Ավետիս Նագգաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ավետիս Նագգաշյան
Ծնվել է 1868
Ծննդավայր Այնթապ, Հալեպի նահանգ
Մահացել է 1943
Մահվան վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն հայ
Կրթություն Բեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտություն բժիշկ, գրող, թարգ­մա­նիչ, հրա­պա­րա­կա­խոս

Ավետիս Ս. Նազգաշյան (1868, Այնթապ, Հալեպի նահանգ - 1943, ԱՄՆ), հայ բժիշկ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1868 թվականին Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասատուր խալֆայի «դպրո­ցում»։ 1887(1888) թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1888-89 թվականներին սովորել է Այնթապի բժշկական վարժարանում, որը փակվելու պատճառով ուսումը կիսատ է թողել։

1889-90 թվականներին բժիշկ Ալթունյանի օգնական է աշխատել։ 1890-94 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել։ 1895 թվականին հայկական կոտորածների ժամանակ գտնվել է Մարաշում և, շահելով տեղի կառավարչի ու զինվորական հրամանատարության համակրանքը, նրանց աջակցությամբ արտասահման փախել։

1896 թվականին մեկնել է Փարիզ և 9 ամիս մնացել այնտեղ, այնուհետև անցել Լոնդոն, ապա՝ Բեռլին և այդ քաղաքների հիվանդանոցներում աշխատել։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Ադանա։ Ամռան ամիսներին մեծ հաջողությամբ աշխատել է Անատոլիայի տարբեր վայրերում։ Մի քանի տարի անց հաստատվել է Կ. Պոլսում։ Բացի բժշկական և հասարակական աշխատանքից, զբաղվել է նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Եղել է Կ. Պոլսի՝ հայատառ թուրքերենով հրատարակվող «Րահ­նիւ­մա» շաբաթաթերթի սիրված աշխատակիցներից մեկը, քանի որ ընթերցողները հաճույքով էին կարդում զավեշտներով համեմված նրա գրվածքները։ Երգիծական գրություններով թղթակցել է նաև Կ. Պոլսի «Աւե­տա­բեր» և այլ պարբերականների։ Դրանցից լավագույնները ամփոփվել են «Սե­յե­ա­հաթ խա­թը­րէ­լէ­րի» («Ճա­նա­պար­հոր­դա­կան հու­շեր») հայատառ թուրքերեն հատորում։

1913 թվականին՝ «Աւե­տա­բեր» թերթի խմբագրապետ պատվելի Գրիգորյանի ԱՄՆ կատարած ճամփորդության ժամանակ, փոխարինել է նրան։ Եղել է եռանդուն հանրային և ազգային գործիչ։ Կ. Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ։

1915 թվականի ապրիլի 11 (24) ին, ի թիվս Կ. Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականին ապրիլի 12 (24) ին Կ. Պոլսի բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Կ. Պոլիս։

1922 թվականին մեկնել է Եգիպտոս, բնակվել Ալեքսանդրիայում։ 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։

Հայկական և ամերիկյան մամուլում տպագրել է երգիծական գործեր։ Հայերեն գործերի մի մասը հրատարակել է «Զվարթ պատ­մու­թյուն­ներ» ժողովածուում։ Հետագայում հուշեր է գրել Չանղըրըի և Այաշի ողբերգությունների մասին։ Հավանաբար ծերունական տարիքում նրա մոտ հոգեկան խանգարում է առաջացել։ Մահացել է 1943 թվականին ԱՄՆ-ում (?)` 75 տա­րե­կա­նում[1]:

