Jump to content

Աշխարհիկ զրույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհիկ զրույց, խոսույթի ոչ պաշտոնական տեսակ, որը չի ներառում խոսակցության որևէ կիրառական թեմա կամ որևէ դեպք, որին պետք է անդրադարձ կատարվի[1]։ Ըստ էության այն քաղաքավարի և ստանդարտ բնույթի խոսակցություն է, որը ծավալվում է պակաս կարևոր, թեթև թեմաների շուրջ[2]։

Սայմն Գլյուկլիչ, 1885Զույգն աշխարհիկ զրույց վարելիս

Աշխարհիկ զրույցի ֆենոմենը սկզբնապես ուսումնասիրվել է 1923[3] թվականին Բրոնիսլավ Մալինովսկու կողմից իր «Իմաստի խնդիրը պարզ խոսքում»[4] էսսեում, ով այն նկարագրելու համար ստեղծեց «ֆատիկ հաղորդակցություն» տերմինը[5]։ Աշխարհիկ զրույց վարելու կարողությունը սոցիալական հմտություն է։

Չնայած նրան, որ աշխարհիկ զրույցը, թվում է թե չունի կոնկրետ նպատակային բնույթ՝ այն իրենից ներկայացնում է զրուցակիցներին կապող մի գործընթաց և միջանձնային հեռավորությունը կառավարելու ռազմավարություն[6]։ Այն ունի շատ գործառույթներ ընկերների, գործընկերների, նոր ծանոթների միջև հարաբերությունները հաստատելու մեջ։ Հատկապես նոր ծանոթությունների ժամանակ այն օգնում է ուսումնասիրել և հասկանալ մեկը մյուսի սոցիալական դիրքը[7]։

Աշխարհիկ զրույցը սերտորեն կապված են մարդկանց վրա դրական տպավորություն գործելու և լսողների կողմից հավանության արժանանալու անհրաժեշտության հետ։ Այն ճկուն ձևով ճանապարհ է հարթում սոցիալական փոխազդեցությունների համար, բայց ցանկալի գործառույթը հաճախ կախված է խոսակցության այն կետից, որտեղ տեղի է ունենում աշխարհիկ զրույցը[8]։

  1. Զրույցի մեկնարկ-երբ զրուցակիցները չեն ճանաչում իրար, սա թույլ է տալիս նրանց ցույց տալ, որ բարեկամական մտադրություններ ունեն և ցանկանում են ինչ-որ դրական փոխազդեցություն։ Գործնական հանդիպման ժամանակ այն մարդկանց հնարավորություն է տալիս հաստատել միմյանց հեղինակությունը և հասկանալ փորձի մակարդակը։ Եթե երկու խոսողների միջև արդեն կա որոշակի փոխհարաբերություն, աշխարհիկ զրույցը ծառայում է նրանց համար որպես կարճ ներածություն զրույցի ավելի ֆունկցիոնալ թեմաներից առաջ։ Այն թույլ է տալիս արտացոլել սեփական տրամադրությունը և զգալ դիմացինինը։
  2. Զրույցի ավարտ-զրույցի հանկարծակի ավարտը կարող է ստեղծել տպավորություն, որ մերժում եք դիմացինին։ Աշխարհիկ զրույցը կարող է օգտագործվել մեղմելու այդ մերժումը, վերահաստատելու զրուցակիցների միջև հարաբերությունները և թեթևացնելու բաժանումը։
  3. Խուսափել լռությունից-շատ մշակույթներում երկու մարդկանց միջև լռությունը սովորաբար համարվում է անհարմար և/կամ ոչ պատեհ։ Լարվածությունը կարող է թուլանալ՝ սկսելով ֆատիկ խոսակցություն, մինչև ավելի էական թեմա առաջանա։ Ընդհանրապես, մարդիկ երկարատև լռությունը համարում են անհարմար, իսկ երբեմն էլ՝ անտանելի։ Դա կարող է պայմանավորված լինել մարդու՝ որպես սոցիալական տեսակ էվոլյուցիոն պատմությամբ, ինչպես շատ այլ հաղորդասեր կենդանիների դեպքում, որ լռությունը պոտենցիալ վտանգի հաղորդակցական նշան է[9]։

Որոշ խոսակցություններում ընդհանրապես չկա կոնկրետ ֆունկցիոնալ կամ տեղեկատվական տարր, ինչպես աշխարհիկ զրույցի այս օրինակում, որտեղ երկու գործընկերներ հանդիպում են միջանցքում։

Ուիլիամ։ Բարի օր, Փո՛լ։
Փոլ։ Օ՜, ողջույն, Ուիլիամ։ Ինչպե՞ս ես։
Ուիլիամ։ Լավ, շնորհակալ եմ։ Քեզ լավ հանգստյան օրեր։
Փոլ։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։
Ուիլիամ։ Շատ լավ, ցտեսություն։

