­ցել եմ իմ տա­տի­կից։ Օրագ­րում, 1915 թվականին ապ­րի­լի 24-ին գրված առա­ջին էջի վե­րևի մեջ­տե­ղում հուշ կա, որ նրա կյան­քը խա­թար­վեց։ Նա այդ օրը ձեր­բա­կալ­ված այն քչե­րից մեկն էր, ով հե­տո ազատ­վեց։ Նա ստիպ­ված էր կի­րա­ռել իր բժշկա­կան մաս­նա­գի­տու­թյու­նը, որ­պես­զի ձեռք բե­րեր հա­գուստ, որ վե­րա­դառ­նար քա­ղա­քակր­թու­թյան, բայց նա վեր­ջի­վեր­ջո խե­լա­գար­վում է, ինչ­պես Կո­մի­տա­սը, տես­նե­լով իր շուր­ջը կա­տար­վող ջար­դը։ Իմ հայ­րը` Ռո­լանդ Թել­ֆե­յա­նը հի­շում է, թե ինչ­պես նա կորց­րեց իր բա­նա­կա­նու­թյու­նը։ Ես մի տուփ ու­նեմ իր որոշ գրքե­րից»։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Հաւաքեց Կարապետ Թէրզեան, «Պատ­մա­գիրք Ստա­նո­զի Հա­յոց», տպ. Տօնիկեան եւ Որդիք, Պէյրութ, 1969, 374 էջ։
  • Սիմոն Հովիւեան, «Ապ­րի­լե­ան Նա­հա­տակ­նե­րուն Շա­ւի­ղով, Մեծ Եղեռ­նի 60ամե­ա­կի Սե­մին», Պէյրութ, 1975, 349 էջ։
  • Հայ Եղեռնը, Բ տպագրութիւն, Պէյրութ, 1978, 171 էջ։
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Գ, Ե., 1990։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ստեփանյան Հ., Հայատառ թուրքերեն գրքերի և հայատառ թուրքերեն պարբերական մամուլի մատենագիտություն (1727-1968), Ստամբուլ, 2005։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թվականին ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։