1937 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1939-1940 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ Լեհաստանի վրա լայնամասշտաբ հարձակմանը, խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ») գործողություններին։ Խորհրդա-գերմանական ռազմաճակատի գործողությունների («Հայրենական մեծ պատերազմ») ժամանակ, որպես սակրային ջոկի հրամանատար, 1942 թվականից մարտնչել է Կովկասի, Ստալինգրադի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման համար։ Հերոսի կոչման արժանացել է 1944 թվականի ապրիլին՝ Դնեստրի գետանցման ժամանակ ցուցաբերած արիության համար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվականի սեպտեմբեր 13-ի հրամանագրով (Խորհրդային Միության հերոսի Ոսկե աստղ մեդալ № 4632)[2]։ Այդ գործողության ընթացքում նավակով 144 անգամ գետի մի ափից մյուսն անցնելով՝ տեղափոխել է 1000-ից ավելի մարտիկների, 1500 արկղ զինամթերք, տարհանել 100-ից ավելի վիրավորների[3]։
Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովսկի ավանում, որտեղ պատերազմից հետո ապրել, արարել, վախճանվել ու թաղվել է Անդրեյ Մելքոնյանը, կանգնեցված է հերոսի կիսանդրին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 395)։