Այս օրինակում ֆատիկ խոսակցության սկզբնական և վերջնական տարրերը միաձուլվել են։ Կարճ զրույցի ողջ նպատակը լռության անհարմարությունից խուսափելն է։ Խոսույթի այս տեսակը հաճախ անվանում են շաղակրատանք։

Աշխարհիկ զրույցի անհրաժեշտությունը կախված է զրույցակիցների փոխհարաբերությունների բնույթից։ Նեղ անձնական հարաբերությունների մեջ գտնվող զույգերը կարող են ցույց տալ իրենց մտերմության մակարդակը՝ չօգտագործելով աշխարհիկ զրույցը։ Նրանք կարող են հանգիստ ընդունել լռությունն այնպիսի հանգամանքներում, որոնք անհարմար կլինեն երկու մարդկանց համար, ովքեր միայն ծանոթներ են[10]։

Աշխատավայրում աշխարհիկ զրույցը սովորաբար տեղի է ունենում նույն մակարդակի աշխատողների միջև, բայց այն կարող է օգտագործվել մենեջերների կողմից որպես աշխատանքային հարաբերություններ զարգացնելու միջոց իրենց զեկուցող անձնակազմի հետ։ Ղեկավարները, ովքեր խնդրում են իրենց աշխատակիցներին արտաժամյա աշխատել, կարող են փորձել մոտիվացնել նրանց՝ օգտագործելով աշխարհիկ զրույցը՝ ժամանակավորապես նվազեցնելու իրենց կարգավիճակի տարբերությունը[11]։

Աշխատավայրում կիրառական խոսակցության և աշխարհիկ զրույցի միջև հավասարակշռությունը կախված է համատեքստից և նաև երկու զրուցակիցների հարաբերական «ուժից»։ Սովորաբար խոսակցությունը սկսում է «ավելի ուժեղը», քանի որ նա կարող է ավարտել աշխարհիկ զրույցն ու «գործի անցնել»[12]։

Ընդհանուր առմամբ աշխարհիկ զրույցի թեմաներն ավելի քիչ կարևոր են, քան դրա սոցիալական գործառույթը[13]։ Սովորաբար ընտրված թեման կախված է երկու անձի միջև նախապես հաստատված ցանկացած հարաբերությունից և խոսակցության հանգամանքներից։ Երկու դեպքում էլ, նա, ով նախաձեռնում է աշխարհիկ զրույցը, հակված է ընտրել ենթադրաբար ընդհանրական մի թեմա, որպեսզի զրույցը չափազանց միակողմանի չլինի[12]։

Թեմաները կարելի է դասակարգել որպես ուղղակի կամ անուղղակի[14]։ Ուղղակի թեմաները ներառում են անձնական դիտարկումներ, ինչպիսիք են առողջությունը կամ արտաքին տեսքը։ Անուղղակի թեմաները կախված են իրավիճակային համատեքստից, ինչպես օրինակ՝ վերջին նորությունները կամ հաղորդակցական իրավիճակի պայմանները։ Որոշ թեմաներ շատ դեպքերում համարվում են «անվտանգ»[8], ինչպիսիք են եղանակը[15], սպորտը և հեռուստատեսությունը։ Խոսել եղանակի մասին, եթե այն չունի հետագա քննարկման պատճառ, կարող է խանգարել զրույցին[8]։

Սովորաբար խոսքի մեջ մանրամասների չափը թույլ չի տալիս անցնել միջանձնային տարածության սահմանները։ Երբ ծանոթ մեկը, ում լավ չեք ճանաչում, հարցնում է «Ինչպե՞ս ես», ամենայն հավանականությամբ, պատասխանելիս կընտրեք պարզ, ընդհանրացված տարբերակ, ինչպես՝ «Լավ եմ, շնորհակալություն»։ Այս պարագայում, սովորաբար տեղին չի լինի պատասխանել նշելով առողջական վիճակի մասին որևէ մանրամասներ[12]։ Դա անելու համար ենթադրվում է երկու մարդկանց միջև ծանոթության ավելի մեծ աստիճան, քան իրականում կա, այլապես կարող է ստեղծվել անհարմար իրավիճակ։

