Jump to content

Ալիկ Սարգսյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիկ Սարգսյան (այլ կիրառումներ)
Ալիկ Սարգսյան
հունվարի 22, 1938(1938-01-22) (86 տարեկան) -
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Ալիկ Գեղամի Սարգսյան (հունվարի 22, 1938(1938-01-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, գեներալ-մայոր[1]։ ՀՀ ՀՕՊ զորքերի առաջին պետ, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայակազմի անդամ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիկ Սարգսյանը ծնվել է 1938 թվականի հունվարի 22-ին, Երևանում։ Հայրը՝ Գեղամ Սարգսյանը, վերապրելով Վանի ջարդերը, հայտնվել է Երևանի որբանոցում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, պարգևատրվել երկու «Կարմիր աստղ» շքանշանով։ Մայրը՝ Զինաիդան, ուկրաինուհի է, որի ընտանիքը 1934 թվականի սովի տարիներին, Ուկրաինայից Հայաստան է ներգաղթել[2]։

Ալիկ Սարգսյանը 1956 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, ընդունվել՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ, սակայն ուսումը շարունակել է Լատվիայի ռազմատեխնիկական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում[2]։

1965-1967 թվականներին Կուբայում ծառայել է որպես հ-75 դիվիզիոնի մարտկոցի մասնագետ, մեծ ներդրում է ունեցել մասնագետների պատրաստման գործում։ Սովորել է իսպաներեն։ Ծառայության մեկ տարվա փոխարեն Ռաուլ Կաստրոյի առաջարկով երկու տարի ծառայել է Կուբայում։

1972-1976 թվականներին սովորել է Տվերի Ժուկովի անվան հակաօդային պաշտպանության հրամանատարական ակադեմիայում[Նշում 1]։

Ծառայել է Բելոռուսիայում, Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Թուրքմենիստանում։

1976-1983 թվականներին խորհրդային բանակում զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, եղել է ՀՕՊ 14-րդ կորպուսի զենիթահրթիռային բրիգադի շտաբի պետ, ՀՕՊ 12-րդ կորպուսի զենիթահրթիռային գնդի հրամանատար, ՀՕՊ 14-րդ կորպուսի շտաբի պետի տեղակալ։ 1976 թվականին, որպես զենիթահրթիռային բրիգադի շտաբի պետ, ղեկավարել է հ-75 զենիթահրթիռային դիվիզիոնը, որը ոչնչացրել է Խորհրդային Հայաստանի սահման ներխուժած թուրքական 2 «F-5» կործանիչները[Նշում 2]։

1983 թվականին որպես խորհրդային մասնագետների ավագ և կորպուսի հրամանատար, գնդապետ Սալեմ Շերիֆի օգնական, ուղարկվել է Լիբիա։ Նրա ենթակայությամբ եղել է 132 մասնագետ[2][3]։

Սումգայիթյան ջարդերից առաջ Ալիկ Սարգսյանը եղել է Բաքվի միակ հայ բարձրաստիճան սպան՝ Լենքորանից մինչև Սոչի, կորպուսի շտաբի պետի տեղակալ։ Ջարդերը սկսվելուն պես ավտոբուսներով հայերին տեղափոխել է և կազմակերպել նրանց դուրսբերումը երկրից[2]։

Հայաստան վերադառնալով աշխատանքի է անցել «Էրեբունի» միավորումում, որտեղի աշխատակիցներից կազմավորել է 23 հոգանոց ջոկատ և մեկնել պաշտպանելու Սևանի ավազանի հյուսիսային սահմանները[2][4]։

Վազգեն Մանուկյանի կաբինետում եղել է նրա խորհրդականը։ 1992 թվականին ՀՀ բանակում հիմնվել է ՀՕՊ վարչությունը։ Սարգսյանը մեկնել է Մինսկի ռազմական ակադեմիա և պայմանավորվածություն ձեռք բերել, որ Հայաստանից 30 սպա որպես ՀՕՊ մասնագետներ վերապատրաստվեն այնտեղ։ Արցախյան պատերազմի և հաջորդող տարիներին նաև Ռուսաստանից է ՀՕՊ մասնագետներ հրավիրել, որոնք տեղում դասընթացներ են կազմակերպել։ Սարգսյանը հաջողությամբ իրականացրել է ՀՕՊ օբյեկտային ու զորային միջոցների ռադիոտեղորոշիչ կայանների համատեղումը և միացումը ռադիոտեղորոշիչ միասնական համակարգին[2]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • C-75, C-125, Խձը, ԿհԸ դիվիզիոնների և հաշվարկների ուսումնական հրթիռների արձակման գործողությունների համար զորատեսակում առաջին տեղը գրավելու համար պատվոգիր
  • Քադաֆիի անվանական ժամացույց
  • ՀՕՊ զորքերի մեդալ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2013[5]
  1. Տվերի Ժուկովի անվան ՀՕՊ հրամանատարական ակադեմիայի գերազանցիկների պատվո թանգարանում փակցված է Ալիկ Գեղամի Սարգսյանի լուսանկարը
  2. «Օգոստոսի 24-ին, ժ. 10:00-ին Իգդիրի կողմից՝ Հոկտեմբերյանի մոտակայքից, Հայաստանի տարածք ներխուժեցին 2 կործանիչներ,- պատմում է գեներալը:- Մինչև դիվիզիոնները կմիանային, «F-5»-երն արդեն Էջմիածնի վրա էին։ 7 կմ «C-75»-ի տարածքն էր։ 10 կմ հեռավորության վրա 1-ին դիվիզիոնը (հրամանատար՝ Յու. Իվաշկին) մեկ հրթիռ բաց թողեց, սակայն պետք էր միանգամից երեքն արձակել։ Վայրկյաններ անց ևս երկուսը բաց թողեց։ Մինչև սահման 11 կմ էր, իսկ հրթիռի ու ինքնաթիռի հանդիպումը տեղի ունեցավ 15 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում։ Հաջորդ օրը պարգևատրվեցին աչքի ընկածները, որոնց անունները ես էի ներկայացրել, իսկ ես նկատողություն ստացա, որ հրթիռներն ընկել էին Թուրքիայի տարածքում…»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ա. Գ. Սարգսյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հրամանատարի հաջողության բանաձևը
  3. Թե ինչպես Կարեն Դեմիրճյանը Խորհրդային ՊԱԿ-ի ձեռքից փրկեց Կաստրոյի և Քադաֆիի ընկերոջը
  4. Հայոց բանակի ստեղծումն ու պատմությունը
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.