Դուստ­րը` Ֆիլիրա Նագգաշյանը, բնակվել է Ալեքսանդրիայում և իր մոտ պահել հոր օրագիրը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հենրի Վուդի «Լե­դի Իզա­բել» (Լէյտի Իզապէլ) վեպը անգլերենից թարգմանել է հայատառ թուրքերեն, Կ. Պոլիս, 1910 թվականին։
  • Սէյեահաթ խաթըրէլէրի (Ճանապարհորդական հուշեր), հայատառ թուրքերեն գիրք, Կ. Պոլիս, 1913 թվականին, 303 էջ։
  • Միգրոպավախութիւն, Վահան Ղազարեանի «Բժշկա­կան եւ առող­ջա­պա­հա­կան տա­րե­ցոյց» գրքում, Կ. Պօլիս, 1914։
  • Հենրի Վուդի «Լե­դի Իզա­բել» անգլերենից հայատառ թուրքերեն թարգմանած վեպ, Պէյրութ, 1938 թվականին։
  • Զուարթ պատմութիւններ, Հայերեն երգիծական գործերի ժողովածու։
  • Հայրենիք գտած մարդը (անգլ.), Կենսագրական վեպ, որ գրել է իր սիրած հեղինակ Մարկ Տվեյնի ոճով, Նյու Յորք, 1940։
  • Եղեռնի հետքերով, «Հայ մտա­ւո­րա­կան­նե­րու ձեր­բա­կա­լու­թիւ­նը եւ Այա­շի բան­տը», Պէյրութ, 1969։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
  • Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
  • Հաւաքեց Կարապետ Թէրզեան, «Պատ­մա­գիրք Ստա­նո­զի Հա­յոց», տպ. Տօնիկեան եւ Որդիք, Պէյրութ, 1969, 374 էջ։
  • Սիմոն Հովիւեան, «Ապ­րի­լե­ան Նա­հա­տակ­նե­րուն Շա­ւի­ղով, Մեծ Եղեռ­նի 60ամե­ա­կի Սե­մին», Պէյրութ, 1975, 349 էջ։
  • Հայ Եղեռնը, Բ տպագրութիւն, Պէյրութ, 1978, 171 էջ։
  • Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Գ, Ե., 1990։
  • Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
  • Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
  • Ստեփանյան Հ., Հայատառ թուրքերեն գրքերի և հայատառ թուրքերեն պարբերական մամուլի մատենագիտություն (1727-1968), Ստամբուլ, 2005։
  • Ավագեան Կարինէ, «Չան­ղը­րըի 1915 թվականին ապ­րի­լի 11, Յի­շա­տակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հան­դէս Ամ­սօ­րե­այ», 2008, հ. 1-12։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։
  • Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծո­ռան` Ռայ­մ ոնդ Թել­ֆեյա­նի հայտ­նած տե­ղե­կու­թյու­նը ազ­գագ­րա­գետ Վեր­ժի­նե Սվազ­լյա­նին և նրա դուստր, պատ­մա­բան Քնա­րիկ Ավա­գյա­նին։ «Իմ տա­տիկ Ֆի­լի­րա Նագ­գա­շյա­նը` պոլ­սե­ցի Ավե­տիս Նագ­գա­շյա­նի դուստ­րը, Ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ապ­րել է Ալեք­սանդ­րի­այ­ում։ Ավե­տիս Նագ­գա­շյա­նը եղել է օս­մա­նյան բա­նա­կի բժիշկ։ Սի­րել է գրել և գրել է բազ­մա­թիվ գրքեր թուրք-հայ­կա­կան թե­մա­նե­րով։ Եղել է Մարկ Տվե­նի երկր­պա­գուն։ Նա անգ­լե­րեն գրել է ինք­նա­կեն­սագ­րա­կան վեպ Տվե­նի ոճով. «Եր­կիր գտած մար­դը»: Նա Կ. Պոլ­սում ապ­րել է Կո­մի­տա­սի և Մոր­գեն­թա­ո­ւի հա­րև­ա­նու­թյամբ։ Նրանք սո­վո­րու­թյուն են ու­նե­ցել մի­ա­սին նար­դի խա­ղալ։ Մոր­գեն­թա­ուն իր օրագ­րում գրել է, թե ինչ­պես է 1915 թվականին ապ­րի­լի 24-ին Նագ­գա­շյա­նը ձեր­բա­կալ­վել, կո­ղոպտ­վել ու մեր­կաց­վել Թուր­քի­ա­յի մայ­րա­քա­ղաք Կ. Պոլ­սի կենտ­րո­նում։ Ես ու­նեմ նրա օրա­գի­րը, որ ստա­ցել եմ իմ տա­տի­կից։ Օրագ­րում, 1915 թվականին ապ­րի­լի 24-ին գրված առա­ջին էջի վե­րևի մեջ­տե­ղում հուշ կա, որ նրա կյան­քը խա­թար­վեց։ Նա այդ օրը ձեր­բա­կալ­ված այն քչե­րից մեկն էր, ով հե­տո ազատ­վեց։ Նա ստիպ­ված էր կի­րա­ռել իր բժշկա­կան մաս­նա­գի­տու­թյու­նը, որ­պես­զի ձեռք բե­րեր հա­գուստ, որ վե­րա­դառ­նար քա­ղա­քակր­թու­թյան, բայց նա վեր­ջի­վեր­ջո խե­լա­գար­վում է, ինչ­պես Կո­մի­տա­սը, տես­նե­լով իր շուր­ջը կա­տար­վող ջար­դը։ Իմ հայ­րը` Ռո­լանդ Թել­ֆե­յա­նը հի­շում է, թե ինչ­պես նա կորց­րեց իր բա­նա­կա­նու­թյու­նը։ Ես մի տուփ ու­նեմ իր որոշ գրքե­րից»:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։