Խոսակցության ձևեր (օրինաչափություններ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլաուս Շնայդերը իրականացրել է աշխարհիկ զրույցի ուսումնասիրություն այն իրավիճակներում, որոնք ներառում են անծանոթների հետ պատահական հանդիպումներ[16]։ Նա ենթադրում է, որ նման խոսակցությունը բաղկացած է մի շարք բավականին կանխատեսելի մասերից կամ «քայլերից»։ Առաջին քայլը սովորաբար ձևակերպվում է այնպես, որ դիմացինի համար հեշտ լինի համաձայնել։ Դա կարող է լինել կա՛մ հարց, կա՛մ կարծիք՝ բանալի հարցով։ Օրինակ, որպես սկիզբ՝ «Հաճելի եղանակ է, այնպես չէ՞»: Սա համաձայնության հստակ հրավեր է։ Երկրորդ քայլը դիմացինի արձագանքն է։ Կիրառական խոսակցություններում, որոնք վերաբերում են որոշակի թեմային, ըստ Գրայսի սկզբունքի, պատասխանները չպետք է պարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան բացահայտորեն պահանջվել է[17]։ Շնայդերը պնդում է, որ աշխարհիկ զրույցի սկզբունքներից մեկը հակասում է Գրայսի առաջարկած քանակի սկզբունքին։ Նա ենթադրում է, որ աշխարհիկ զրույցի ժամանակ քաղաքավարությունը առավելագույնի է հասցվում ավելի բովանդակալից պատասխանով։ Եթե նախկինում բերված օրինակում «Հրաշալի եղանակ է, այնպես չէ՞» հարցին պատասխանենք պարզապես «Այո» (կամ նույնիսկ «Ոչ»), ապա դա ավելի քիչ քաղաքավարի կհնչի, քան եթե ասենք «Այո, տարվա այս եղանակի համար բավականին մեղմ է»։ Ըստ Շնայդերի հետագա քայլերը կարող են ներառել այնպիսի պատասխան, ինչպիսին է «Հասկանալի է», «Լավ է», կամ այսպես ասած «անտարբերությամբ», օրինակ՝ «Հմմ» կամ «Իրո՞ք»։

Սեռային տարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց միջև խոսքի ձևերը հակված են լինել ավելի համագործակցային, քան տղամարդկանց մոտ, և հակված են աջակցելու միմյանց ներգրավվածությանը զրույցի մեջ։ Աշխարհիկ զրույցի թեմաներն ավելի հավանական է, որ կներառեն հաճոյախոսություններ արտաքինի որոշ ասպեկտների վերաբերյալ։ Օրինակ՝ «Այդ զգեստը քեզ իսկապես սազում է»։ Ընկերուհիների միջև աշխարհիկ զրույցը կարող է նաև ենթադրել ավելի մեծ ինքնաբացահայտում։ Թեմաները կարող են ներառել իրենց կյանքի ավելի անձնական կողմերը, դժվարությունները և գաղտնիքները։ Այս ինքնաբացահայտումը և՛ ավելի սերտ հարաբերությունների առաջացման միջոց է, և՛ նաև այդ մտերմության ազդանշան[18]։

Ի հակադրություն, տղամարդկանց աշխարհիկ զրույցն ավելի մրցունակ բնույթի։ Այն կարող է լինել լեզվակռիվ, թաքուն վիրավորանք և նվաստացում[18]։ Սակայն դրանք ինչ-որ առումով և՛ առաջացնում, և՛ ազդարարում են համերաշխություն․ տղամարդիկ սրանով ցույց են տալիս, որ իրենց այնքան հարմար է միմյանց ընկերակցությամբ, որ կարող են այս ամենն ասել՝ առանց դրանք որպես վիրավորանք ընդունվելու։

Մշակութային տարբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհիկ զրույցը տարբերվում է երկրից երկիր և մարդկանց միջև։ Ասում են, որ հարավային եվրոպացիներն, օրինակ, օգտագործում են շատ բառեր շատ քիչ տեղեկատվություն փոխանցելու համար[15]։

Բացի այդ, աշխարհիկ զրույցի կանոններն ու թեմաները կարող են շատ տարբեր լինել մշակույթների միջև։ Եղանակը տարածված թեմա է այն շրջաններում, որտեղ կլիման մեծ տատանումներ ունի և կարող է անկանխատեսելի լինել։ Ընտանիքի վերաբերյալ հարցերը սովորական են որոշ ասիական և արաբական երկրներում։ Մշակույթներում կամ համատեքստերում, որոնք կարևորում են անձի կարգավիճակը, ինչպես օրինակ՝ Չինաստանը, Լատինական Ամերիկան և Ճապոնիան[19], նոր ծանոթների միջև աշխարհիկ զրույցը կարող է ներառել հարցեր, որոնք հնարավորություն են տալիս միմյանց սոցիալապես դասակարգել։

Տարբեր մշակութային խմբերի անդամների միջև վերաբերմունքի տարբերություններն աշխարհիկ զրույցի և դրա իրավիճակների նկատմամբ համարվում են նրանց՝ միջանձնային հարաբերությունների սոցիալ-մշակութային առումով քարացած ընկալման պատճառ[20][21][22][23]։ Եվրոպական մի շարք մշակույթներում սովորական է քննարկել եղանակը, քաղաքականությունը կամ տնտեսությունը, թեև որոշ երկրներում անձնական ֆինանսական հարցերը, ինչպիսիք են աշխատավարձը, համարվում են տաբու[24][25]։

Ֆինլանդիան և Շվեդիան դասվում են այն երկրների շարքում, որտեղ աշխարհիկ զրույցի մշակույթը քիչ է, և մարդկանց համար լռությունը սովորական է[26][27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «dummies - Learning Made Easy». www.dummies.com. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «small-talk noun - Definition, pictures, pronunciation and usage notes | Oxford Advanced Learner's Dictionary at OxfordLearnersDictionaries.com». www.oxfordlearnersdictionaries.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Nield, David (2016 թ․ հուլիսի 7). «Here's The Science Behind Why Small Talk Is So Awkward – And So Essential». ScienceAlert (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «The Problem of Meaning in Primitive Languages». The Problem of Meaning in Primitive Languages. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. Malinowski, B. (1923) "The problem of meaning in primitive languages", in: Ogden, C. & Richards, I., The Meaning of Meaning, Routledge, London
  6. Bickmore, T. (1999) A Computational Model of Small Talk, accessed online at media.mit.edu
  7. Laver, J. (1975), "Communicative Functions of Phatic Communion", in: Kendon, A. / Harris, R. / Key, M. (eds.), The Organisation of Behaviour in Face-to-Face Interaction, pp.215–238, The Hague: Mouton.
  8. 8,0 8,1 8,2 Holmes, J. (2000) "Doing collegiality and keeping control at work: small talk in government departments", in: J. Coupland, (ed.) Small Talk, Pearson, Harlow UK.
  9. Joseph Jordania. "Times to fight and times to relax: Singing and humming at the beginning of Human evolutionary history". Kadmos 1, 2009: 272–277
  10. Jaworski, A. (2000) "Silence and small talk", in: J. Coupland, Small Talk, Pearson, Harlow UK.
  11. Holmes, J. (1998) "Don't Under-Rate Small Talk", New Zealand Business, 12,9.
  12. 12,0 12,1 12,2 Holmes, J. & Fillary, R. (2000) "Handling Small Talk at Work: challenges for workers with intellectual disabilities", International Journal of Disability 47,3.
  13. Tracy, K. & Naughton, J. M. (2000) "Institutional identity-work: a better lens", in: J. Coupland, Small Talk, Pearson, Harlow UK.
  14. Ventola, E. (1979) "The Structure of Casual Conversation in English", Journal of Pragmatics 3: pp.267–298.
  15. 15,0 15,1 George (2020 թ․ նոյեմբերի 23). «Spanish Small Talk - London Translate English-Spanish Translation - Blog». London Translate (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  16. Schneider, K. (1988) Small Talk: Analysing Phatic Discourse, PhD thesis, Philipps-Universität, Marburg, W. Germany.
  17. Grice, H. P. (1975) "Logic and Conversation", in: P. Cole & J. Morgan (eds.) Syntax and Semantics : Speech Acts, Vol.3, Academic, NY.
  18. 18,0 18,1 Tannen, D. (1992) "How men and women use language differently in their lives and in the classroom", The Education Digest 57,6.
  19. Hofstede, G. (2000) Culture's Consequences, revised edition, Beverly Hills, CA: Sage.
  20. Cui, X. (2012, October 30). Communicating with Chinese colleagues, not just small talk. The Age.
  21. Cui, X. (2013, July 30). Tongue-tied. South China Morning Post, pp. A11
  22. Cui, X. (2012). ‘How are you? – Fine, thanks. How about you?’: A case of problematic social interaction at work between Chinese and Australians. In C. Gitsaki & R. B. Baldauf (Eds.), Future directions in applied linguistics: Local and global perspectives (pp. 373–389). Cambridge Scholars Publishing.
  23. Cui, X. (2014). Getting to the Source: An Instrument for Examining the Dynamics of Problematic Interactions. RELC Journal: A Journal of Language Teaching and Research, 45(2), 197–210.
  24. Grzega, J. (2006) EuroLinguistischer Parcours: Kernwissen europäischer Sprachkultur, Frankfurt (Main): IKO.
  25. Grzega, J. (2008) "Elements of Basic European Language Guide", Journal for EuroLinguistics 5: pp.118–133.
  26. Studarus, Laura (2018 թ․ հոկտեմբերի 17). «How the Finnish survive without small talk». Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  27. Nilsson, Björn (2020 թ․ հոկտեմբերի 13). «How the Swedes survive without small talk». Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]